ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կկայանա այսօր՝ 11.30-ին, Ազգային ժողովի շենքում։ Նոր նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը կտեւի մեկ ժամ եւ կավարտվի 12.30-ին։
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնին առաջադրել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը որեւէ այլ թեկնածու չի առաջադրել։ Ավելին, խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձինս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, բոյկոտել է հարցի քննարկումը։
Ավելի վաղ խորհրդարանում հրապարակվել էին նախօրեին տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները։ Դրանք միանգամայն սպասելի էին։ Խաչատրյանի թեկնածությանն աջակցել էին միաձայն։ Այնուամենայնիվ, դա թույլ չէր տվել նրան նախագահ դառնալ առաջին իսկ փորձից հետո։ Ընտրվելու համար Խաչատրյանին հարկավոր էր 81 ձայն, որը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարզապես չունի։ Այն ընդամենը 71 պատգամավոր ունի։
Սահմանադրության համաձայն՝ երկրորդ փուլում հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երեք հինգերորդի ձայները։