Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը չի միացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս մասին NEWS.am-ին ասաց Հովսեփյանը։
«Ճիշտն ասած ես այս պահին ֆիզարձակուրդի մեջ եմ գտնվում, բայց այդ գաղափարին չեմ միանում»,- նշեց նա և չցանկացավ մանրամասնել պատճառների մասին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։
Հիշեցնենք՝ մամուլում լուրեր էին տարածվել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրվա մեջ պաշտոնանկ կարվի։ Վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում էլ հոդված հայտնվեց, ըստ որի Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: