Նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանը հաստատեց իր մտադրությունը՝ այսուհետ առաջնորդվել պատգամավորի պարտականություններով նաեւ դատական նիստերի օրերին։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Դուք ականատես եղաք բացառիկ ապօրինությունների։ Դատարանը հիշեց, որ ինձ բերման ենթարկելու որոշում է եղել։ Հիշեցնեմ, որ դա 2021թ․ օգոստոսի 11-ն էր, երբ ես մասնակցում էի Ազգային ժողովի առաջին նիստին, եւ քննարկվում էր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իմ ընտրվելու հարցը։ 7-8 ամիս դատարանը տարբեր պատճառներով ինձ թույլ չէր տալիս մասնակցել ԵԽԽՎ նիստերին, եւ միայն այսօր հիշեց օգոստոսի 11-ի որոշումը։ Ես այսուհետ կառաջնորդվեմ իմ պատգամավորական մանդատով, իսկ ԱԺ կանոնակարգն ավելի բարձր է ՔՕ-ից, ուստի ես կզբաղվեմ իմ պարտականություններով»,- ասաց Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր նրան հերթական անգամ թույլ չտվեցին մեկնել արտերկիր՝ մասնակցելու ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նիստին։
Գեւորգյանի խոսքով՝ ինչ վերաբերում է մեղադրանքին, ի սկզբանե պարզ էր, որ այն «ավելացվել է» հիմնական մեղադրանքին, որն այժմ նույնիսկ գոյություն չունի։ Գեւորգյանը կրկին ընդգծեց մեղադրանքի անորոշությունը: