f

Անկախ

«Շատ-շատ-շա˜տ համեղ է․․․»․ Շաղիկ Տեր-Վարդանյան


«Բարի օր, սիրելի հեռուստադիտող, բարի օր, սիրելի գործընկերներ, ձեզ հետ Շաղիկն է, այսօր կպատրաստենք շատ համեղ նախաճաշ․․․»։

Աշխատանքային յուրաքանչյուր առավոտ Հանրայինի եթերում Շաղիկն այս խոսքերով է սկսում եթերն ու մի հետաքրքիր ուտեստ պատրաստում՝ համեմելով այն առողջարար բաղադրիչներով, գլխապտույտ համեմունքներով և իհարկե արևմտահայ իր գեղեցիկ բարբառով։

Շաղիկ Տեր-Վարդանյանը ծնվել, մեծացել է Հալեպում։ 2011 թվականին ամուսնացել  է սիրիահայ Ալեքսի Բյուզանդյանի հետ և նրա հետ միասին տեղափոխվել Հայաստան՝ ամուսնական կյանքի նորամուտը սկսելով հայրենիքում, որտեղ ամուսինը շինարարական ոլորտում ներդրումներ էր կատարում՝ կառուցելով բնակելի համալիրներ, իսկ Շաղիկն աջակցում էր նրան մարքեթինգի հարցերում։

Երկու դուստրերը՝ Բեկան ու Էմմին, ծնվել են Հայաստանում, և Շաղիկն ուրախ է ու հպարտ, որ զավակները մեծանում են այստեղ։

«Ինչքան էլ Հայաստանում վիճակը վատ լինի, մեկ է, ես հանգիստ եմ, քանի որ իրենք հայ են և իրենց հայրենիքում են։ Մենք շատ լավ ենք ապրել Սիրիայում, այնտեղ ես հաճախել եմ հայկական դպրոց ու ճեմարան։ Մեր կյանքն այնտեղ ուրախ էր ու անհոգ։ Բայց հիմա եմ հասկանում, որ իմ չորս կողմը օտար մարդիկ էին, իսկ այստեղ շուրջբոլորդ քո հայրենակիցներն են՝ հարևանը, խանութպանը, տաքսու վարորդը։ Սա ուրիշ զգացողություն է»։

Շաղիկը մասնագիտությամբ սննդաբան է։ Աշխատանքային կարիերան սկսել է Սիրիայի առաջին մասնավոր ռադիոկայանում՝ սկզբում որպես օգնական, հետո արդեն որպես հանրային կապերի պատասխանատու և գործադիր տնօրեն։ Եղել է նաև ամսագրի տնօրեն։ Իսկ խոհանցն ու խոհարարությունը նրա կյանք են մտել այն ժամանակ, երբ ամուսնացել է և որոշել ամուսնուն զարմացնել հետաքրքիր ու համեղ խորտիկներով։

«Չնայած ուսանող ժամանակ էլ երբեմն սիրում էի պատրաստել ընկերուհիներիս հրավիրում էի մեր տուն, մի ուտեստ պատրաստում, որը պարտադիր պիտի կծու լիներ, և սիրում էի տեսնել նրանց արձագանքը, երբ ուտեստը հավանում էին։ Իսկ երբ ամուսնացա ու սկսեցի պատրաստել ամուսնուս ու երեխաներիս համար, խոհանոցը շատ ավելի սիրեցի»։

Ընտանիքի համար պատրաստած գեղեցիկ ու համեղ ուտեստները Շաղիկը երբեմն լուսանկարում էր ու իր ինստագրամյան էջում կիսվում ընկերների հետ։

«Մեծ արձագանք էր լինում, մարդիկ հետաքրքրվում էին, բաղադրատոմսեր հարցնում։ Հետո մտածեցի խոհարարական բլոգ բացել ու սկսեցի փոքր-փոքր վիդեոներ նկարել, դնել իմ էջում։ Եվ քանի որ սննդաբանություն էի ուսանել, միշտ այնպիսի ուտեստներ էի պատրաստում, որ և՛ համեղ լինի, և՛ օգտակար, և՛ բալանսավորված»։

Մարդկաց հետաքրքրությունից ու արձագանքներից ոգևորված՝ Շաղիկը որոշում է այդ ամենը պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացնել։ Փնտրում, գտնում է աշխարհում խոհարարության ամենալավ դպրոցներից մեկը և 2019-ին մեկնում Փարիզ սովորելու։

«Դա շատ մեծ փորձառություն էր ինձ համար։ Դասընթացի հիմքում առողջ սնունդն էր, և ես լավ փորձառությամբ վերադարձա ու նոր ոգևորությամբ սկսեցի պատրաստել»։

Շուտով «Շարմ հոլդինգը» Շաղիկ Տեր-Վարդանյանին համագործակցության առաջարկ է անում։ Յութուբ-ի հարթակում խոհարարական անգլիալեզու ալիք է բացվում, որը վարում է Շաղիկը։ Որոշ ժամանակ անց հրավեր է ստանում Հանրային հեռուստաընկերությունից՝ նկարահանվելու «Առավոտ լուսո» ծրագրում, և հաղորդաշարի շրջանակներում ստեղծվում է «Համեղ առավոտ Շաղիկի հետ» շարքը։

«Առաջին չորս օրը շատ դժվար էր, քանի որ հեռուստաեթերի փորձ չունեի, բայց հինգերորդ օրվանից սկսած այլևս ոչ մի խնդիր չկար։ Սկզբում ուտեստները պատրաստում էի հենց տաղավարում, իսկ հետագայում նկարահանումը տեղափոխվեց իմ խոհանոց, որն ավելի հարմարավետ  ու հաճելի դարձավ ինձ համար»։

Սոցիալական ցանցերի իր էջերում Շաղիկն ունի տասնյակ հազարավոր հետևորդներ, որոնք ամեն օր ոգեշնչվում են նրա գունագեղ ու կրեատիվ ուտեսներից։ Հեռուստադիտողին հատկապես դուր է գալիս «Համեղ առավոտի» այն հատվածը, երբ Շաղիկն իր ուտեստը համտեսում է և ոգևորված ասում․ «Շատ-շատ-շատ˜ համեղ է․․․»  

«Մարդիկ գրում են, շնորհակալություն են հայտնում, ասում են, որ սիրում են խոսքս, չնայած իմ խոսքը ո՛չ արևելահայերեն է, ո՛չ արևմտահայերեն, «միքս» է։ Սփյուռքահայերից շատերն էլ ասում են՝ արևմտահայերենը պահիր, մի խառնիր արևելահայերենի հետ, բայց ես հաճախ երկուսն էլ օգտագործում եմ, քանի որ շատ արևմտահայերեն բառեր տեղացիները կարող են չհասկանալ։ Իսկ երբեմն էլ ստիպված անգլերեն բառեր եմ օգտագործում և փորձում դրանց հայերեն բացատրությունը տալ, քանի որ խոհարարության մեջ, պարզվում է, որոշ բառեր կամ գործողություններ հայերենը չունի, և պիտի չարչարվես, որ գտնես համարժեք բառը»։

Ուտեստները Շաղիկը պատրաստում է բացառապես ձիթապտղի ձեթով։ Դա իր պատմությունն ու արմատներն ունի։ Շաղիկի պապը՝ Լևոն Տեր-Վարդանյանը, Ցեղասպանության ժամանակ Խարբերդից փախչել է Սիրիա։ 11 եղբայրներից միայն երկուսն են ողջ մնացել։ Լևոնը Սիրիայում սկսել է աշխատել և դարձել է հայտնի կապալառու։ Հիմնել է շինարարական ընկերություն, Հալեպում եկեղեցիներ, ակումբներ և այլ շինություներ կառուցել։ Հետո ձիթենու մեծ այգիներ է գնել ու զբաղվել նաև այդ ոլորտով։ Հետագայում պապի շինարարական գործն ու ձիթենու այգիների գործը շարունակել են Շաղիկի հայրն ու հորեղբայրը։

«Հայրս էլ Հալեպում հիմնել է ձիթապտղի արտադրության գործարան։ Իմ մանկությունն այդ ամենի մեջ է անցել, մենք երբեք ուրիշ ձեթ չենք օգտագործել, և հենց այդտեղից էլ գալիս է ձիթապտղի ձեթի նկատմամբ իմ մեծ սերը»։

Ցավոք Սիրիայի պատերազմի ժամանակ հոր գործարանը թալանվել է, իսկ հսկայական այգիները մնացել են թուրքերի վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Փաստորեն պապս Ցեղասպանությունից մազապուրծ հասավ Սիրիա, զրոյից ստեղծեց այդքան բան, իսկ վերջում դա նորից մնաց թուրքին։ Թուրքին մնաց նաև մեր ամառանոցը, որտեղ անցել է իմ մանկությունը։ Շատ ցավալի է, ես չգիտեմ՝ արդյոք իմ զավակները կամ թոռները երբևէ կկարողանա՞ն տեսնել այդ ամենը»։

Ի դեպ, երբ Շաղիկն ամուսնացել ու տեղափոխվել է Հայաստան, նրա հետևից Հայաստան են տեղափոխվել նաև ծնողներն ու հարազատները։

«Առաջնեկիս ծնվելու առթիվ եկան մեզ այցելության և այլևս չվերադարձան Սիրիա։ 2012 թվականն էր, պատերազմն էլ նոր էր սկսվել, և դա էլ իր հերթին առիթ դարձավ, որ  հարազատներս էլ հաստատվեն Հայաստանում»։

Հայաստանում ապրելուց հետո Շաղիկն այլևս իր կյանքը չի պատկերացնում ո՛չ Սիրիայում, ո՛չ էլ այլ երկրում։

«Երբեք չեմ ուզի Հայաստանից դուրս գնալ։ Շատ կուզեմ, որ Հայաստանն առաջ գնա, զարգանա, կրթությունն ավելի որակյալ լինի, որովհետև դրա տկարությունը տեսնում եմ և հույս ունեմ, որ մինչև երեխաներիս համալսարան գնալը այստեղ որակյալ համալսարաններ կլինեն։ Բայց երեխաների համար այստեղ կա շատ ավելի կարևոր բան՝ դա մարդկանց վերաբերմունքն է երեխայի հանդեպ։ Այդ հոգատարությունը, ուշադրությունը, սերը ուրիշ ոչ մի տեղ չես կարող գտնել»։

Շաղիկը վստահ է՝ Հայաստանը հաղթահարելու է այսօրվա փորձությունները, դժվարություններից մի օր ելք է լինելու, և բոլորի հայացքն ուղղվելու է դեպի Հայաստան, դեպի հայրենիք։

 

 

 

 

 

Շաղիկ Համեղ առավոտ Շաղիկի հետ Շաղիկ Տեր-Վարդանյան Հայրենադարձություն խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին