f

Անկախ

Ի սեր աստծո, վերցրեք ձեր ֆեմինիզմը և գնացեք ձեր Արևմուտքը, հանգիստ թողեք մեզ մեր ազգայնականության հետ


Թշնամու Արցախ ներխուժման և ռուս-ուկրաինական պատերազմի այս լարված, ծայրահեղ նյարդային, տագնապալի իրավիճակում օրվա լուրերը նայելիս մեկ էլ հանկարծ դեմ ես առնում ահա այսպիսի ապշեցուցիչ հայտարարության.

«Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ ֆեմինիստական և գենդերային ուսումնասիրություններով հետաքրքրվող ուսանողների համար: Դրամաշնորհի նպատակն է խթանել հատկապես այն ծրագրերը, որոնք ուղղված են հակագենդերային, հակաֆեմինիստական, ծայրահեղ աջական, ազգայնական և հակաժողովրդավարական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ ուղղված միտումների և շարժումների ուսումնասիրությանը և նոր դրսևորումների ու դրանց ազդեցությունների բացահայտմանը Հայաստանում»:

Նույնիսկ այս ծանր հոգեվիճակում, երբ կասկածի տակ է դրվել մեր ազգի ու պետության հետագա գոյության խնդիրը, հնարավոր չէր սա անուշադրության մատնել, քանի որ այս մի քանի տողը տասնյակ հարցեր է առաջացնում:

Դրամաշնորհ ֆեմինիստական ուսումնասիրություններով հետաքրքրվող ուսանողների համա՞ր: Ինչո՞ւ պիտի մեր ուսանողները, այն էլ XXI դարի առաջին քառորդին, երբ Հայաստանում երբեք ֆեմինիստական շարժում չի եղել, ո՛չ XIX, ո՛չ XX դարում և հիմա էլ չկա, պիտի հանկարծ հետաքրքրվեն դրանով: Դա՞ է, որ պիտի հուզի այսօր հայ երիտասարդությանը, որի արական կեսի մի մեծ հատվածը, մեկուկես տարի առաջ, դեռ կյանք չտեսած, նահատակվեց մարտի դաշտում: Եվ սա դեռ չի ավարտվել, հարձակումները շարունակվում են, էլի ամեն օր կորուստներ ենք ունենում:

Լավ, բազմակարծության դար է իբր, ընդունենք, մարդիկ ֆեմինի՞զմ են բերել Հայաստան, ուրեմն տեսնենք՝ այդ ֆեմինիզմով ինչ են ուզում և ինչու են ուզում: Չէ՞ որ յուրաքանչյուր -իզմ և -իստ գաղափարախոսություն է ենթադրում: Չէ՞ որ «առաջադեմ Արևմուտքում» էլ միանշանակ վերաբերմունք այս շարժման նկատմամբ չկա, դրա նպատակների ու մեթոդների հստակ ըմբռնում չկա, շատերն արդարև համարում են, որ ֆեմինիզմը սպառել է իրեն, այլևս ժամանակավրեպ է, քանի որ կանանց իրավունքներն արդեն տարբեր կոնվենցիաներով ու երկրների օրենքներով պաշտպանված են, և աշխարհը շարժվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորումների դեմ պայքարելու ուղղությամբ: Հիմա սրանք ֆեմինիզմի ո՞ր ալիքին են հարում, չորրո՞րդ, կամ ո՞ր ուղղությանը, արմատակա՞ն, լիբերա՞լ, մշակութայի՞ն, նեոֆեմինիզմի՞, թե՞ ասենք՝ սևամորթների ու ԼԳՊՏ-ների պաշտպանության, թե՞ այն ցինիկ խմբերի, որոնք հպարտորեն սեփական մերկ մարմինն են ցուցադրում աշխարհին որպես ինքնահաստատման ու ինքնաիրացման նվաճում:

Կանանց իրավունքներ և հնարավորություննե՞ր, կանանց ներկայացվածություն պետության որոշումների ընդունման մակարդակո՞ւմ, կանանց ներուժի իրացո՞ւմ, կանանց նկատմամբ խտրականության վերացո՞ւմ: Ավելի քան 25 տարի այս ամենն ասում ու դրա համար պայքարում էին տասնյակ կանանց հասարակական կազմակերպություններ, Հայաստանը վավերացրեց  դրա համար բոլոր կարևոր կոնվենցիաները, օրենքներ ընդունեց, ընտություններում 30 տոկոսի քվոտա մտցվեց կուսակցությունների համամասնական ցուցակներում, անգամ գենդերային քաղաքականության պետական հայեցակարգ ընդունվեց, այն դեպքում, երբ մինչև հիմա նույնիսկ մշակութային քաղաքականության հայեցակարգ չունենք:  Ուրեմն ո՞րն է սրանց և ֆեմինիստների տարբերությունը:

Անպտուղ էին մեր որոնումները «Հայաստանում կանանց հիմնադրամի» կայքում: Չկա գաղափարախոսություն, ուղղակի ֆեմինիզմ և վերջ, ֆեմինիզմի շարժում պետք է լինի, և վերջ, և այդ շարժումը պետք է անպայման զարգանա ու հզորանա: Տպավորություն է ստեղծվում, որ ըստ սրանց՝ կանանց ակտիվության կամ նախաձեռնության յուրաքանչյուր երևույթ արդեն ֆեմինիզմ է, թեկուզ եթե այդ ակտիվիստները դա չեն էլ գիտակցում: Մկնիկը խփում ես «Մեր սկզբունքները և քաղաքականությունը» խորագրի վրա, բացում է անգլերեն իրենց ծրագրերի թվարկումը (և առհասարակ կայքի բովանդակության լեզուն խառն է, կեսը հայերեն, կեսը, չգիտես ինչու, անգլերեն): Այսուհանդերձ, հուրախություն Լեզվի կոմիտեի, հայերենում նոր բառամթերք են շրջանառության մեջ դնում. «ֆեմինիստական ֆիլանթրոպիա»,   «ֆեմինիստական դիսկուրս», «ֆեմախոսություն», «քվիր կանայք» և այլն:

Եվս երկու նկատառում: Մի ժամանակ Հայաստանում գործում էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն ընդգծված ֆեմինիստական «հանդերձանքով» չէր ներկայանում: Սակայն ղեկավարները սույն հիմնադրամի հիմնադիրներն էին, մասնավորապես՝ Լարա Ահարոնյանը: Հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականի օգոստոսին (nota bene, ընդ որում՝ հետխորհրդային տարածքում համանման հիմնադրամներ են ստեղծված միայն Ուկրաինայում և Վրաստանում): Փաստորեն ռեսուրսային կենտրոնը որոշել է վերանվանվել և իշխանափոխությունից հետո ներկայանալ նոր «ապրանքանիշով»: Ամենայն հավանականությամբ ֆեմինիզմի «ներխուժումը» Հայաստան պետք է համարել 2018 թվականի գունավոր հեղափոխության նվերներից մեկը մեր հասարակությանը:

Երկրորդ՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, պայքարը կանանց նկատմամբ խտրականության դեմ, ինչպես և մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր դրսևորում, նշանակում է պահանջատիրություն պետությունից: Հիմնադրամի համահիմնադիր Լարա Ահարոնյանը միաժամանակ իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հոգաբարձուների խորհրդի անդամ է: Հիմա այս տիկինը ումից և ինչ է պահանջում, եթե այս իշխող կուսակցության օրոք մարդու իրավունքների ոտնահարումները աննախադեպ ծավալների են հասել, եթե հանրահավաքներում ոստիկանները վայրենաբար քաշքշում են կանանց և մարմնական վնասվածքներ պատճառում, եթե անգամ կին համայնքապետի են կալանավորում ու այնտեղ հոգեբանական ճնշումների ենթարկում այն նպատակով, որ իր համայնքին տեր կանգնող մի ուրիշ համայքապետի մասին կեղծ վկայություն տա:

Բայց ֆեմինիզմը թողնենք մի կողմ, գլուխը քարը, դառնանք այս հայտարարության ամենատարակուսելի, ավելի ճիշտ՝ ամենավտանգավոր մտքին: Պարզվում է, որ մեր ուսանողները դրամաշնորհ ստանալու համար պետք է առաջարկեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն նաև  «ազգայնական և հակաժողովրդավարական» միտումների և դրանց ազդեցությունների բացահայտմանը: Ազգայնականությունը փաստացի դրված է, մրցույթը հայտարարողների կարծիքով, մյուս մերժելի երևույթների (հակաֆեմինիստական, ծայրահեղ աջական, հակաժողովրդավարական, մարդու իրավունքների պաշտպանության դեմ) շարքում: Այսինքն՝ կխրախուսվեն այն ուսանողները, որոնք դեմ կլինեն ազգայնականությանը:

Այս ի՞նչ եք անում, այս ի՞նչ եք արմատավորում հայ երիտասարդության սրտում ու մտքում: Էլ ի՞նչ պիտի լինենք, եթե ոչ ազգայնական:  Մենք ի՞նչ է, բազմազգ կայսրությո՞ւն ենք ու ճնշում ենք փոքրամասնությունների՞ն, որ պայքարենք այդ հոռի երևույթի դեմ: Էլ ի՞նչ պիտի լինի որևէ այլ ժողովուրդ, եթե ոչ ազգայնական, որը հայտնված լինի այնպիսի վիճակում, որում հիմա Հայաստանն է. աջից ու ձախից թշնամու աքցանի մեջ, որը ատամները սրած՝ աճապարում է ավարտին հասցնել իր վաղեմի նպատակը՝ վերացնել Հայաստանն ու հայությանը, ի լրումն՝ թշնամու դրածո իշխանությամբ, որը հենց ներսից հաջողությամբ իրականացնում է թշնամու ծրագրերը և պատրաստ է ստորագրել նրա բոլոր պահանջները՝ սկսած Ցեղասպանության ժխտումից և հայկական բնիկ հողերի հանձնումից: Ազգայնականություն մեր դեպքում նշանակում է ինքնապահպանություն և ինքնապաշտպանություն, ազգայնականության հակառակը ինքնասպանությունն է: Սա՞ եք ուզում արմատավորել հայ երիտասարդության շրջանում:

Ի սեր Աստծո, վերցրեք ձեր ֆեմինիզմը և գնացեք ձեր Արևմուտքը, որտեղից էլ սնվում եք, այնտեղ այժմ մոլեգնում է իսկական ռասիզմը: Այնտեղ դուք ձեր գործունեության համար շատ պարարտ հող կգտնեք: Եվ հեռու մնացեք մեր ուսանողությունից, հանգիստ թողեք մեր կանանց էլ, մեր ուսանողներին էլ մեր ազգայնականության հետ:  Այ դա իսկական «ֆեմինիստական ֆիլանթրոպիա» կլինի:

Հ.Գ. Որ ժամանակին ֆեմինիզմը շրջանցել է Հայաստանը, քանի որ  հայ կանայք իրենց իրավունքների առումով խնդիր չեն ունեցել, փաստերով և ուրիշ ուսումնասիրությունների հղումներով ցույց եմ տվել առանձին աշխատությամբ (Երևելի տիկնանց դարը, Եր., 2005), որը երբևէ ընդդիմախոսության չի հանդիպել, հակառակը՝ դրական է գրախոսվել հենց Արևմուտքում՝ կանադահայ մասնագետի կողմից: Առանձին հոդվածով էլ «Անկախում» ցույց եմ տվել, թե որտեղից են գալիս անցյալի հայ կանանց ֆեմինիզմի դիմակով ներկայացնելու քամիները (https://ankakh.com/hy/article/26782):  Չարժի այդ ամենն այստեղ նորից արծարծել: Կարճ ասեմ՝ անցյալի հայ կանայք միշտ են պայքարի մեջ եղել և պատմության մեջ փայլուն էջեր են թողել, բայց հանուն ազգապահպանության ու ազգային պետականության: Փաստորեն այսօրվա ֆեմինիստների պատկերացումով  հենց ազգայնական են եղել:

 

 

Հայաստան անկախ կին ֆեմինիզմ ազգայնականություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին