f

Անկախ

Վտանգն այն է, որ մեր իշխանությունները  չունեն  կարմիր գիծ, չունեն  կոնցեպտ, թե ինչ են  բանակցում․ քաղաքագետը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին


Հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների և Ադրբեջանի առաջադրած  պայմանների մասին է «Անկախը» զրուցել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։

-Պարոն Բոզոյան, հայ-ադրբեջանական հնարավոր  բանակցություններում ադրբեջանական կողմն իր սկզբունքներն ու պահանջները ներկայացրել է 5 կետերի տեսքով։ Մինչդեռ հայկական կողմի սկզբունքների մասին հանրությունը տեղյակ չէ։ Արդյո՞ք հայկական կողմը սեփական  օրակարգ չունի,  ադրբեջանական օրակարգո՞վ ենք բանակցելու։

-Այդ հարցադրումը շատ տրամաբանական է, քանի որ, իսկապես,  հայկական կողմի տեսակետներն անորոշ են։ Հայկական կողմն ավելի շատ փորձում է ժամանակ ձգել և անորոշ պահել խնդիրը, մինչդեռ ադրբեջանցիները շատ հստակ 5 պայմաններ են առաջարկում, որի անկյունաքարն այն է, որ Հայաստանը համաձայնի Ադրբեջանի հետ խաղաղության  պայմանագիր կնքել պայմանով, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ 

Կարծում եմ, որ սա առարկայական խնդիր է, և հայկական կողմը վաղ թե ուշ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։

-Իսկ բանակցությունների համար ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելն այս պարագայում որքանո՞վ է տեղին։ Ի՞նչ դեր կարող է ունենալ Մինսկի խումբն այս հարցում։

-Մինսկի խմբի ֆորմատն այսօրվա դրությամբ խիստ անորոշ է։ Այսօր ամերիկացիների և ռուսների միջև ընթանում է գրեթե չհայտարարված պատերազմ, և չեմ հավատում, որ նրանք այս ֆորմատը կարող  են պահպանել։ Այս ֆորմատը սառեցվելու է առնվազն երկար ժամանակով։ Հայկական կողմի հղումը, որ  հայ ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներոմ, ուտոպիա է։ Հասկանում եմ հայկական կողմին, քանի որ  այն չունի հստակ պատկերացում, ապա  փորձում է ժամանակ շահել և այս խնդիրը տեղափոխել մի հարթակ, որը փաստացի այս պահի դրությամբ գոյություն չունի։ Անգամ Լեռնային Ղարաբաղի հարցով, որի վերաբերյալ խումբը մանդատ ունի, չի կարողանում հավաքվել,  որովհետև կա անհաղթահարելի ճգնաժամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև  ուկրաինական ուղղությամբ։ Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրն  այդ խումբը չի վերցնի։ Այլ հարց է, որ հայկական կողմը հարցն այդ հարթակ ուղղորդելով փորձում է ժամանակ շահել, որպեսզի մի կողմից չմերժի ադրբեջանցիներին, մյուս կողմից էլ համաձայնություն չտա ադրբեջանական հինգ առաջարկներին։ Այլ կերպ ասած,  հայկական կողմը փորձում է  ժամանակ շահել և հույս ունենալ, որ ինչ-որ ժամանակ հետո այս խնդիրները ինչ-որ ձևով կլուծվեն, և  լուծվելու դեպքում էլ  իրենց մեղքը չի լինի, որ ոչ հայանպաստ տարբերակով խնդիրները լուծվեցին։ Սա է խնդիրը։

-2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ՀՀ  իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղության պայմանագրի մասին։ Ո՞րն է պատճառը, որ բանակցությունների գաղափարը շարունակաբար  առաջ տանելով հանդերձ երկու տարի անց  սեփական օրակարգը դեռևս չունենք։

-Հայկական կողմը պատերազմում պարտված կողմն է։ Պարտված կողմը բանակցային գործընթացներում հաջողություն չի կարող արձանագրել, դա դասագրքային ճշմարտություն է։ Հայկական կողմը կարող է ընդամենը ժամանակ շահել, քանի որ ցանկացած բանակցային գործընթաց, եթե ընթանա, լինելու է ի օգուտ Ադրբեջանի։ Դա բոլորն են հասկանում, դա քաղաքագիտական նորմ է։ Հաղթողը փորձում է պատերազմում  տարած իր հաղթանակը կապիտալիզացնել դիվանագիտական ճակատում։

Երբ հայկական կողմը հաղթեց 1994-ին, 2000-ականներից հետո արդեն նա կապիտալիզացրեց իր հաղթանակը դիվանագիտական ճակատում։ Վատ է, որ 94-ին դա չարեց,  այդ ամենը ձգձգվեց այն ժամանակվա իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով։

Հիմա իրենք են հաղթել։ 

Ադրբեջանցիները  մի դիպուկ  ձևակերպում էին տալիս, որ իրենք  պարտվել են ոչ թե պատերազմը, այլ մի ճակատամարտը։ Եվ նրանք, պարտվելով ճակատարամտում, խորամանկ գտնվեցին և ստեղծեցին պայմաններ, որ հայկական կողմը չստիպեց ավելի ռադիկալ ճնշումների գնալ։ Արդյունքում իրենք ժամանակ շահեցին  և  շուրջ 25  տարի հետո կարողացան հաջողության հասնել։ Հայկական կողմի գլխավոր նպատակը պետք  է լինի այն, որ մենք պարտվել ենք ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը։ Եթե այդ բանաձևով շարժվենք, շանս կունենանք հաջողության հասնելու։ Ադրբեջանը, իր փորձից ելնելով, հասկանում է դա ու ձգտում թույլ չտալ այդպիսի բան։

-Պարոն Բոզոյան, սովորաբար մի ճակատում ժամանակ շահում են, որպեսզի մեկ այլ ճակատում հաջողության հասնեն, օրինակ՝ տնտեսությունը կամ բանակը  հզորացնեն։Մենք ի՞նչ նպատակով ենք ժամանակ շահում։ Մյուս ճակատում քայլեր տեսնո՞ւմ եք։

-Ես այս պահի դրությամբ նման քայլեր չեմ տեսնում։ Դեռ ժամանակն էլ չենք շահում, փորձում ենք շահել։

-Իսկ Ադրբեջանի առաջարկած  կետերում կա՞ գեթ մեկ կետ, որը կարող է քիչ թե շատ ընդունելի լինել հայկական կողմի համար և որի շուրջ գոնե ժամանակ շահող բանակցություններ կարող են ընթանալ։

-Միշտ էլ այդ կետերի մեջ լինելու են կետեր, որոնք ընդհանուր հայտարարի կարող են բերել։ Բայց դա չէ առանցքային խնդիրը։ Իրենք փաթեթային ձևակերպումով են հանդես գալիս, ասում են՝ պատրաստ ենք ձեզ հետ խաղաղության համաձայնագիր կնքել պայմանով, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Սա է  իրենց պահանջի  առանցքը։

-Իսկ ստեղծված  իրավիճակում այս  կետերի շուրջ բանակցելն ի՞նչ վտանգներ  է պարունակում մեր երկրի ու պետության համար։

- Վտանգը բանակցելու մեջ չէ, վտագն այն բանի մեջ է, որ դու չունես կարմիր գիծ, չունես կոնցեպտ, թե ինչ ես բանակցում։ Եթե հայտարարես, որ ընդհանրապես չես բանակցելու, դա ևս  կբերի պատերազմի։ Խնդիրն այն է, որ  պետք է ունենաս ռազմավարություն, կարմիր  գծեր  և ունակություն այնպես բանակցել, որ կարողանաս քո կարմիր գծերը պահպանելով առնվազն այնպես անել, որ ոչ պատերազմ լինի,  ոչ էլ զիջես։  Սա ամենակարևորն է։

-Գործող  իշխանությունների դեպքում դա հնարավո՞ր է։

-Գիտեք, ես կարծում եմ՝ եթե այս իշխանությունը բարվոք պայմաններում, մինչև պատերազմը չկարողացավ, այս պայմաններում ընդահնրապես չեմ հավատում, որ նրանք կկարողանան այդ խնդիրը լուծել։

-Մասնագիտական ռեսո՞ւրս չկա, թե՞ ցանկություն։

-Կարծում եմ, որ պատկերացումն ու ունակությունը չկա։

 

Երվանդ Բոզոյան խմբագրի ընտրանի հարցազրույց հայ-ադրբեջանական համաձայնագիր բանակցություններ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խումբ խաղաղության պայմանագիր Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին