f

Անկախ

Իսկ Հանրային խորհուրդը կա՞․․․


Որտե՞ղ է Հանրային խորհուրդը, կա՞, թե՞ չկա։ Այս հարցն այսօր մարդկանց նույնիսկ չի էլ հետաքրքրում։ Փոխարենը մինչև 2018 թվականը Հանրային խորհուրդը մշտապես հայտնվում էր հասարակական-քաղաքական շրջանակների, ԶԼՄ-ների ուշադրության, երբեմն՝ քննադատության թիրախում։

2018-ից հետո, երբ ձևավորվեց նոր իշխանություն, Հանրային խորհուրդը հայտնվեց իշխանության ուղղակի հարվածների տակ։ Գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանության ներկայացուցիչներն ու իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները հարցումներ էին  ուղարկում ՀԽ և հաշվետվությունն էին պահանջում ՀԽ գործունեության մասին՝ չզլանալով նաև բուռն հարցազրույցներ տալ ու հայտարարություններ հնչեցնել խորհրդի նպատակահարմարության  կամ ՀԽ այն ժամանակվա նախագահ Վազգեն Մանուկյանի մասին։ Հետագայում պարզ դարձավ, որ նրանց հետաքրքրում էր ոչ թե Հանրային խորհուրդը, այլ նպատակը Վազգեն Մանուկյանին թիրախավորելն էր։

2019 թվականին Մանուկյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Ստյոպա Սաֆարյանը։ ՀԽ-ին ուղղված հարցերն ու հարձակումները կարծես մեկ կոճակի հպումով ավարտվեցին։ Թե ինչ արեց Ստյոպա Սաֆարյանն իր պաշտոնավարման ընթացքում կամ ի՞նչ արեց ՀԽ-ն, հայտնի չէ։

Փոխարենը 2020 թ․ մայիսի 25-ին՝ արտահերթ ընտրություններից առաջ, Ստյոպա Սաֆարյանը ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց։ Նրա հրաժարականից հետո ՀԽ գործունեության հետ կապված որևէ տեղեկատվություն այլևս հասանելի չէ նույնիսկ ՀԽ պաշտոնական կայքում։ Կայքի վերջին նորությունը Սաֆարյանի հրաժարականի մասին է։ Իսկ Հանրային խորհրդի գոյությունը, ավելի ճիշտ՝ Չգոյությունը, ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ։

Այնուամենայնիվ, Անկախ-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք ՀԽ-ն գոյություն ունի, թե ոչ, նիստեր գումարո՞ւմ է, որքա՞ն գումար է ստանում պետբյուջեից, որտե՞ղ է տեղակայված ՀԽ գրասենյակը, քանի՞ հոգուց է բաղկացած ՀԽ աշխատակազմը, որքա՞ն են նրանք վարձատրվում և այլն։

Զանգահարեցինք Հանրային խորհուրդ, մեր զանգերն անպատասխան մնացին։ Ընդ որում՝ այդ հեռախոսահամարը նշված է նաև ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։ Ստիպված փորձեցինք պարզել ՀԽ աշխատակիցներից մեկի՝ ոմն Սոնայի հեռախոսահամարը։ Վերջինս նախ նյարդայնացավ, որ իր հեռախոսահամարը փոխանցվել է մեզ, ապա խորհուրդ տվեց մեզ հետաքրքրող հարցերն ուղղել այն անձին, ով տրամադրել է իր հեռախոսահամարը։ Սույն աշխատակիցը, որը ներկայացավ որպես ՀԽ փորձագետ, միայն տեղեկացրեց, որ աշխատակազմի ղեկավարը նույնպես դուրս է եկել ՀԽ-ից, այլևս չի աշխատում, և այս պահին մեր հարցերին ոչ ոք իրավասու չէ պատասխանել։ Դիտարկմանը, թե արդյո՞ք ՀԽ բնականոն գործունեությունը խաթարված չէ, վերջինս նշեց, որ խորհուրդը շատ նորմալ աշխատում է։ Ավելին, ասաց, որ իրենք նոր գրասենյակում են և այս պահին իրերն են դասավորում։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք ամենօրյա ռեժիմով աշխատանքի են գնում, վերջին ասաց՝ այո, կարող եք գալ, տեսնել։

Պարզեցինք, որ ՀԽ -ն ունի նոր գրասենյակ, որը տեղակայված է Հանրապետության հրապարակի Փոստ-ի շենքում։ Ի դեպ, այս մասին իր հրաժարականից առաջ ավետել էր նաև Ստյոպա Սաֆարյանը՝ գրելով․ «Մեծագույն ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունվեց բոլորիս կողմից երկար՝ անգամ մեկ տասնամյակ, սպասված որոշումը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից ընդհանուր առմամբ 331.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 4-րդ հարկից 74 քառ. մետր (դահլիճ) և 5-րդ հարկից 257,9 քառ. մետր, որի մեջ՝ աշխատասենյակներ, փոքր հանդիպումների սրահներ) տարածք ամրակցվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հանրային խորհրդի տեղակայման նպատակով»։

Ինչևէ, փորձեցինք այցելել ՀԽ գրասենյակ՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքերին։ Փոստի շենքի պահակակետից մեզ ասացին, որ անիմաստ է վերև բարձրանալ, քանի որ այնտեղ մարդ չկա։ Ճշտող հարցին՝ այս պահի՞ն չկա, թե՞ առհասարակ չկա, ասացին՝ առհասարակ ՀԽ գրասենյակ մարդ չի գալիս, քանի որ այնտեղ դեռևս գործունեություն չի ծավալում։

Փաստորեն աշխատակցի տեղեկությունը, թե իբր իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են, չէր համապատասխանում իրականությանը։

ՀԽ գործունեության հետ կապված մյուս հարցերը պարզաբանելու համար ստիպված եղանք դիմել ՀՀ կառավարություն, քանի որ ՀԽ աշխատակազմը ներառված է վարչապետի աշխատակազմի մեջ, վարձատրվում է  վարչապետի աշխատակազմի կողմից և առհասարակ ՀԽ-ն կառավարությանը կից մարմին է, կառույցի գործունեության համար նախատեսված բոլոր ծախսերը տարեկան կտրվածքով հաստատում և տրամադրում է կառավարությունը և այլն։

Պաշտոնական հարցմամբ փորձեցինք պարզել հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Որքա՞ն գումար է հատկացվել պետական բյուջեից ՀՀ Հանրային խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2020 և 2021 թթ․։

2․ Որքա՞ն գումար  է կազմել ՀԽ աշխատակազմի վարձատրության բյուջեն 2020 և 2021 թթ․ (ներառել նաև պարգևավճարները)։

3․ Քանի՞ աշխատող է եղել Հանրային խորհրդում 2020 թ․, քանի՞ աշխատող է եղել 2021 թ․ և քանի՞ աշխատող կա այս պահին։

4․ Որտե՞ղ է այս պահին գործունեություն ծավալում ՀՀ Հանրային խորհուրդը։

5․ Քանի՞ նիստ է գումարել Հանրային խորհուրդը 2020-2021 թթ։

6 Համաձայն «Հանրային խորհրդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ հերթական Հանրային խորհրդի կազմավորումը սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո` 30-օրյա ժամկետում։ Տվյալ դեպքում առկա է ԱԺ արտահերթ նիստ և ոչ հերթական, այդ դեպքում ՀԽ-ն շարունակո՞ւմ է նույն կազմով իր գործունեությունը։

7․ Ո՞վ է կատարում ՀԽ նախագահի պարտականություններն այս պահին։

Կառավարությունից 6 օր անց պատասխանեցին, որ հարցման մեջ նշված տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում:

Ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե տեղեկատվություն տրամադրելու դժվարությունն է, այլ այն, որ այդ տեղեկատվության տրամադրումը կարող է բացահայտել Հանրային խորհրդի շուրջ ստեղծված խայտառակ պատկերը։ Փաստորեն ՀԽ-ն պետական բյուջեից ֆինանսավորվում է, աշխատակազմը աշխատավարձ է ստանում, բայց սահմանադրորեն ամրագրված կառույցը փաստացի չի գործում։

Ի դեպ, մեծ աշխատանք պետք չէ կատարել հասկանալու համար, որ ՀԽ-ն չի գործում։ Դա ակնհայտ է անգամ խորհրդի պաշտոնական կայքից, որտեղ տեղեկատվությունը նույնիսկ թարմացված չէ, և Ստյոպա Սաֆարյանը, օրինակ, դեռևս ՀԽ նախագահն է։

Սակայն այս ամենի մեջ էական են ոչ միայն պետբյուջեից մսխվող գումարները․ խոսքը գնում է նաև հերթական պետական կառույցի ոչնչացման մասին, կառույց, որն իր գործունեությամբ փորձում էր նոր մշակույթ ձևավորել հանրային, պետական կյանքում՝ ազդելով պետական կառավարման արդյունավետության բարձրացման վրա։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ այս իշխանությունների թեթև ձեռքով ոչնչացավ նաև Հանրային խորհուրդը, ինչպես և բազմաթիվ պետական այլ կառույցներ ու համակարգեր, որոնք 30 տարիների ընթացքում, լավ թե վատ, թերություններով ու արդյունքներ գրանցելով, կայացել էին կամ կայացման ճանապարհին էին։

Ինչևէ, ՀԽ որոշ անդամներից փորձեցինք պարզել, թե իրե՞նք ինչ կասեն խորհրդի ներկա վիճակի մասին։ Շատերը, Հանրային խորհրդի մասին լսելիս, կա՛մ ծիծաղեցին, կա՛մ հռետորական հարց բարձրացրին՝ իսկ Հանրային խորհուրդը կա՞․․․

 

Հ․Գ․

Կառավարության կողմից մեր հարցման պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք հոդվածի երկրորդ մասը։  

 

 

Հանրային խորհուրդ Ստյոպա Սաֆարյան Հայաստան ՀՀ Կառավարություն խմբագրի ընտրանի Հասարակություն

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին