ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարակաբան Եվգենի Տիմակովը խոսել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակմանը բնորոշ ախտանիշների մասին։ Գրում է Gazeta.ru-ն:
«Միգուցե միայն հարբուխ լինի, և դուք արդեն վարակված լինեք «օմիկրոնով», բայց կարող է լինել նաև ախտանիշների համալիր: Եթե մարդու մոտ անմիջապես առաջանա քթահոսություն, գլխացավ, կոկորդի ցավ, խռպոտություն և կղանքի խանգարում, ապա այս ժամանակահատվածում՝ հիվանդացության աճի ընացքում, դա կլինի գրեթե 100% «օմիկրոն»»,- ասել է մասնագետը։
Նա նաև նշել է, որ «օմիկրոնը» ուղեկցվում է տարբեր ախտանիշներով՝ տհաճություն, քնի խանգարում, ջերմություն, որովայնի ցավ և աղեստամոքսային տրակտի ռեակցիաներ։
«Կան շատ տարբեր կլինիկական դրսևորումներ, ոչ սպեցիֆիկ»,- հավելել է մասնագետը։
Ավելի վաղ մաշկաբանը խոսել էր մաշկի վրա օմիկրոն շտամի ազդեցության մասին։
Հաղորդվել է նաև, որ օմիկրոն Ուհանի վիրուսի համեմատ ունի ավելի քան 50 մուտացիա: