Microsoft ընկերության ղեկավարությունը նոր հետաքննություն է հայտարարել կորպորացիայի նախկին ղեկավար Բիլ Գեյթսի նկատմամբ՝ աշխատակիցների հետ սեքսի դեպքերի պատճառով։ Այդ մասին նշված է ամերիկյան ընկերության տնօրենների խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։ Գրում է Gazeta.ru-ն:
Փաստաթղթի համաձայն՝ հետաքննությունը կանցկացնի Arent Fox իրավաբանական ընկերությունը։ Նման միջոցներ են ձեռնարկվում ընկերությունում սեռական ոտնձգությունների և խտրականության վերաբերյալ քաղաքականությունը վերանայելու համար:
Հետաքննության արդյունքում ընկերությունը հաշվետվություն կներկայացնի Microsoft-ին, որը կամփոփի տնօրենների խորհրդի անդամների և կորպորատիվ ղեկավարության դեմ սեռական ոտնձգությունների բոլոր հետաքննությունները:
Նրանք նաև կստուգեն Գեյթսի դեմ ուղղված մեղադրանքները, որոնք առաջին անգամ դիտարկվել են դեռևս 2019 թվականին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Microsoft-ի ղեկավարությունը Գեյթսի գործընկերների հետ սեռական հարաբերությունների մասին իմացել է դեռ 2008 թվականին և նրան խորհուրդ տվել անհապաղ դադարեցնել դրանք։ Բիլ Գեյթսը լքել է Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմը 2020 թվականին՝ նախքան հետաքննության ավարտը։ Գեյթսի խոսնակը պնդել է, որ իր հրաժարականի որոշումը «այս հարցի հետ կապ չունի»: