f

Անկախ

Մա՛մ, մենք կհաղթենք, բայց թե ինչ գնով, չեմ կարող ասել․․․


2020 թ․ օգոստոսի 23-ին Հարութի հարսանիքն էր։ Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 27-ին, նա մեկնեց պատերազմ՝ չհասցնելով վայելել նորաստեղծ ընտանիքի բերկրանքը։ Այդ օրվանից հարազատներն այլևս չտեսան նրան։ Հարութը զոհվեց 2020 թ․ նոյեմբերի 3-ին Մարտունիում։ Նա ընդամենը 26 տարեկան էր։

Հարություն Հայրապետյանը պայմանագրային զինծառայող էր, հետախույզ, լեյտենանտ, մոտահրաձգային դասակի հրամանատար։ Ծնվել է Ստեփանակերտում՝ 1994 թվականի դեկտեմբերի 29-ին։

Մայրը՝ տիկին Լուսյան, մինչ օրս իրեն չի ներում, որ սեպտեմբերի 27-ին որդուն պատերազմ ճանապարհելիս ամուր չգրկեց։ Ի՞նչ իմանար, որ այլևս նրան չի տեսնելու։ Մտածում էր՝ մի քանի օրվա խնդիր է, ամեն ինչ շուտ կավարտվի, և որդին տուն կվերադառնա։ Բայց դժոխային օրերն առջում էին։

Մայրն այսօրվա պես հիշում է սեպտեմբերի 27-ի չարագույժ լուսաբացը, երբ արթնացավ ու պատշգամբ դուրս գալով՝ տեսավ Ստեփանակերտից մի փոքր հեռվում՝ լեռներից բարձրացող սև ծուխն ու լսեց պայթյունների խուլ ձայնը։ Սկզբում չհասկացավ՝ ինչ է կատարվում։ Հետո հարևանուհին անհանգիստ դուրս եկավ պատշգամբ, նայեցին իրար ու հասկացան՝ պատերազմ է։

«Պանիկա սկսվեց, չգիտեինք ինչ անել, ուր գնալ, մեր շենքը նույնիսկ ապաստարան չուներ,-պատմում է տիկին Լուսյան,-Հարութը տանն էր, արագ արթնացրեցի, ասացի՝ պատերազմ է։ Որդիս զարմացավ, որ իրեն չեն կանչել զորամաս։ Հետո փորձեց զանգել ընկերներին, բայց կապ չկար, ոչ ոքի չէինք կարողանում զանգել։ Հարևաններով իջանք բակ, մեր շենքում շատ զինվորականներ կային, նույնիսկ բարձրաստիճան սպա, բայց զարմանալի էր, որ ոչ ոքի տագնապով չէին կանչել»։

Շենքի զինվորականները շտապում են իրենց զորամասեր, իսկ կանայք պատսպարվում են շենքի մոտակայքում գտնվող մի կառույցի կիսանկուղում, որն ամենևին էլ ապահով չէր, բայց ավելի ապահով տեղ չկար։

Օրեր շարունակ անցկացնում են այդ կիսանկուղում՝ անօդաչուների, ռազմական ինքնաթիռների ներքո, ամեն վայրկյան սպասվող ռումբերի տարափի տակ և որ ամենասարսափելին է՝ ռազմաճակատում գտնվող իրենց հարազատներից առանց որևէ լուրի։

Հոկտեմբերի սկզբին Հայաստանից կամավորների միջոցով Հարութի հարազատները տեղափոխվում են Երևան։ Ստեփանակերտում է մնում միայն Հարութի հայրը՝ ներգրավվելով թիկունքից առաջնագիծն ապահովող աշխատանքներում։

«Սկզբում Հարութից լուր չունեինք։ Գնաց ու ոչ մի կապ հետը չկար։ Հետախուզական վաշտում էր, բայց չգիտեինք՝ որտեղ է, ինչ վիճակում։ Հետո իմացանք, որ Ֆիզուլիում է։ Զանգեց, խոսեցինք, ասեց՝ ամեն ինչ լավ է լինելու, չմտածեք։ Հետո երբեմն զանգում էր։ Երբ ես լացում էի, ասում էր՝ մա՛մ, մենք կհաղթենք, բայց թե ինչ գնով, չեմ կարող ասել»,-պատմում է մայրը։

Հարութն ամբողջ հոկտեմբեր Վարանդայում թեժ մարտերի և հետախուզական գործողությունների է մասնակցում։ Ընկերները պատմում են, որ նույնիսկ ամենածանր պահերին կատակներ էր անում, տղաների տրամադրությունը բարձրացնում, նաև հայրենասիրական երգեր էր երգում ու ոգեշնչում իր զինվորներին։ Վարանդայում փրկում է ծանր վիրավոր դասընկերոջ կյանքը։

Ասում են՝ 18 տարեկան զինվորներին չէր թողնում բլինդաժներից դուրս գան։ Երբ հետախուզական գործողության պետք է գնային, ինքն առաջինն էր, իսկ նորակոչիկներին ոչ մի վտանգավոր գործողության մասնակից չէր դարձնում։

Երբ թշնամին արդեն հասել էր Վարանդա, և հնարավոր չէր այլևս պահել քաղաքը, նահանջի հրաման է գալիս։ Հարութը վերջիններից էր, որ դուրս է գալիս քաղաքից։ Հեռանում է ցավն ու վրեժը հոգում։

«Երբ Ֆիզուլիից դուրս էին եկել, զանգեց, ասեց՝ մամա, մի բան պիտի ասեմ, ասեց՝ իմացեք․ եթե հանկարծ այնպես ստացվի, որ գերի ընկնելու լինեմ, ես ինձ սպանելու եմ, բայց գերի չեմ ընկնի»,-պատմում է մայրը։

Նոյեմբերի 2-ին Հարութենց տեղափոխում են «Մարտունի 2», որտեղ թեժ մարտեր էին։ Նոյեմբերի 3-ի լուսաբացից թշնամին հարձակում է սկսում, տղաները հերոսաբար դիմադրում են, բայց ուժերն անհավասար էին։ Հարութը զոհվում է, նրա հետ զոհվում է ևս 14 զինվոր։

«Ասում են՝ առավոտյան շատ ուժեղ կռիվներ են գնացել, բայց որդիս մինչև վերջ հույսն ու ժպիտը չի կորցրեց։ Զոհվել է սնարյադից՝ ժպիտը դեմքին»։

Երբ Հարութի մարմինը տեղափոխում են Ստեփանակերտ, հայրը գնում է, որ որդուն տեսնի և կազմակերպի, որպեսզի մարմինը տեղափոխեն Երևան։ Մեքենա չի գտնում, ստիպված ինքն է որդու մարմինը Ստեփանակերտից Երևան հասցնում։

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սթրես է ապրում ամուսինս, ոնց է կարողանում այդ վիճակում, միայնակ, որդու մարմինը հասցնել Երևան»,-լաց լինելով պատմում է կինը։

Հարութին հուղարկավորում են Եռաբլուրում։ Չնայած իրենք ապրում են Արցախում, որոշում են, որ Հարութը հանգչի Եռաբլուրում՝ իր հերոս եղբայրների կողքին։ Համոզված են՝ այդպես կուզեր նաև Հարութը։

«Ես հպարտ եմ, որ իմ որդին իր ընկերների, իր եղբայրերի հետ է։ Հպարտ եմ, որ որդուս զինվորական կարգով հողին հանձնեցին։ Նա ինձ համար հերոս է»։

Հարություն Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության, «Արիության» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով։

Տիկին Լուսյան մինչ Հարութի ծնվելը ևս մեկ որդի է կորցրել՝ 9 տարեկանում։ Ավագ որդին՝ Զավենը, մահացել է բժշկական սխալի հետևանքով։ Հետո նրանց վիշտը փարատվել է երեք երեխաների՝ երկու դստեր ու Հարութի ծնունդով։ Ասում է՝ Հարութի հետ երկրորդ անգամ կորցրեցին նաև Զավենին։

Մայրը հիշում է՝ Հարութի տարերքը դեռ փոքրուց զինվորականությունն էր ու պատմությունը։ Անհագորեն պատմություն էր սովորում, սիրում էր նաև հայ գրականությունը։ Մի քանի օտար լեզու գիտեր, նաև ադրբեջաներեն։ Հատուկ էր սովորել, ասում էր՝ թշնամու լեզուն պետք է իմանալ։ Դեռ փոքրուց որոշել էր, որ ռազմական իրավաբան է դառնալու։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարան, ավարտելուց հետո ադրբեջաներեն լեզվի դասընթացներ անցել, ապա ծառայության անցել Արցախի Զինված ուժերում։ Տեսնելով Հարութի տվյալները՝ ծառայության ժամանակ նրան ուղարկել էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան 6-ամսյա կուրսերի, որոնք ավարտելուց հետո կրկին վերադարձել էր ծառայության, ու սկսվել էր պատերազմը։

Հայրենիքի զինվոր դառնալը Հարութի երազանքն էր, որ կատարվեց կյանքի գնով։

2020 թ․ հոկտեմբերի սկզբին Արցախից դուրս գալուց հետո Հարութի ծնողներն ու քույրերը հարազատ Ստեփանակերտ վերադարձան կապիտուլյացիայից հետո՝ դեկտեմբեր ամսին։ Սարսափելի տպավորություններով մտան քաղաք՝ արցունքն աչքներին անցնելով Շուշիի կողքով, որի ճամփեզրին դեռ թափված էին զոհված հայ զինվորների սաղավարտներն ու զինվորական հագուստը։ Իսկ լուսավոր ու հարազատ Ստեփանակերտի փոխարեն նրանց դիմավորեց գորշ, մռայլ, ավերակներով լի մի դատարկ քաղաք, որն ուղղակի անճանաչելի էր դարձել։

Անցել է մեկ տարի, բայց վերքերը դեռ թարմ են թե՛ մարդկանց սրտերում և թե՛ Արցախում։ Եվ չնայած պատերազմն արտաքուստ կանգ է առել, մարդիկ դեռ տագնապով ու վախով են ապրում։

Տիկին Լուսյան ամեն առավոտ սարսափով է արթնանում, որ հանկարծ կարող է դուրս գալ պատշգամբ և նորից տեսնել այն մահաբեր ծուխը, որ խլեց իրենցից որդուն ու հարազատ քաղաքի լույսը։

«Այսօր էլ թուրքը շարունակում է կրակել, չկա մի գիշեր, որ Շուշիից չկրակեն։ Մենք ապահով չենք զգում, անընդհատ սպասում ենք, որ նորից պատերազմ կսկսվի»,-ասում է Հարութի քույրը՝ Ալյոնան։

Բայց նույնիսկ այս իրավիճակում նրանք ոչ մի վայրկյան չեն մտածում Արցախը լքելու մասին։ Պատրաստ են անցնել բոլոր դժվարությունների միջով, միայն թե շարունակեն ապրել այս հողի վրա։

«Եթե մենք այս հողից հեռանանք, դա կլինի դավաճանություն մեր եղբայրների նկատմամբ։ Այստեղ նրանց արյունն է թափվել, և մենք պիտի ապրենք ու պահենք այս հողը»,-ասում է հերոսի քույրը։  

 

 

 

Հարություն Հայրապետյան հերոսներ 44-օրյա պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին