Վեդիում ՔՊ և Հանրապետություն կուսակցությունների ավագանիների ամբողջ կազմով ինքնաբացարկը բառացիորեն ոչ այլ ինչ է, քան այլանդակություն:
Նույնպիսի այլանդակություն է Երևանի ավագանիում նախաձեռնված անվստահության գործընթացը գործող քաղաքապետի դեմ հրապարակայնացված հիմքով: Ընդունենք Մարությանը հանդիպել է խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցություն ունեցող Հայաստան դաշինքի առաջնորդի հետ և ի՞նչ:
Տեղի ունեցող զարգացումները մեկ անգամ ևս հաստատում են իմ պնդումը, որ Հայաստանում պետական իշխանությունը ձևավորող ուժերը չունեն և չեն էլ ցանկանում ձևավորել համատեղ քաղաքական ռիսկի գոտի, որ յուրաքանչյուր պետության անվտանգության հիմքն է: Ու եթե այդպես, իսկ այդպես է փաստորեն, այդ ուժերը ոչ միայն չեն կարող ապահովել պետության հիմնական՝ անվտանգության գործառույթի արդյունավետ իրականացումը, այլև իրենք են վերածվում անվտանգային սպառնալիքի աղբյուրի:
Ու սպառնում են մեր անվտանգությանը, մեր ծնողների, երեխաների անվտանգությանը: Անձնական ատելությունից կուրացած քաղաքական անմեղսունակներին թվում է, թե այս երկրում բոլորն իրենց կողմնակիցն են կամ ընդդիմադիրը՝ նիկոլական կամ հականիկոլական, քոչարյանական կամ հակաքոչարյանական, և այդպես շարունակ: Քաղաքացիական պատերազմ փափագող իդիոտներին վստահել ենք մեր հայրենիքի ճակատագիրը, նստել ենք թախտին, սպասում ենք բախտին: