f

Անկախ

Երկիր.Խիստ կասկածում եմ՝ 2,5 տարի անց Հայաստան կմնա՞, թե՞ ոչ. ՀՀ նախկին վարչապետ


Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը։

-Ադրբեջանը վերջին օրերին՝ գրեթե ամեն օր, կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև հայկական բնակավայրերը։ Թշնամին ակտիվացել է նաեւ Արցախում, այսօր Խնուշինակի ուղղությամբ կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ։ Չդադարող պատերազմին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է «խաղաղության դարաշրջան» բացելու, տարածաշրջանում իրավիճակ փոխելու մասին, կհաջողի՞, պարո՛ն Հարությունյան։

- «Խաղաղության դարաշրջան», «խաղաղ զարգացման դարաշրջան» ասվածը շատ ամպագոռգոռ հայտարարություն է: Հայաստանն այն ուժն ու կարողությունը չունի, որ իր քաղաքական ցանկությունը պարտադրի հարեւաններին, որովհետեւ խաղաղության դարաշրջանի էջ բացելու համար դու պետք է ազդեցիկ լինես հարեւանների մոտ,  կարողանաս կանխել, զսպել նրանց ռազմական նկրտումները: 

-Հայաստանի իշխանություններն ունե՞ն Ձեր նշած ազդեցիկ դիրքն ու հեղինակությունը։

-Ո՛չ, Հայաստանը չունի այդ ազդեցությունը, եւ իշխանության կողմից հնչող այդ ամպագոռգոռ հայտարարությունները կեղծ են: Նիկոլ Փաշինյանը մի անգամ խոստովանեց, որ դա միայն մեզնից չի կախված: Ես ասում եմ, որ ոչ միայն մեզնից չի կախված, այլև անգամ մեզնով չի պայմանավորված տարածաշրջանի խաղաղ զարգացման այդ պրոցեսը:  Մենք այդտեղ կարող ենք ընդամենը կատարել չխանգարողի դեր, բայց ոչ՝ նախաձեռնողի: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «խաղաղության դարաշրջան» մտքի տակ թաքնված է շատ կարեւոր ու էական մտադրություն:  Այդպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝  հայտարարում եմ բոլորիդ, հարեւաննե՛ր, որ ձեռնպահ կմնամ որեւէ կտրուկ քայլից, պատրաստական եմ ձեր ցանկացած հարցադրումը քննարկել՝ ընդհուպ մինչեւ զիջելը: Սա է խաղաղության դարաշրջանի գաղափարը, եւ մեր հարեւաններն այդպես էլ ընկալում են: Այն 41 կիլոմետրը, մայիսից հետո մինչ օրս եղած զարգացումները, Գորիս-Կապան ամբողջ ճանապարհահատվածի էպոպեան հենց դրա արտահայտությունն են: Հիմա, քանի որ ԵՄ-ն եւ Ռոսաստանը կարեւորում են մեր սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությունը, Ադրբեջանը շատ պարզ խնդիր է լուծում՝ ինչքան հնարավոր է առաջ գնալ, ընդ որում՝ ռազմավարական կարեւորության բարձունքներ եւ դիրքեր գրավելով, որպեսզի սահմանազատման եւ սահմանագծման արդյունքները լինեն հօգուտ իրեն:  

-Միջազգային հանրությունը, ԵՄ-ն, Ռուսաստանը լո՞ւրջ են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ելույթներին՝ կապված «խաղաղության դարաշրջան» բացելու հետ։

-Խաղաղության դարաշրջան ասվածը դրեք մի կողմ, ոչ ոք դրան լուրջ չի վերաբերվում, նույնիսկ՝ Հայաստանի արեւմտյան գործընկերները, ԵՄ-ն լուրջ չի վերաբերվում, որովհետեւ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը: Հիշո՞ւմ եք՝ Մյունխենում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ փորձում եմ բանակցային գործընթացներում մակրոհեղափոխություններ անել: Ոչ ոք նման բանաձևումները լուրջ չի ընդունում:  «Խաղաղության դարաշրջան բացել» թեզը խաղաղություն չի բերի, ստեղծված իրավիճակում այս դիրքորոշումն է նշանակում՝ տղե՛րք, ես ամեն ինչի պատրաստ եմ, մենակ թե ինձ չխփեք:

-Եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես մատնանշում եք, ապա Հայաստանի հետ ի՞նչ է լինելու՝ գեոպոլիկտիկ այս փոփոխությունների ֆոնին։

-Հայաստանի ապագայով համար մեկ մտահոգվողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:  Դառը փաստ է, շատ ծանր ու դժվար է ընդունել այն հանգամանքը, որ ժողովուրդը ՀՀ-ի ճակատագրով անհանգստացած չէ: Կա՛մ խորապես չեն գիտակցում այն սպառնալիքները, որ մենք ունենք, կա՛մ չեն ցանկանում գիտակցել: Ես գիտեմ մի բան՝ մենք ունենք 2,5 տարի, սա այն ժամկետն է, երբ Ռուսաստանը  կանգնելու է Արցախից իր խաղաղապահ զորքը դուրս բերելու անհրաժեշտության առջեւ: Դրանից հետո խիստ կասկածում եմ՝ Հայաստան կմնա՞, թե՞ ոչ:

-Այսինքն՝ ռուս խաղաղապահներո՞վ է պայմանավորված մեր գոյությունը, լինել-չլինելու հարցը:

-Մեր գոյությունը պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների  խորությամբ, եւ մի շատ կարեւոր հանգամանքով, օրինակ՝  արդյո՞ք Հայաստանն ունակ է վերականգնել իր աշխարհաքաղաքական դերակատարումն ու կարեւորությունը ոչ միայն հարեւանների, այլեւ բոլոր խաղացողների համար:  Եթե կարողանան դա անել, ուրեմն մեզ ինչ-որ մի բանի տեղ կդնեն: Քաղաքականության մեջ ոչ ոք չի առաջնորդվում՝ սիրում եմ, դուրս գալիս է: Ամեն մեկն առաջնորդվում է իր շահերով: Կարծում եք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրար նկատմամբ համակրանքո՞վ են տոգորված, ո՛չ։ Կա կոշտ հաշվարկ։ Ադրբեջանն այսօր ագրեսիվ պետություն է, նրան դա հաջողվեց Արցախյան պատերազմից հետո՝ մեր ապաշնորհության շնորհիվ: Հայաստանը պետք է վերագտնի իր աշխարհաքաղաքական կարեւորությունը տարածաշրջանում եւ այդ հենքի վրա զարգացնի իր տնտեսությունը, անվտանգությունը եւ այլն: Շատ քիչ, սահմանափակ, բայց կան այդպիսի հնարավորություններ:

-Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է։ Հայաստանի իշխանությունների չեզոք վարքագիծը կարո՞ղ է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը։ Ռուսաստանը հիմա, ավելի քան երբեւէ, ամուր դաշնակիցների կարիք ունի, միջազգային պատժամիջոցներն ինչ-որ իմաստով թուլացնում են մեր ռազմական դաշնակցի դիրքերը։

-Ռուս-ուկրաինական ռազմական առճակատումն այսօր գլոբալ քաղաքական ամենաառանցքային խնդիրն է, որովհետեւ հիմա որոշվում է ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի ճակատագիրը, այլև ապագա աշխարհակարգի խնդիրը։ Ինչպիսին պետք է լինի, որոնք են լինելու այն ուժային կենտրոնները, որոնք, ըստ էության, ձեւավորելու են գլոբալ քաղաքականությունը: Հետեւաբար, շատ էական է, թե ինչպիսին կարող է լինել այս առճակատման արդյունքը Ռուսաստանի պարագայում: Արդարեւ, Ռուսաստանն է հավակնում աշխարհի նոր վերաբաժանման մեջ իրեն հասանելի դերակատարմանը: Այս առումով, շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցները, Կենտրոնական Ասիայի երկրները, Հայաստանը ուշադիր հետեւում են զարգացումներին: Բոլորը զերծ են մնում որեւէ կտրուկ մկանաշարժից, եւ կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ է: Հայաստանի վարքագիծը՝ զերծ մնալ որեւէ կտրուկ քայլերից, արդարացված է: Մի քանի ամիս առաջ Հայաստանը մասնակցություն ունեցավ Ղազախստանի զարգացումների հետ կապված՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահ դերակատարմանը: Սա էական նշանակություն ունի, եւ պատահական չէ, որ ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանի պատվիրակությունը քվեարկեց ձեռնպահ:  Այս ֆոնին, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների այս վարքագիծը չի նպաստում, որ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության մոտ առաջանան հարցադրումներ ռազմավարական գործընկերոջը՝ այս բարդ պայմաններում:  Իհարկե, շատ կարեւոր է նաեւ, թե այս հարցում ինչպիսի վարքագիծ են դրսեւորում մեր հարեւանները: Բնական է, որ բոլորը փորձում են այս լարված իրավիճակից դուրս գալ շահեկան դիվիդենտներով կամ գոնե առանց մեծ կորուստների:

-Ուկրաինայի ուղղությամբ «հատուկ ռազմական գործողության» նախօրեին Ռուսաստանը Ադրբեջանի հետ ստորագրեց դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հռչակագիր, ինչո՞ւ, ինչի՞ մասին է այս փաստաթուղթը վկայում:

-Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը կարեւորում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերակատարումը տարածաշրջանում, եւ ոչ միայն:  Այդ հռչակագրով Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում չեզոքացնելու թուրք-ադրբեջանական համագործակցությունը, որի վերջնական նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է: Ռուսը դա լավ հասկանում է, այլ հարց է, որ ստեղծված իրավիճակում իր բոլոր ուժերը, աշխարհաքաղաքական այս զարգացումների փուլում բոլոր կարողությունները պետք է համախմբի եւ դիմակայի Արեւմուտքի ճնշումներին։ Այս պայմաններում նա գուցե որոշ դեպքերում դեռեւս զուսպ լինի՝ իր ազդեցությունն աներկբա տարածելու առումով: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը մտավախություններ չունի Հայաստանից, նա մտավախություններ ունի հիմնականում Ադրբեջանից: Փաստ է, որ նա Ադրբեջանին է համարում տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողը, հետեւաբար՝ ուզում է նախ նրա հետ կարգավորել հարաբերությունները: Ես այն կարծիքին եմ, որ չի հաջողվելու․ Ադրբեջանը գտնվում է եւ շարունակելու է գտնվել Թուրքիայի ուղղակի քաղաքական ազդեցության ներքո: Եթե հաշվի առնենք նաեւ եվրոպական էներգակիրների շուկայում ստեղծված վիճակը, այն, որ որոշ գործիչներ, որոնք պատասխանատու են եվրոպական էներգետիկ համակարգի համար, իրենց հաշվարկներում ընդգրկում են նաեւ Ադրբեջանին՝ որպես  էներգակիրների մատակարարման ալտերնատիվ աղբյուր, էապես փոխվում է Ադրբեջանի դերակատարումը թե՛ տարածաշրջանում, թե՛ Ռուսաստանի համար: Սա է իրողությունը: 

-Այս պայմաններում ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Հայաստանը պետք է այս պայմաններում փորձի չստեղծել հավելյալ պրոբլեմներ իր սահմաններին եւ իր հանդեպ՝ ազդեցիկ խաղացողների կողմից: Արդյունք կլինի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց փաստ է, որ մենք հիմա չպետք է այնպիսի քայլեր անենք, որոնք մեր թշնամիներին առիթավորվելու եւ ավելի կտրուկ քայլեր անելու շանսեր կտան:  Բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ երկշաբաթյա ուկրաինական զարգացումների նկատմամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը որեւէ կերպ չպետք է կապել Փաշինյանի ասած «խաղաղության դարաշրջանի» կեղծ քաղաքական դոկտրինի հետ: 

Լիանա Սարգսյան

Խոսրով Հարությունյան հարցազրույց Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին