f

Անկախ

«Արևմուտքը միշտ էլ պատրաստ է զոհաբերել Ռուսաստանի դեմ առաջին գծում պայքարողներին»․ կառավարման փորձագետ


Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառների, հնարավոր զարգացումների, աշխարհաքաղաքական նոր իրողությունների և ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերի վերաբերալ Անկախ-ը զրուցել է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հեղինակ-համակարգող Հարություն Մեսրոբյանի հետ։

 

-Պարոն Մեսրոբյան, փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական լարվածությունը վերաճեց լայնածավալ պատերազմի։ Չնայած քաղաքագիտական շրջանակները մինչև վերջ ենթադրում էին, որ իրադարձությունները նման զարգացում չեն ունենա, այնուամենայնիվ, պատերազմն սկսվեց։ Սպասելի՞ էր արդյոք նման սցենարը։

-Այո, սպասելի էր, ավելին, ես ԶԼՄ-ներով ու իմ ֆեյսբուքյան էջում դրա մասին զգուշացնում էի, որովետև դեռևս 2021-ի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանն Արևմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, կոշտ առաջարկություններ ներկայացրեց՝ նշելով, որ այդ առաջարկություներին պետք է կոնկրետ պատասխանել կարճ ժամանակահատվածում։ Դրանից արդեն պարզ էր, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ լարվում է։ Մի հանգամանք էլ կա՝ Ռուսաստանն իր դիրքորոշումը սկսեց փաստացի կոշտացնել Բելառուսի և Ղազախստանի դեպքերից հետո, և Ուկրաինան ընկավ Ռուսաստանի «դրբի տակ»՝ որպես Բելառուսում ու Ղազախստանում քաղաքական սրացումների հետևանք։ Կառավարման մեջ ոսկե օրենք կա, որը Ռուսաստանն այսօր օգտագործում է՝ եթե ուզում ես, որ թշնամին հաշվի առնի քո պահանջներն, ապա ստեղծիր մի իրավիճակ, երբ դրանց հաշվի չառնելն իր համար ավելի վտանգավոր կլինի։

Ընդհանրապես, Ռուսաստանի և անգլոսաքսոնական աշխարհի միջև վերջին մի քանի դարում պարբերաբար սրվում են հարաբերությունները, և այժմ մենք ականատեսն ենք սրման հերթական փուլին։ Անգլոսաքսոնական աշխարհը Ռուսաստանի դեմ հիմնականում պայքարում է «մանկլավիկ» ուժերի և պետությունների միջոցով, և արդյունքում ինքնաբերաբար այդ պետությունները կա՛մ քանդվում են, կա՛մ ահռելի կորուստներ են ունենում։ Սցենարը հետևյալն է՝ նախ այդ պետություններում լայնածավալ ձևավորվում են գրանտալափ իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք սնվում են անգլոսաքսերի ու իրենցից կախված պայմանական Արևմուտքի կողմից, և քանի որ 3-րդ երկրների «էլիտաներում» գրեթե բոլորը փողի մեռածներ են, ապա շատ արագ նրանք հայտնվում են անգլոսաքսերի ազդեցության տակ։ Հետո այդ երկրներում իրավիճակն ապակայունանում է, մասնավորապես «գունավոր» հեղափոխությունների միջոցով, որը զուգորդվում է հակառուսականությամբ և ռուսատյացությամբ: Վերջում էլ տեղի է ունենում պատերազմ և տարածքների կորուստ։

-Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ անկեղծ խոստովանությամբ՝ հայտարարելով, որ Ուկրաինան մենակ է մնացել այս պատերազմում, և որ Արևմուտքի երկրները վախենում են Ուկրաինան ընդունել ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ Ու՞մ վրա էր հույսը դրել Ուկրաինայի իշխանությունը։

- Արևմուտքը միշտ էլ պատրաստ է զոհաբերել Ռուսաստանի դեմ 1-ին գծում պայքարողներին։ Նրանք ընդամենը միջոց են, որպեսզի թուլացնեն Ռուսաստանը։ Հիմա Արևմուտքն, օգտվելով իրավիճակի լարվածությունից, ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի հանդեպ տարբեր ոլորտներում, այդ թվում պատժամիջոցների գործիքակազմով։ Ուկրաինական ճգնաժամը հերթական առիթն է Ռուսաստանին հունից հանելու։ Այսինքն, իրենց նպատակն Ուկրաինային աջակցելը չէ, այլ Ռուսաստանին ցավոտ հարվածելը։

-Փաստորեն, ո՞վ է շահելու այս հակամարտությունից և ո՞վ է տուժելու։

-Թե ով է շահելու, դեռ պարզ չէ, բայց տուժողը միշտ էլ անգլոսաքսերի «մանկլավիկ» պետություններն ու ուժերն են, տվյալ դեպքում՝ Ուկրաինան և այնտեղի գրանտալափները։ Ամեն դեպքում՝ եթե արթնացնում ես քնած արջին, ապա պետք է պատրաստ լինես կերակուր դառնալու։

-Այս տեմպերով Կիևը մի քանի օրից կարող է հայտնվել ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ի՞նչ կլինի դրանից հետո։ Առհասարակ՝ ի՞նչ է սպասվում Ուկրաինային։

-Ուկրաինայում կսկսվեն քաղաքական ներքին հրդեհներ՝ ընդհուպ երկրի մասնատում։ Պետք է իմանալ, որ Ուկրաինայի արևմուտքը կտրուկ տարբերվում է հարավից ու արևելքից։ Հարավն ու արևելքը հակված են լինելու կա՛մ մտնել ՌԴ-ի կազմի մեջ, կա՛մ դառնալ շատ ուժեղ պրոռուսական շրջաններ։ Իհարկե, կլինեն անցումային գործընթացներ, որտեղ կփորձի մխրճվել նաև Արևմուտքն՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան։

Ընդհանրապես, ուկրաինական դեպքերն աշխարհաքաղաքական փոփոխությունների 1-ին փուլն են, քանի որ Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունը խորանում է։ Առաջանում է մեծ բևեռ՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան, որոնց կարող են միանալ նաև մի շարք այլ պետություններ։ Խորքային մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ եթե մենք այս իրավիճակում շարունակենք մեզ փնթի և անպատասխանատու ձևով պահել, ապա այս փոփոխություները մեզ վրա շատ թանկ կնստեն։

-Այսինքն այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է կատարի Հայաստանը կամ ի՞նչ քայլեր չպետք է կատարի։

- Մինչ այս պատերազմը ես հայտարարել էի, որ աշխարհն աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների շեմին է, և մենք պետք է քառապատիկ աչալուրջ լինենք, բայց, ցավոք, վտանգ կա, որ հերթական անգամ ունենալու ենք ողբերգական դեպքեր, ինչպես, օրինակ, 1-ին համաշխարհայինի ժամանակ 1915-ի Մեծ Ցեղասպանությունը։

Հիմա մոտենում է Հայաստանի համար այն պահը, երբ պետք է հստակ դիրքորոշումով հանդես գալ։ Ցավոք, այսօրվա Հայաստանի իշխանություններն Արևմուտքի խորքային ուղղակի ազդեցության տակ են, մասնավորապես քայլ առ քայլ աճող պետական պարտքի պատճառով, որը հիմնականում ձևավորված է անգլոսաքսոնական ֆինանսական կառույցների նկատմամբ, ինչպես նաև ապազգային և «ազգայնական» գրանտալափերի «շնորհիվ»։ Այդ իսկ պատճառով հիմա դժվարին իրավիճակի մեջ ենք հայտնվել,  ոչ մի «լյուֆտ» չունենք և եթե սխալ որոշումներ կայացնենք, չի բացառվում, որ այստեղ, լավագույն դեպքում, սկսվելու է ուկրաինական սցենարը, իսկ վատագույնը՝ Երկրի ոչնչացում: Առավել ևս, որ մեր բնակչությունը շոկի մեջ է գավառական մտածելակերպի պայմաններում և իսպառ զրկված է տարրական ինքնապահպանման բնազդից։

Ընդհանրապես, մենք աշխարհաքաղաքականությունից մղոններով հեռու ենք, քանզի մեզ մոտ քաղաքականությունը բավարարվում է գավառական լոկալ հարցերով։ Եվ երբ սկսվում են աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժեր, ապա մեծ է հավանականությունը, որ մեր անգրագետ ու անմակարդակ քաղաքականության պատճառով 2 կողմից «դրբի տակ» ընկնենք, ինչպես եղավ 20-րդ դարասկզբին, որն ավարտվեց Հայոց Ցեղասպանությամբ։

-Եթե ունենայինք ուժեղ իշխանություններ և լուրջ դիվանագիտություն, ի՞նչ խնդիրներ կարող էինք լուծել ստեղծված պայմաններում։

-Եթե ունենայինք ուժեղ և պետական շահը գիտակցող իշխանություններ, նախ չէինք ունենա 44-օրյա պատերազմը։ Բացի դա՝ ի՞նչ տեղի ունեցավ․ Ռուսաստանը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունները որպես անկախ պետություններ, ընդ որում՝ այն տարածքներով, որոնք գրված են այդ պետությունների Սահմանադրությունների մեջ, ինչն ավելի մեծ է, քան այժմ նրանց փաստացի զբաղեցրած տարածքները։

Արցախի Սահմանադրությամբ ամրագրված է այն տարածքը, որը կար մինչև 44-օրյա պատերազմը։ Եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, ապա Արցախի ճանաչման հարցում մենք կարող էինք մոտենալ Լուգանսկի ու Դոնեցկի Հանրապետությունների ճանաչման ճակատագրին ոչ միայն Ռուսաստանի, այլև մի շարք այլ պետությունների կողմից։

Ի տարբերություն մեզ՝ թուրքական աշխարհը տեկտոնիկ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ժամանակ շատ արագ ու ճիշտ է կողմնորոշվում, ինչպես շուտ կողմնորոշվեց 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ժամանակ։ Երկու դեպքում էլ Թուրքական պետությունը կարող էր իսպառ վերացվել, բայց իրենց դիվանագիտության շնորհիվ կորուստներ չունեցան։ Հիշենք 1920-ը, երբ Քեմալ Աթաթուրքը ստեղծված իրավիճակում շատ արագ կողմնորոշվեց և ժամանակավորապես գցվեց Սովետական Ռուսաստանի գիրկը՝ ստանալով ոչ միայն քաղաքական աջակցություն Լենինից, այլև զենք ու ոսկի։ Փոխարենը մենք մինչև վերջին պահը պարում էինք Արևմուտքի դուդուկի տակ և վերջում մնացինք ձեռնունայն։ 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրվեց տխրհահռչակ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, որով Հայաստանին մնաց 10 հազար քառ․ կմ-ից պակաս տարածք։

Հարություն Մեսրոբյան հարցազրույց Ուկրաինա Ռուսաստան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին