Pfizer ընկերությունում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամը կարող է չեզոքացվել պատվաստանյութի երեք չափաբաժիններով։ Կորոնավիրուսի օմիկրոն շտամը չեզոքացվում է Pfizer պատվաստանյութի երեք չափաբաժինով, նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ երրորդ չափաբաժինը առաջացնում է չեզոքացնող հակամարմինների նույն մակարդակը օմիկրոն տարբերակի նկատմամբ, ինչպես դա եղել է երկու չափաբաժիններից հետո մյուս տարբերակների նկատմամբ, որոնք գրանցվել էին դրանից առաջ», - նշել են Pfizer / BionTech ընկերությունում: Ընկերությունում ընդգծել են, որ պատվաստանյութի երկու չափաբաժինները շատ ավելի քիչ արդյունավետ են օմիկրոն շտամի դեպքում։
Ավելի վաղ Ավստրալիայում հայտնաբերվել էր օմիկրոն շտամի նոր տարբերակ՝ այլ գենետիկ կառուցվածքով: Կորոնավիրուսի շտամը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ստացել է օմիկրոն անվանումը, հայտնաբերվել է այս տարվա նոյեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Մասնագետների կարծիքով՝ այն կարող է ավելի վարակիչ լինել, քան կորոնավիրուսի այլ տարբերակները։ ԱՀԿ-ում ավելի ուշ հայտնել էին օմիկրոնի համաշխարհային տարածման մեծ հավանականության մասին: