Ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որն օրեր առաջ հեռուստաալիքի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա է կազմակերպել, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտարարել է Օվսյաննիկովայի օրինական շահերը ներկայացնող փաստաբան Սերգեյ Բադամշինը, գրում է meduza.io-ն։
Դիմումը ներկայացվել է ինքնակամ՝ հեռուստաալիքի խմբագրական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, հավելել է նա։
Հիշեցնենք, որ Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք էր արել (ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել) կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։
Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։
Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․«Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։