f

Անկախ

«Երեք պաշտամունք ուներ՝ hայ ազգը, հայոց լեզուն և Արամ Մանուկյանը»․ Մովսես Հերկելյանի բացառիկ հուշերը մեծ լեզվաբանի մասին


Անվանի հայագետ, լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Անկախ-ին իր հիշողություններն է փոխանցել լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանը։ Նա եղել է Իշխանյանի ուսանողը, սակայն կարճ ժամանակ անց նրանց հարաբերությունները վերաճել են գաղափարական ամուր ընկերության։

Հերկելյանը հիշում է իրենց առաջին հանդիպումը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մեծ լսարանում, որը հենց առաջին րոպեներից մեծ տպավորություն թողեց իր վրա։

«1972 թվականն էր։ Իշխանյանն առաջին անգամ մտավ լսարան, բարձրացավ ամբիոն, մի զննող հայացք նետեց և ասաց՝ դուք շուրջ 100 հոգի եք, ձեզանից կեսը ծանոթով է ընդունվել, կեսի կեսը՝ փողով, մնում է 25 տոկոսը, որից 8-ը արտասահմանից եկածներն են։ Ես դասախոսելու եմ այդ 25 հոգու համար։ Մնացածի մեջ, եթե կան իրապես հետաքրքրվածներ, դա էլ օգուտ է»։

Նման համարձակ խոսքը, այն էլ խորհրդային տարիներին, շատ զարմանալի էր։ Հերկելյանը շատ է տպավորվում ու հարգանքով լցվում դասախոսի նկատմամբ։ Բայց կար մի հանգամանք ևս, որն Իշխանյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք էր առաջացնում։  «Ես այն ժամանակ դաշնակցական կուսակցությունից էի։ Երբ Լիբանանից գալիս էի Հայաստան սովորելու, ՀՅԴ Բյուրոյի ղեկավարներից Սարգիս Զեթլյանն ինձ հանձնարարեց իր անունից բարևներ փոխանցել համալսարանի երկու դասախոսի և նրանց արձագանքը փոխանցել իրեն»։

Այդ դասախոսներից մեկը Սիմոն Վրացյանի եղբորորդին էր, մյուսը՝ Ռաֆայել Իշխանյանը։ Վերջինիս մասին նաև ասել էր, որ շատ հայրենասեր ու ազնիվ մարդ է, կարելի է նրան վստահել։

«Մի օր միջացքում Վրացյանին տեսա, ասացի՝ Ձեզ բարևներ են ուղարկել։ Երբ իմացավ, որ բարևողը ՀՅԴ-ից Սարգիս Զեթլյանն է, մռայլվեց ու ասաց «Լսի՛ր, տղա, ես այդ մարդուն չեմ ճանաչում ու այլևս ինձ նման բարևներ չբերես»։ Ես ուղղակի հիասթափվեցի, որ լինելով Վրացյանի ազգականը, փաստորեն, նա վախենում էր Խորհրդային Հայաստանում դաշնակցականների հետ կապերից»։

Քանի որ Վրացյանի արձագանքն այդպիսին էր, Մովսեսն արդեն զգուշանում էր մոտենալ Իշխանյանին, մտածում էր՝ գուցե նրանից էլ նույն պատասխանը ստանա։ Մի օր էլ միջանցքում առանձին հանդիպում է Իշխանյանին, համարձակություն հավաքում ու մոտենում։ «Ասացի՝ Ձեզ Լիբանանից բարևներ եմ բերել։ Երբ Իշխանյանն իմացավ, որ բարևողը Սարգիս Զեթլյանն է, աչքերը միանգամից փայլեցին։ Ասաց՝ մի րոպե, դու Բեյրութի՞ց ես, ասացի՝ ոչ, Այնճարից, ասաց՝ ավելի լավ, ուրեմն դու մերոնքական ես։ Ասաց՝ լսի՛ր, ես քեզ պետք է ծանոթացնեմ իմ փեսայի՝ Վազգեն Մանուկյանի հետ»։

Հաջորդ շաբաթ Իշխանյանը ծանոթացնում է Մովսեսին ու Վազգենին։  Հանդիպումը Իշխանյանենց տանն էր, ջերմ ու հիշարժան մի օր, որից նույնիսկ լուսանկար է մնացել՝ որպես հուշ։ Այդ օրվանից հիմք է դրվում նաև Մովսես Հերկելյանի ու Վազգեն Մանուկյանի գաղափարական գործընկերությանն ու ընկերությանը, որը շարունակվում է մինչ օրս՝ արդեն 50 տարի։

Մովսես Հերկելյանի խոսքով՝  Ռաֆայել Իշխանյանը 3 պաշտամունք ուներ՝ ազգը, հայոց լեզուն և Արամ Մանուկյանը։ Ասում է՝ Խորհրդային Հայաստանում Իշխանյանն առաջինն էր, գուցե միակը, որն Արամ Մանուկյանի մասին հոդված գրեց և լուսաբանեց նրա կերպարը, նրա գործի կարևորությունն ու հանեց նրա անունը մոռացությունից։

Պատմում է, թե ինչպես մի օր «Թոխմախի» գերեզմանատանը ինքն ու Իշխանյանը գտան Արամ Մանուկյանի գերեզմանը։

«Եթե չեմ սխալվում, 1979 թվականն էր, հունվար ամիսը։ Իշխանյանն ինձ ասաց՝ կուզե՞ս գնանք Արամ Մանուկյանի շիրիմին։ Ասացի՝ այո, բայց որտե՞ղ է, ասաց, որ նրա աղջկանից՝ Սեդայից, իմացել էր, թե մոտավորապես որտեղ է գտնվում հոր շիրիմը, և պետք է գնայինք գտնելու։ Հունվարի 29-ին՝ Արամ Մանուկյանի մահվան օրը, գնացինք։ Առանց մեծ դժվարությամբ գտանք տեղը,  բայց տեղանքն ամբողջությամբ ձյունով էր ծածկված։ Եվ այդ ժամանակ ես ինձ թույլ տվեցի մի մեծ սխալ․ ոտքով սկսեցի ձյունը մաքրել, որ ստուգեմ՝ ճի՞շտ տեղում ենք, թե ոչ։ Իշխանյանն ինձ այնպես հանդիմանեց, որ հասկացա՝ մեծ սրբապղծություն եմ կատարել։ Փոխարենը ինքը հագավ ձեռնոցները, ծնկի իջավ ու սկսեց զգուշությամբ ձեռքով մաքրել շիրմաքարը։ Պարզվեց՝ անգամ տապանաքար չկա, բետոն էր ու անխնամ, ճաքճքած վիճակ, բայց չորացած ծաղիկներ կային։ Մենք լռեցինք, և ես առաջին անգամ Իշխանյանի աչքերում արցունքներ տեսա»,-պատմում է Հերկելյանն ու չի կարողանում զսպել հուզմունքը:

Վերադառնալիս Իշխանյանն ասում է․ «Տե՛ս, այս շքեղ գերեզմանների տակ պառկածները բոլորը Մանուկյանին են պարտական, բայց ինքը պառկած է անխնամ, փշերով պատված բետոնի տակ։ Ոչինչ, մենք կարգի կբերենք նրա գերեզմանը»։

Այդ տարիներին Վազգեն Մանուկյանն ընկերների հետ ստեղծել էր Հայ մշակույթի ակումբ, որը մշակութային գործունեության  անվան տակ նաև ազգային հարցեր էր բարձրացնում՝ համախմելով հայ մտավորականությանը ազգային խնդիրների ու երազանքների շուրջ։ Իշխանյանը դիմում է Վազգեն Մանուկյանին, որ ակումբը զբաղվի Արամ Մանուկյանի գերեզմանը կարգի բերելու հարցով։ Կազմակերպվում է դրամահավաք, գերեզմանը նորոգվում է, և մի գեղեցիկ խաչքար է տեղադրվում։  Բայց ամենակարևորն այն էր, Արամ Մանուկյանի գերեզմանը դառնում է ուխտատեղիի։

«Իշխանյանի և Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ամեն տարի մայիսի 28-ին մտավորականությունն այցելում էր Արամ Մանուկյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցում։ Այդպես Արամ Մանուկյանը դուրս եկավ մոռացության թմբիրից, և նրա գործն արժևորվեց Ռաֆայել Իշխանյանի շնորհիվ»,-ասում է Հերկելյանը։

Նաև հիշում է, որ երբ 1989 թվականին Իշխանյանի որդուն՝ Ավետիքին, ձերբակալել էին որպես «Ղարաբաղ կոմիտեի» գաղտի անդամ և հունվարի 28-ին ազատ արձակել, հաջորդ օրը հետաքրքիր զուգադիպությամբ Արամ Մանուկյանի մահվան օրն էր, և Իշխանյանը որդուն տանում է նրա շիրիմին, որ մի կողմից երախտապարտ լինեն նրան հայրենիքը փրկած լինելու համար, մյուս կողմից  նրա օրհնությունը ստանան Հայաստանի անկախության կերտան պայքարի ճանապարհին։

«Ռաֆայել Իշխանյանը շատ էր ուզում, որ Արամ Մանուկյանի աճյունը տեղափոխվի Սարդարապատ։ Գտնում էր, որ նրա վերջին արժանի հանգրվանը Սարդարապատն է, որի հուշարձանը նույնպես պետք է կրի Արամ Մանուկյանի անունը։ Եվ Իշխանյանի ցանկությունն ինչ-որ չափով իրականացավ։ Մի քանի տարի առաջ Սարդարապատում բացվեց Արամ Մանուկյանի հուշակոթողը, որտեղ նրա գերեզմանից մասունք բերվեց, Վանից՝ հող, որոնք զետեղվեցին հուշարձանի մեջ»։

Ռաֆայել Իշխանյանը Մովսես Հերկելյանի համար պարզապես մտերիմ մարդ չէր, այլ գաղափարակից ու ինչպես ինքն է ասում՝ հոգևոր հայր։ Լիբանանից Հայաստան եկած դաշնակցական ուսանողի համար շատ խնդիրներ կարող էին առաջանալ, եթե չլինեին Իշխանյանի ճիշտ խորհուրդները, որ նրան հաճախ էին փրկում մեծ ու փոքր խնդիրներից։

«Նա ինձ սովորեցնում էր, թե ինչպես պետք է ապրեմ Խորհրդային Հայաստանում, խուսափեմ զրպարտություններից, պաշտպանեմ ինքս ինձ։  Եվ ինքն էլ շատ հարցերում դառնում էր իմ պաշտպանը»։

Հերկելյանը երբեք չի մոռանա, թե ինչպես մի անգամ Իշխանյանն իրեն փրկեց համալսարանից հեռացվելուց և գուցե բանտ նստելուց։

«Քննության ժամանակ դասախոսներից մեկն ինձ անարդարացիորեն երեք գնահատեց, թեև ես շատ լավ էի պատասխանում։ Դա այն դեպքում, երբ ինձանից առաջ երկու հոգու, որոնցից մեկը դասախոսի տղա էր, 5 նշանակեց, որին արժանի չէին։ Այնքան ակնհայտ էր  անարդարությունը, որ ես չդիմացա և քննասեղանը ձեռքով հրեցի այդ դասախոսի վրա, հայհոյեցի ու հարվածեցի նրան (նկատի առեք, որ այն ժամանակ ես կարատե էի պարապել Այնճարում)։ Դասախոսի դեմքն ու ճակատը  վնասվեց։ Մեծ աղմուկ բարձրացավ, ուսանողներն ու դասախոսները հավաքվեցին, բայց չէին կարողանում ինձ հանգստացնել։ Ինչևէ, միջադեպը ոչ միայն տհաճ էր, այլև  լուրջ խնդիր կարող էր ինձ համար դառնալ, լավագույն դեպքում՝ համալսարանից հեռացում, վատագույն դեպքում՝ բանտ»։

Հարցը հասնում է համալսարանի «կագեբե», այնուհետև քննարկաման է դրվում ամբիոնում։

«Այդ օրերին ես խուսափւմ էի Իշխանյանից, քանի որ ամեն դեպքում ինձ խուլիգանի պես էի պահել, մտածում էի չերևամ աչքին։ Բայց մի օր միջանցքում ինձ բռնեց, ձեռքիցս քաշեց մի կողմ, ասաց՝ ապրե՛ս, հրաշալի գործ ես արել, բրավո՛,-ծիծաղելով հիշում է Հերկելյանը,-Իշխանյանը ոչ միայն արդարության կողմն էր, այլև պարզվեց՝ այդ դասախոսին էլ չէր սիրում, նրանք նաև գիտական առումով էին հակառակորդներ, Իշխանյանը 5 հոլովական էր, նա՝ 7։ Հետո ինձ ասաց, որ հարցը քննարկվել է ամբիոնում, և ուզում են ինձ պատժել։ Ասաց, որ մյուս երկու կուրսընկերները վկայել են, որ իսկապես դասախոսն իմ նկատմամբ անարդար է գտնվել։ Իշխանյանն էլ ամբիոնում պայման է դրել, որ եթե ինձ պատժեն, ապա նույն տրամաբանությամբ պետք է պատժեն նաև անարդար դասախոսին»։

Հետո սկսում է Մովսեսին խորհուրդներ տալ, թե ինչ ասի ու ինչպես իրեն պահի, երբ կանչեն ամբիոն հարցաքննելու։

«Ասաց՝ հիշիր, ինչքան այս խնդիրը մեծացնես, այնքան քո օգտին է։ Երկրորդ՝ ասաց, ինչքան  հնարավոր է, սոցիալիզմի տեսանկյունից խոսիր։ Երրորդ՝ ամենակարևոր խորհուրդը, ասաց՝ այս երկրում ամեն մարդ իրարից վախենում է, և եթե խոսես համարձակ ու ինքնավստահ, ապա կզգուշանան՝ մտածելով, որ վերևներում կապեր ունես։ Նաև ասաց, որ պայման դնեմ՝ նորից եմ հանձնելու քննությունը մյուս երկու ուսանողների հետ միասին՝ հատուկ հանձնաժողովի մասնակցությամբ և «կագեբեի» ներկայացուցչի ներկայությամբ»։

Մովսեսն անում է այնպես, ինչպես խորհուրդ էր տվել Իշխանյանը։ Եվ իսկապես միջադեպը մոռացության է տրվում՝ առանց լուրջ հետևանքների։

«Իշխանյանը ոչ միայն հրաշալի լեզվաբան էր, այլև պատմաբան, հայագետ ու հայ։ Նա պայքարում էր, որ Հայաստանը լինի անկախ, պայքարում էր հայոց լեզվի պահպանման համար։ Իր մասին մի թյուր կարծիք կա, թե իբր ռուսատյաց էր։ Ո՛չ, նա ռուսատյաց չէր, նա հարգում էր ռուս ժողովրդին և մեծ հարգանք ուներ նաև ռուսական մշակույթի, գրականության հանդեպ։ Պարզապես չէր ընդունում սովետն ու համայնավարությունը։ Նա միշտ ասում էր, որ ռուսների հետ պետք  է լավ հարաբերություններ ունենալ, բայց չլինել նրանց ստրուկը։ Նա երազում էր Հայաստանը տեսնել ուժեղ ու անկախ»,-ասում է Մովսես Հերկելյանը, որն իր սիրելի դասախոսի և հոգևոր հոր մասին հիշողությունները վերապրելիս հուզվում է, երբեմն ընդհատում խոսքն ու սրբում թաց աչքերը։

 

Ռաֆայել Իշխանյան Մովսես Հերկելյան հուշեր խմբագրի ընտրանի

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին