Առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցների առումով Հայաստանը զիջում է հարեւան երկրներին եւ տարածաշրջանի երկրներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում առողջապահական համակարգի զարգացման առումով տարեցտարի գրանցվում է բարելավում եւ առաջընթաց. մայրական եւ մանկական մահացության, ինչպես նաեւ կյանքի միջին տեւողության ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում բավական լավ դիրքեր է զբաղեցնում:
Սակայն ինչ վերաբերվում է առողջապահության համակարգին ուղղվող պետական ֆինանսավորումից, այս առումով Հայաստանը զիջում է հարեւաններին եւ տարածաշրջանի երկրներին. առողջապահության բյուջեն Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 1.4-1.5 տոկոսը, որը բավական ցածր ցուցանիշ է համարվում:
Նախարարի խոսքով, այս ցուցանիշը տարեցտարի եւս աճում է: 4 տարիների ընթացքում առողջապահության համակարգի ֆինանսավորումը 81 մլրդ դրամից հասել է 114 մլրդ-ի: Իսկ համապարփակ ապահովագրության ներդրումը, նախարարի կարծիքով, էլ ավելի կնպաստի առողջապահության համակարգի զարգացմանը: