Գինեսիբազմակի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցի համար 2021-ը նշանավորվեց նոր ռեկորդների գրանցմամբ և նոր հաղթանակներով։
Մասնավորապես տարեվերջին հայ մարզիկը Հայաստանի մաս-ռեսթլինգի հավաքականի հետ Ֆինլանդիայում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ դարձավ բրոնզե մեդալակիր։
Անկախի հետ զրույցում Յուրի Սաքունցը կիսվում է մրցաշարից ստացած տպավորություններով՝ միաժամանակ խոսելով 2022-ի ծրագրերի մասին։
-Յուրի ջան, շնորհավորում ենք Ֆինլանդիայում մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Բավական երկար և նպատակային մարզումներ էինք անցկացրել՝ նախապատրաստվելով ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի գլխավորությամբ։
Մարտական տրամադրված մեկնեցինք, որովհետև 2021-ի առաջին միջազգային մրցաշարն էր և լիարժեք պատրաստ էինք պայքարի մեջ մտնելու։
-Բրոնզե մեդալը հաստատապես Ձեր հնարավորությունների գագաթնակետը չէ։ Ի՞նչը խանգարեց։ Մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարից առաջ քաշ էի գցել, գուցե դա խանգարեց, գուցե տրամադրվածությունը, գուցե որևէ այլ բան։
Մասնակիցներս փորձառու, ուժեղ մարզիկներ էին, աշխարհի առաջնությունների մեդալակիրներ։ Ինձ բավական ոժեղ մրցակիցներ բաժին հասան։
Սակայն ցանկանում եմ նշել, որ այս հաղթանակն ինձ համար մեծ ձեռքբերում էր, քայլ առ քայլ շարժվում եմ առաջ՝ ոսկե մեդալին հասնելու։ 2018-ին 6-րդն էի, 2019-ին զբաղեցրել եմ 4-րդ հորիզոնականը։ Տարիների աշխատանքիս արդյունքն ակնհայտ է։
Գնացել էի ոսկու հետևից, շատ լավ էինք պատրաստվել ողջ թիմով․ կարևորը, որ բոլորս մեդալներով վերադարձանք։
-Ուրախալի է, որ թիմում նկատելի է համերաշխ մթնոլորտ։
-Մեր թիմը կարծես մեկ ընտանիք լինի։ Մեկս մյուսի ելությներով ուրախանում ենք, միմյանց ոգևորում, գիտակցում ենք, որ կարող ենք ավելին։ Տղաներն արժանի էին ոսկե մեդալների։ Հրաշալի գոտեմարտեր անցկացրին Հովհաննես Դավթյանն ու Աշոտ Հավհաննիսյանը՝ արծաթե մեդալներ նվաճելով։
Հպարտություն ենք զգում, երբ ներկայացնում ենք հայոց եռագույնը, ինչը պարտավորեցնում է և հպարտանալու առիթ է ընձեռում։
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-2022-ին մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր գործով զբաղվել։ Տարվա ընթացքում կմասնակցեմ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։ Աստծով առաջ պատրաստվում եմ աննախադեպ ռեկորդ սահմանել՝ քաշելով մետրոյի վագոնը։