Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել բարձր եկամուտ ունեցող երկրներին 16 միլիարդ դոլար հատկացնել ՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար կորոնավիրուսային պատվաստանյութեր, թեստեր և անհատական պաշտպանիչ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվում ACT-Accelerator ծրագրի գործարկման համար։
«Քանի որ աշխարհի բնակչության զգալի մասը դեռևս չի կարողանում պատվաստվել, թեստավորվել կամ բուժվել, կառավարություններին շտապ անհրաժեշտ է 16 միլիարդ դոլար դրամաշնորհ՝ ACT-Accelerator գործակալությունների աշխատանքը ֆինանսավորելու համար», - նշված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Համապատասխան ֆինանսական ներարկումները կօգտագործվեն COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու և հետագայում դրանք կարիք ունեցող երկրներ փոխանցելու համար: Սեպտեմբերին ԱՄՆ-ը և ԵՄ-ն գործարկեցին համագործակցություն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ցածր եկամուտ ունեցող երկրներ փոխանցելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ ասել էր, որ աղքատության մակարդակն աշխարհում աճում է համաճարակի պատճառով։