f

Անկախ

Կանայք քաղաքականությա՞ն, թե՞ թայֆայի մեջ. չկայացած հարցազրույց


1990-ականներից ի վեր Հայաստանի մեծ ու փոքր տասնյակ կազմակերպություններ կանանց լիարժեք ներկայությունը քաղաքականության մեջ ապահովելու ջատագովներից էին, կարելի է ասել՝ որոշ կազմակերպություններ ստեղծվել էին հենց այդ նպատակով:  Նրանց գործունեությունը մեծ թափ ստացավ հատկապես 1995 թ. Պեկինի հռչակագրից և գործողությունների ծրագրից հետո, որոնք ընդունվեցին կանանց դրությանը նվիրված չորրորդ համաշխարհային խորհրդաժողովում: (Հայաստանի՝ որպես անկախ և ՄԱԿ-ի անդամ պետության ներկայացուցիչներն առաջին անգամ  մասնակցեցին նման խորհրդաժողովի, վերդարձան, իրար հետևից կազմակերպություններ ստեղծեցին և սկսեցին եռանդով աշխատել:)  

Հարյուրավոր կլոր սեղաններ, հետազոտություններ ու զեկույցներ, քվոտաների, հայցեկարգի ու օրենքի լոբբինգ, գիտաժողովներ, կրթական ու այլ ծրագրեր… Հետևաբար ինչքա՜ն նյութական ու մարդկային ռեսուրսներ են ծախսվել: Մեծ մասը, իհարկե, իրականացվել է դրամաշնորհներով,  մի մասն էլ՝ անձնվիրաբար, հավատով, որ մեր երկրի իրական զարգացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե որքանով են կանանց և տղամարդկանց իրավունքներն ու հնարավորությունները հավասար, որքանով են կանայք կարողանում իրացնել իրենց ներուժը  և որքանով են նրանք ներկա որոշումների ընդունման մակարդակում: Ստուգված տեսակետ կա, ի դեպ, որ եթե որոշումներ ընդունելիս կանայք գոնե կրիտիկական զանգված կազմեն, այսինքն՝ ընդհանուրի մեկ երրորդը կամ 30 տոկոսը, ապա էապես կփոխվի որոշումների որակը:

Որոշ կին հասարակական գործիչներ անգամ այնքան էին ոգեշնչված այս գաղափարներով, որ քննարկումների ժամանակ շարունակ կրկնում էին՝ եթե իշխանության երեք ճյուղերի բարձր օղակներում կանայք ավելի շատ լինեն, կոռուպցիան էապես կնվազի ու սոցիալական արդարություն կլինի, քանի որ կանայք ավելի ազնիվ են, արդարամիտ, կարեկից, սկզբունքային և այլն: Ահա այս կանխավարկածով էլ ամեն անգամ հրճվում էին, երբ հաջողվում էր բարձրացնել կանանց քվոտայի չափը  ընտրական ցուցակներում կամ կանանց  թիվը այս կամ բարձրագույն օղակում: Բավական է ասել, որ 2003-2018 թթ. ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքում թեկնածուների սեռերի համամասնությունը կուսակցությունների ցուցակներում սահմանող քվոտան 5 տոկոսից  հասել է 25 տոկոսի: Իսկ վերջին՝ 2017  և 2019 թթ. ընտրությունների արդյունքներով կանանց թիվը խորհրդարանում թռիչքաձև մեծացավ` 2012 թ. 10,7 տոկոսից հասնելով, համապատասխանաբար,18 և 24 տոկոսի: Եվ վերջին ձեռքբերումը փաստացի  խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը կազմող քաղաքական ուժի շնորհիվ էր (31 կին պատգամավորներից 22-ը «Իմ քայլը» խմբակցությունից են):

Հատկապես բուռն ոգևորության ականատես եղանք 2018 թ. իշխանափոխությունից հետո, երբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը հայտարարեց, որ կանայք մեծ ներդրում են ունեցել «թավշյա հեղափոխության» մեջ, ուստի նրանց արժանի տեղ է հատկացվելու իշխանության տարբեր մակարդակներում: Տվյալ ոլորտում զբաղված գրեթե բոլոր գործիչները մեջբերում էին վարչապետի խոսքերը և մտածում, որ իրենց պայքարը փառքով է պսակվել: Սակայն ոգևորությունը երկար չտևեց: 

Կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ օրենսդիր կանայք որևէ ազդեցություն չունեն օրենքների ընդունման գործընթացի վրա: Ընդդիմադիր կուսակցությունների կանայք խաղից դուրս են, քանի որ ձայների հարաբերակցության պատճառով ազդեցություն չունեն առհասարակ իրենց կուսակցությունները, իսկ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության կանայք օրենքների ընդունման գործընթացի վրա ազդելու ո՛չ կարողություն ունեն, ո՛չ էլ ցանկություն և կատարում են ընդամենը հլու-հնազանդ կոճակ սեղմողի դերը: Եվ եթե երբեմն էլ համարձակվում են այս կամ այն հարցի վերաբերյալ նկատառումներ հայտնել կամ պատասխանել լրագրողների հարցերին, երևան են հանում իրենց  չափից ավելի համեստ գիտելիքները և պարզունակ մտածողությունը, ինչն ուղղակի հուսահատության է մատնում հասարակության զգալի մասին:  

Այս օրերին առանց այդ էլ կորոնավիրուսի գրոհից ու ինքնամեկուսացումից նյարդայնացած հասարակությանը հունից հանեց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը իրենց պարգևավճարների մասին, որը, կարծում ենք, արդեն բոլորին է հայտնի, չափից ավելի մեծ էր արձագանքի շառավիղը: Բայց շատ ավելի անախորժ էին «Իմ քայլը» խմբակցության ուրիշ կին պատգամավորների մեկնաբանությունները: Եվ այս ընդհանուր պատկերում Լենա Նազարյանը գուցե ավելի լավ լույսի տակ է երևում, քան նրանք, որոնք փորձում են սվաղել իրավիճակը:  

Նազարյանը գոնե անկեղծ է, ասում է, որ իրենք նվիրյալ չեն և չեն պատրաստվում քիչ աշխատավարձով (500 հազար) «չարքաշ» աշխատել, վերջապես տուն, ընտանիք, վարկեր ունեն: Բայց երբ մի ուրիշ կին իմքայլական պատգամավոր սկսում է բացատրել, որ ստացած ողջ պարգևավճարը և աշխատավարձի մի մասը ծախսում է գյուղեր գնալու և կարիքավորներին ձեռք մեկնելու համար, օրական աշխատում է 20 ժամ, ներեցեք, սրտխառնուք առաջացնող երեսպաշտություն է: Երբ մի ուրիշ կին պատգամավորի էլ, որ պնդում է, թե 500 հազարը չափազանց քիչ է իրենց «տիտանական» աշխատանքի դիմաց,  որով հնարավոր չէ ապրել, այլ միայն գոյատևել, լրագրողը հարց է տալիս՝ իսկ 26 հազար 500 դրամով հնարավո՞ր է գոյատևել, որ հիմա որպես օգնություն բաժանում են մարդկանց, պատասխանում է՝ «գոնե մի քիչ կթեթևացնի նրանց վիճակը, համ էլ կարծեմ դա սպառողական զամբյուղի չափն է»: Մարդն արդեն մի տարուց ավելի խորհրդարանում է և չգիտի նույնիսկ, թե որքան է Հայաստանում սպառողական զամբյուղը, բայց համոզված է, որ ի վերուստ իրենց տրված է շատ լավ ապրել, իսկ ուրիշները, եթե ամսվա մեջ գոնե մի շաբաթ էլ սոված չմնան, էլ ի՞նչ եք ուզում, արդեն լավ է:  

Մի տարի առաջ՝  խորհրդարանական ընտրություններից հետո, կանանց ընդգրկվածության մեծ աճի կապակցությամբ փորձագիտական կարծիք խնդրեցինք կանանց քաղաքական մասնակցությունն առաջ մղող ամենաակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարից: Ասաց՝ մեր հարցի մեջ որոշ չարախնդության երանգներ է տեսնում:  «Մենք չենք պայքարել զուտ քանակական աճի համար, եթե դրա մեջ որակ չկա,- շարունակեց նա:- Այն ինչ կատարվեց այդ ընտրություններում, բնականոն քաղաքական գործընթաց չէր, այլ թայֆաբազություն, մենք ուզում էինք կանանց տեսնել քաղաքականության մեջ, բայց ոչ թայֆաներում: Մենք չէինք կարող նախատեսել  և պատկերացնել իշխանության ձևավորման այսպիսի սցենար, որ մարդ հայտնվի խորհրդարանում բացարձակապես քաղաքական անցյալ չունենալով, ընդամենը ծանոթների, ընկեր-ընկերուհիների միջնորդությամբ: Հիմա հարցազրույց չեմ տա, մի քիչ սպասենք, տեսնենք, թե վերջապես ուր ենք գնում»:  

Այս օրերին դարձյալ դիմեցինք նրան՝ մեկնաբանություն խնդրելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծի վերաբերյալ, որոնք ներկայիս խոսքուզրույցի հիմնական թեմաներից են: Դարձյալ սրտնեղեց. «Կարճ կասեմ՝ ամաչում եմ, և ամաչում եմ ոչ միայն կանանց համար: Հասկանանք՝ արժեքներ են փոխվել: Եվ գիտեք ինչ, եթե արժանավոր կանայք ենք պահանջում վերնախավում, ապա նրանց կողքին պետք է լինեն արժանավոր տղամարդիկ, և հակառակը: Այնպես որ սեռերի հավասարության բանաձևը բացասական առումով էլ ճիշտ է գործում: Ինչպիսին որ հիմա քաղաքական դաշտն է, այնպիսին էլ կանայք են: Վերջապես, քաղաքականություն ասելով, չպետք է հասկանանք միայն խորհրդարանն ու կառավարությունը, ավելի հետաքրքիր և անհամեմատ որակյալ քաղաքական ուժեր եմ տեսնում հիմա արտախորհրդարանական ընդդիմության մեջ, կամ դատական իշխանության մասին խոսելիս չպետք է առաջնորդվենք միայն այս կամ այն դատավորից ստացած տպավորությամբ և այն տարածենք բոլորի վրա: Դուք տալիս եք Աննա Դանիբեկյանի անո՞ւնը, ես էլ կարող եմ տալ Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի անունները, դուք մատնանշում եք Լենա Նազարյանի՞ն, ես էլ կարող եմ մատնանշել Արփինե Հովհաննիսյանին, և այդպես շարունակ, այնպես որ ամեն ինչ այնպես կորած չէ, ինչպես թվում է»:    

Խնդրեցինք այնուամենայնիվ ևս երկու հարցի պատասխանել՝ ինչով է զբաղվում հիմա իր կազմակերպությունը և ինչու չի ցանկանում հրապարակել իր անունը:

«Հենց հիմա կրթական ծրագիր եմ մշակում: Մինչև հիմա աշխատում էինք այն կանանց հետ, որոնք ցանկանում էին առաջ գնալ ակտիվ քաղաքականության մեջ: Այժմ աշխատելու ենք ավելի լայն լսարանի հետ՝ ոչ միայն ընտրվող, այլև ընտրող կանանց հետ, որպեսզի գիտակցեն, թե ինչ կարելի է ակնկալել և պահանջել քաղաքական գործիչներից, ինչպես գնահատել նրանց և ընտրությունների ժամանակ ճիշտ, գիտակցված, կշռադատված ընտրություն կատարեն, ոչ թե տրվեն զգացմունքային, պոպուլիստական ճառերի հմայքին: Հասարակության լայն խավերի քաղաքական գրագիտությունը, կարծում եմ, ներկայումս ամենահրատապ խնդիրներից մեկն է: 

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, դուք էլ գիտեք, որ դրանից հետո շատ հավանական է, որ հրավեր ստանամ ԱԱԾ-ից, թարմ օրինակները նշե՞մ: Կորոնավիրուսի համաճարակի այս օրերին, երբ պարետը թախանձագին խնդրում է տնից դուրս չգալ,  դա այնքան էլ անվտանգ չէ: Իսկ եթե ուզում եք, որ լուրջ պատասխանեմ, ապա ես ինձ համար որևէ վախ չունեմ, պարզապես չեմ ուզում հարվածի տակ դնել մեր կազմակերպությունը: Որքան էլ ասեմ, որ իմ անձնական կարծիքն եմ արտահայտում, ոչ թե կազմակերպության, միևնույն է: Պիտի որ հիշեք Հանրային խորհրդի ցայտուն օրինակը: Իսկ կազմակերպությունն իր խոսքն ապագայում կասի փաստերի վրա հիմնված վերլուծությամբ ու զեկույցով: Օգտվելով առիթից կուզենայի շնորհավորել բոլորին Զատիկի առթիվ և մաղթել առողջություն, համբերություն և ողջամտություն: Դա հիմա մեզ շատ պետք է»,- ամփոփեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը:

Անահիտ Հարությունյան

 

 

Հասարակություն քաղաքացիական հասարակություն կանանց կազմակերպություններ կանայք խորհրդարանում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին