Անցած օրվա ընթացքում ամերիկացի բժիշկները հայտնաբերել են COVID-19-ի ավելի քան 1 միլիոն դեպք, սա առավելագույն ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։
Երկրում վարակման դեպքերի աճը կապված է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջին տեղը COVID-19-ով հիվանդացության մակարդակով։ Համաճարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 56,1 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 820 հազար մարդ։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի օրական տարածման տեմպերը նոր տարուց քիչ առաջ հասել են ռեկորդային մակարդակի։ Բրաունի համալսարանի փորձագետ Աշիշ Ջահի կարծիքով՝ հունվարը շատ դժվար ամիս է լինելու։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ մինչև փետրվար կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը զգալիորեն կնվազի։ Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ օմիկրոնի շտամով վարակման դեպք նույնիսկ Սպիտակ տանն է հայտնաբերվել։