f

Անկախ

Մարտահրավերները չեզոքացված չեն. ԱԱԾ-ն պետք է կրկնապատկի իր զգոնությունը. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ-ում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով և ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի ու ծառայության համար:

Պիտի ընդգծեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես մենք ականատես եղանք Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատանքի արդյունավետության շոշափելի և տեսանելի բարելավման, և այն, որ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց, ըստ էության, քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:

Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի Հանրապետության ներսում ոչ մի կրակոց չի հնչել, և, ըստ էության, քաղաքացիական բախումներ տեղի չեն ունեցել, ինչը, մի կողմից, աննախադեպ է նման իրավիճակներ տեսած երկրների պատմության համար, և մյուս կողմից՝ արձանագրում է, ընդգծում է մեր մի շարք պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը:

Այս առումով պիտի ընդգծեմ, որ թերևս այս վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը, մեր մի շարք այլ կառույցների հետ, մեր պետականության, ինքնիշխանության և անկախության պահպանման և պաշտպանության շատ էական և կարևոր գործառույթ է իրականացրել, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այդ գործառույթն արդյունավետ կերպով իրականացնելու համար: Բայց մենք նաև պիտի ընդգծենք, որ մեր առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն, և այս ընթացքում մեր ձեռք բերած փորձը պիտի օգտագործենք պետականության, ինքնիշխանության, անկախության, մեր Սահմանադրության և օրենսդրության, մեր տարածքային ամբողջականության պահպանման գործում առավել արդյունավետ լինելու համար:

Մյուս կողմից՝ պիտի նաև հետևյալն ընդգծել. 2020 թվականը, ի վերջո, մեծ հաշվով ինչի՞ մասին էր, և ի՞նչ ցույց տվեց: Ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Հայերենում այսպիսի ասացվածք կա՝ «Դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից՝ մեր»: Շատ դեպքերում, այո, հաջողվում է երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծել որոշակի իմիջ, բայց երբեմն գործնական առումով տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն: Սա մեր ընթացիկ ամենամեծ խնդիրն է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ, ի վերջո, մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխանեն այն միջավայրին, որում նրանք այսօր գործում են: 21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները:

Իհարկե, զուգահեռ նաև պիտի արձանագրենք հետևյալը՝ աշխատավարձերի այն մակարդակը, որ մենք այսօր ունենք մեր երկրի պետականության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար պատասխանատու մարմիններում, այդ աշխատավարձերի, վճարումների, դրամական բավարարումների մակարդակը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առաջ մեր պետական մարմինները եղել են, կան և պիտի շարունակեն լինել:

Ես չեմ ասում, որ մենք հիմա մեկ գործողությամբ այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, բայց պետք է արձանագրենք այս ամենը, որպեսզի ճիշտ դիրքավորվենք և ճիշտ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքը: Մանավանդ հիմա, երբ, ըստ էության, տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու: Որովհետև, նախ, քաղաքական հայտարարությունները դեռևս ինքնին չեն նշանակում, որ կհաջողվի դա իրականացնել, և երկրորդը, եթե մենք այս ուղղությամբ հաջողությամբ առաջ շարժվենք, մարտահրավերների կառավարումը լինելու է շատ ավելի բարդ և շատ ավելի դժվարին:

Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո ես տեսնում եմ հնարավորություն, որ մենք կարող ենք քայլ-քայլ առաջ շարժվել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով: Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամենն անելու է՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Բայց առավելևս այս պայմաններում և միջավայրում Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կրկնապատկի իր զգոնությունը, մեծացնի իր գործունեության արդյունավետությունը, հենց բուն՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության մարմինները, որովհետև այս նոր միջավայրի ձևավորումը շատ պատասխանատու և էական խնդիր է, որը միասին, իհարկե, պիտի փորձենք իրագործել»:

Փաշինյանը հավելեց, որ այո, քաղաքական գործընթացների ճշգրիտ ապահովման համար ունենք Ազգային անվտանգության ծառայության մարմինների փորձագիտական, պրոֆեսիոնալ օժանդակության և աջակցության կարիքը. «Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ Կառավարությունը պետք է մեր Ազգային անվտանգության ծառայությանը և Ազգային անվտանգության ծառայության մարմիններին կարողանա օժտել այնպիսի հնարավորություններով, որ իր առաջ դրված խնդիրները լուծելի լինեն: Պիտի խոստովանեմ և արձանագրեմ, որ, այո, շատ երկար տարիների ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը գործել է տեխնիկապես համակարգային առումով ոչ պատշաճ բավարարվածության մակարդակով: Բայց, մյուս կողմից, պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ Ազգային անվտանգության ծառայության կողմից լուծվել են և լուծվել են բազմաթիվ ծառայողների նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և պետական ծառայության արժեքն իմանալու շնորհիվ:   

Մենք երբեք չենք ասում, որ մեր պետական կառավարման մարմինների աշխատանքն անթերի է, բայց այսպիսի հանդիսավոր օրերին մենք հատկապես պիտի շեշտենք այն դրականը, որը կա, որպեսզի նոր լիցք ստանանք՝ գնալով ավելի բարդացող խնդիրները լուծելու համար: Իսկ մեր խնդիրը պարզ է՝ ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի  միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետևողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից:

Այո, շատ դեպքերում մենք պետք է փոխենք մեր դիտանկյունը, պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր ընկալումը ժամանակակից աշխարհին և նրա մարտահրավերներին,  պիտի կարողանանք հաղորդակցության մեջ լինել աշխարհի հետ: Գիտեք, շատ դեպքերում այնպիսի տպավորություն է և, իմիջիայլոց, սա վերաբերում է մեր անկախության ամբողջ շրջանին, որ մենք շատ դեպքերում ասել ենք մեր ասելիքը՝ ըստ էության, չլսելով կամ չլսելու տալով, թե ինչպես է դրան արձագանքում միջազգային հանրությունը: Ո՛չ դժբախտաբար, ո՛չ էլ բարեբախտաբար, ուղղակի սա պիտի արձանագրեք, մենք ապրում ենք միջավայրում, այդ միջավայրն աշխարհն է, միջազգային հանրությունն է, մենք պետք է առավել ուշադիր լինենք՝ հասկանալու միջազգային հանրությանը և պետք է առավելագույն ջանք գործադրենք՝ միջազգային հանրությանը հասկանալի լինելու համար: Սա է այն բանաձևը, որը պիտի ապահովի և երաշխավորի Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը անկախությունը, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների լիարժեք պաշտպանությունը:

Հարգելի պարոն Աբազյան,

Հարգելի գործընկերներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով: Ինչո՞ւ եմ ասում բոլորիս՝ որովհետև  Ազգային անվտանգության մարմինների աշխատողները, մարմիններն իրենց գործունեության մեջ ապահովում են և պիտի ապահովեն Հայաստանի Հանրապետության, նրա բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը բխում է Հայաստանի Հանրապետության՝ առանց բացառության բոլոր քաղաքացիների շահերից»:

Հայաստան ՀՀ ԱԱԾ Նիկոլ Փաշինյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին