f

Անկախ

10 ՕՐ ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ ՀԵՏ


(Վերջապես հրատարակվեց)

Գրքույկի լուսանկարներներից ՝ Լինո Վենթուրա, Ժան Գաբեն, Ալեն Դելոն,Անրի Վերնոյ, դրվագ «Մայրիկ» ֆիլմից (դերակատարներ՝ Կլաուդիա Կարդինալե,Օմար Շարիֆ):

Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյանը, Սարդարապատում:

Չեմ ուռճացնում, ոդիսականի մի ճանապարհ անցավ, համաշխարհային կինոգործիչներից մեկի՝ «Մայրիկ» ֆիլմի հեղինակին նվիրված «10 օր Անրի Վերնոյի հետ» հուշերի ու հիշողությունների այս գրքույկի հրատարակումը:

Անցյալ տարի Փարիզում նշվեց մեծահամբավ կինոբեմադրիչի 100-ամյակը՝ Հայաստանից ժամանած պատվիրակության (ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի ղեկավարությամբ) ժողովուրդը կասեր մի տանից երկու ղեկավարը շատ չէր...

Իսկ ինչու՞ ոդիսականի, կհարցնեք դուք: Որովհետև տարօրինակն այն էր,( չնայած իմ բազմաթիվ առաջարկներին) այդքան ծախսերի մեջ չգնվեց նախարարական, այսինքն պետական մի այր,որն ասեր, եղբայր այս մարդը միակն է, ով որպես «ՖԻԼՄ» թերթի գլխավոր խմբագիր 1980 թվականին 10 օր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր Հայաստանում ուղեկցել է Անրի Վերնոյին, եկեք նրա պատրաստի 60 էջանոց հուշերի ու հիշողությունների փոքրիկ այս գրքույկն ու լուսանկարները հրատարակենք, որը լավ նվեր էր Փարիզում ու Երևանում կայացած միջոցառումների թե՛ մասնակիցների և թե՛ Անրի Վերնոյի, առաջին և վերջին անգամ Հայաստան այցելած, հանդիպումների պահպանման համար: Չխորանանք...

Իհարկե, այդ տասն օրերն իմ կյանքում անմոռաց են…

Անմոռաց են ոչ միայն այն բանի համար, որ հաղորդակցվեցի համաշխարհային կինոյի վարպետներից մեկի կամ էլ ապագա «ՄԱՅՐԻԿ» ֆիլմի հեղինակի հետ, այլ հայի այն տեսակի հետ, որը սիրել էր ու սիրեց իր նախնյաց երկիրը, հպարտացավ նրանով…

Անրի Վերնոյը ընդամենը իր մեկ ֆիլմով համայն աշխարհին ասաց՝ Ես Հայ եմ ...

Ահա հայի ա՛յս տեսակն է, որ ազգ ու ժողովուրդ է ներկայացնում, եթե կուզեք՝ նաև պահում…

Ու հայի այս տեսակն է, որ մեզ այնքա՜ն շատ է պակասում ...

Ներկայացնում եմ հանդիպումների երեք ակնթարթ:

ՏԱՍՆ ՕՐ ՈՒՂԵԿՑԵԼԸ ՎԵՐՆՈՅԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Օդանավակայանից գալիս ավտոկայարանի մոտ աչքն ընկնում է նեոնային լույսերով հայերեն տառերին, հատ-հատ կարդում է` բ-ե-ն-զ-ի-ն, ն-պ-ա-ր-ե-ղ-ե-ն, Ա-ր-ա-ր-ա-տ, կարդում է հիացած, հուզմունքով և ասում, որ աշխարհում առաջին անգամ է քաղաքում հայերեն տառերով այդքան շատ բան տեսնում: Դրանք այժմ փոխարինվել են «Petrol», «Ararat», «Food» բառերով:

«Արմենիա» հյուրանոցում ենք:Ուշ ժամ է… Սպասարկում չկա..

Մինչև համապատասխան թղթերի ձևակերպումը սկսում է պտտվել:

Հատ-հատ նայում է ապակեպատ, Երևանում արտադրված հուշանվերներին, վերևի կոնյակներին... մոտենում է թերթի, ամսագրերի կրպակին, նայում է կողք-կողքի դրված մամուլը, ուշադիր կարդում վերնագրերը։ Ուրախությանս չափ չկա, «Ֆիլմ» թերթն էլ այդ շարքում է… Ասում եմ՝ սա էլ մե՛ր թերթն է, ապակու վրայից ցույց եմ տալիս «Ֆիլմը»...

–Ի՜նչ կ’ըսես,– ինքն էլ է ուրախանում…

Միանգամից տպաքանակն է հարցնում, ասում եմ՝ 40 հազար, նորից՝ ի՜նչ կըսես… Թերթի, մամուլի հետ կապված հարցեր է տալիս...

Հարցնում է՝ ո՛րն է առաջատարը, ցուցամատս տանում եմ «Սովետական Հայաստան» թերթի վրա, հետո կատակով ավելացնում եմ՝ կներե՛ք, կներե՛ք, «Ֆի՛լմը», «Ֆի՛լմը»…

Լիաթոք ծիծաղում է…

Այդ հետագայում, նրա հետ զրույցներից նոր միայն պիտի տեղեկանայի, որ Անրի Վերնոյն իր կարիերան սկսել է ժուռնալիստիկայից, «Մարսելյեզ» թերթում աշխատելիս, որտեղ Մեծ եղեռնի 30-ամյակին նվիրված հայկական ցեղասպանությունը դատապարտող հոդվածով է հանդես եկել: Եվ թե ինչպես գիշերը խմբագիրը Աշոտ Մալաքյանը փոխարինում է Անրի Վերնոյ ստորագրությամբ, մտածելով, որ այդպես ավելի լավ է, որ նյութի փաստի հավաստիությունը ավելի հնչեղ է դառնում:

Իսկ ինչո՞ւ հենց Անրի Վերնոյ՝խմբագրի սեղանի վրա այդ օրը պատահաբար լինում է Ավստրալիայից ստացված ընթերցող Անրի Վերնոյից մի նամակ:

«Արմենիայի» աշխատակիցը հյուրանոցային ձևակերպումն արդեն ավարտել է և կարող ենք բարձրանալ… Այդ հիմա է, որ ինչքան էլ ուշ ժամ լինի, հյուրանոցի աշխատողները կողքերդ պտտվում են, այդ պահին այստեղ մարդ չկա… Դեսուդեն ենք նայում, հերթապահը հասկացնում է, որ տուն են գնացել: Օգնում , ճամպրուկները վերցնում, ու վերելակ ենք մտնում: Հյուրանոցի առաջնակարգ համարն է, արագ-արագ ուսումնասիրում է: Պատշգամբից ամբողջ հրապարակը կարծես ափիդ մեջ է՝ ողողված տոնական լույսերով, պաստառներով:

Բանն այն է, որ երկու-երեք օրից այստեղ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի՝ նոյեմբերի 7-ի տոնակատարության շքերթն ու զորահանդեսը պիտի կայանա:

Հրապարակին նայելով՝ երեխայի պես հրճվում է, ուրախանում, հուզվում: Աչքն ընկնում են կլոր լամպերով չորս կողմը զարդարված առաջնորդի մեծադիր նկարին, մի քիչ այն կողմ ԽՍՀՄ մյուս ղեկավարների նկարներն են: Չնայած արդեն տեսնում է, թե ովքեր են, սակայն կողքիս ընկերը հարկ համարեց մեկ-առ մեկ բացատրություններ տալ:

Նայում է Լենինի քանդակին, որի վրա եկու հզոր լուսարձակներ են գցած, ասում է, որ ֆիլմերում ու լուսանկարներում քանդակը շատ է տեսել, արձանագործ Մերկուրովի լավագույն գործերից է… Այս ամենը շատ կարճ, հպանցիկ է տեղի ունենում: Մի պահ հեռանում է։ Կողքիս ընկերը, առանց իսկ վայրկյան կորցնելու, պաթետիկ դեմք է ընդունում ու հրահանգողի ցածր ձայնով բառացի հետևյալն է ասում. «Ինքը դաշնակցական է, ոչ մի տող թերթումդ պիտի չգրե՛ս»։ Էստեղ են ասել, ոչ թե ցնցուղով, այլ կարծես ջրվեժի սառը ջուրը գլխիս է թափվում: Մի քանի րոպեից հերթապահ ժպիտով երկուսին էլ հրաժեշտ եմ տալիս ու ալեկոծված դուրս գալիս, տաքսի նստում ու՝ ուղիղ տուն..

Հաջորդ առավոտյան հեռախոսազանգ խմբագրությունում ՝ Պետկինոյի նախագահի տեղակալ Ռազմիկ Մադոյանն է, ասում է՝ շտապ գնա «Արմենիա», Վերնոյին պիտի ուղեկցես, ասում եմ՝ բայց... էլ չի թողնում շարունակեմ, «Ոչ մի բա՛յց, հենց հիմա գնա՛… դա իր ցանկությունն է…»։

ԱՅԴ ՕՐՎԱՆԻՑ ԻՆՁ ԱՆՎԱՆՈՒՄ ԷՐ «ՌՈԲԵ՛ՐՍ», ԻՍԿ ԻՆՔԸ ՇԱՏ ԷՐ ՀԱՎԱՆՈՒՄ ԻՄ «ԱՇՈ՛Տ ՋԱՆ»-Ը

Մոտ կես ժամ հետո «Արմենիա» հյուրանոցում եմ: Համարի դուռը ծեծում եմ…

Փակ չէ, բացում է, ժպտալով՝ համեցե՛ք համեցե՛ք… Կարծես շա՜տ վաղուց գիտենք միմյանց…Ասում է՝ սպասեցի, սպասեցի, որ միասին նախաճաշենք, այն էլ ուշացար…

Ավագ ընկերոջ նման, մի պահ թվաց, ինչպես նկարահանման հրապարակում՝ հանձնարարում է, որ վաղվանից շուտ գամ իր մոտ, մինչև ժամը 9-ը, որ միասին նախաճաշենք:

Անսահման ուրախ է:

Հեռախոսազանգ. ակնթարթորեն հեռախոսին է մոտենում:

Լսում է, կարծես ինչ-որ լավ բանի է սպասոում, դեմքը փոխվում է:

Այո՛, այո՛, գլխով հավանության նշաններ է անում:

Ընկալուչը դնում ու ասում է.

–Ինձ թվաց՝ մայրս է, շատ եմ անհանգիստ...

Այդ ժամանակ Անրի Վերնոյը՝ 60, իսկ մայրը՝ 83 տարեկան էր:

Ասում է՝ Սփյուռքի կոմիտեից էր, մեկ ժամից նախագահ Համազասպյանի մոտ պիտի լինեմ…

Ճամպրուկը բացում է, երեք տուփ է հանում ու ասում. «Ռոբե՛րս, այս գրիչները բերել եմ մեկը՝ Համազասպյանին, մյուսը Դեմիրճյանին, իսկ այս մեկը՝ կինոնախարարին, «Փարքեր» է, ոսկե ծայրով, որը պիտի քեզ նվիրեմ»:

Իրար եմ խառնվում, նախ ո՛չ «Փարքերը», ո՛չ էլ ոսկե ծայրով գրիչը, չգիտեմ՝ ինչ է:

Ասում եմ՝ չէ՛, չէ՛, Աշո՛տ ջան, ոչ մի դեպքում...

Մտքումս վայրկենական տալիս-առնում եմ՝ էս մեր Պետկինոյի նախագահ Ռաֆայել Սամսոնովն էլ,Գևորգ Հայրյանից հետո նոր է եկել...Շառից հեռու... Մերժելն անհնար էր, համոզեց: Դիմացինդ Անրի Վերնոյն էր…

Այդ պահից սկսած Վերնոյն ինձ անվանում է «Ռոբե՛րս», իսկ ես նրան՝ «Աշո՛տ ջան»:

Նախարարական նվերը գրպանումս՝ միասին դուրս ենք գալիս:

Առաջ անցնելով ասեմ, որ Անրի Վերնոյն իր ծխամորճով լուսանկարն ուզում էր ընծայագրել ինձ. Խնդրեցի՝ եթե կարելի է ոչ թե ինձ՝ այլ «Ֆիլմ» թերթին… Հետո թղթապանակից հանեց ևս մեկ լուսանկար և դարձերեսին ընծայագրեց՝ «Սիրով՝ Ռոբերտ Մաթոսյանին», որն էլ այս գրքույկի շապիկին է:

ԷՀ, ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՅԵՐԵՆ ՉՏՈՒԳԱՆԵՑ...

Հյուրանոցի առջևում ճեմում ենք: Նոյեմբեր ամիսն է, աշնանային հաճելի եղանակ է…

Ամիրյան փողոցի և կառավարական շենքի խաչմերուկում լուսաֆորի մոտ կանգնած ենք:

Մեկ էլ միանգամից պոկվում է ու կարմիր լույսի տակ, խաչմերուկն անցնում, հետ է գալիս, անցնում, նորից է հետ գալիս, անցնում հետ է գալիս:

Ա՜յ քեզ հեքիաթ… Մտածում եմ՝ էս մարդը գժվե՞ց, էս ի՞նչ պատահեց, նոր ամեն ինչ կարգին էր…

Ժողովուրդն էնտեղ կանգնել նայում են… Տրանսպորտն էնտեղ է, վթարային պահ ստեղծում:

Ա՜յ քեզ Անրի Վերնոյ…

Մտքումս ասում եմ՝ քո տված ոսկե ծայրով գրի՛չն էլ, խայտառակ եղանք…

Մեկ էլ անտրամադիր մոտենում է ինձ ու բարձր ձայնով ասում.

–Ռոբե՛րս, կտեսնի՞ս այն ոստիկանը…

Ասում եմ՝ տեսնում եմ, իհա՛րկե տեսնում եմ… Մի 10-15 քայլի վրա միլիցիոներ է կանգնած…

–Է՛հ…,– ձայնն ավելի է բարձրացնում։

Շվարած երեսին եմ նայում:

–Է՛հ… կուզեի հայ ոստիկանը հայերեն լեզվով ինձ տուգաներ, որ մորս պատմեի... Պատվիրել է՝ ինչ որ տեսնիս, մեկիկ-մեկիկ գրի կառնես…

Մի տեսակ սրտնեղված վրա է բերում:

–Է՛հ, հայ ոստիկանը հայերեն չտուգանե՜ց….

Անքննելի ու անբացատրելի իրավիճակ, պահվածք ու ռեժիսուրա…

Մի քանի րոպեից մոտենում է Սփյուռքի կոմիտեի աշխատակից Ինգան (ցավոք, ազգանունը չեմ հիշում), բարեկիրթ արտաքինով, հաճելի մի տիկին:

Մինչ վաղը, ցտեսություն…

Ռոբերտ Մաթոսյան

Հ. Գ.

Անրի Վերնոյ Ֆրանսիա Հայաստան «ՄԱՅՐԻԿ» ֆիլմ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին