Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը այս փուլում հիմնավորապես փոխվում է, ուժեղացվում է վերահսկողությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Ընդերքօգտագործողների դրամագլուխ ինստիտուտի կառավարումը 2019-ից վերապահված է մեր նախարարությանը և կառավարության վերջին նիստերից մեկում որոշում ընդունվեց, որով հստակեցվեց դրամագլխի վճարումների հետագա միջոցների կիրարկումը ապահովող միջոցառումները և կարգը։ Դրամագլխում այս պահին 3 մլրդ դրամ կա գոյացած, բայց շահառուների իրականացրած հանքարդյունաբերական ընթացքների և դրա հետևանքով առաջ եկած մի շարք իրավական պրոցեսների արդյունքում այսօր կարողանում ենք 2-3 տասնյակ սուբյեկտների վճարումներ միայն նպատակային օգտագործել։ Դրամալգխի իրականացման նպատակը մեկն է՝ լքված պոչամբարների, կիսաշահագործված կամ ամբողջապես շահագործված հանքավայրերի վերջնական ռեկուլտիվացիան և բնության նախկին տեսքի ապահովումը, քանի որ այն անմիջականորեն ազդում է մեր բնակչության առողջության վրա»,- ասաց Պետրոսյանը։
Հարցին` հնարավո՞ր է շահագործվի Ամուլսարը, Պետրոսյանը նշեց. «Ամուլսարի մասով մեր վերջին գնահատականներից այսկողմ դեռ որևէ տեղաշարժ ես չեմ ֆիքսել Քննչական կոմիտեի մասով, թեև ՔԿ տեղակալը այդ մասով որոշակի ինֆորմացիա տրամադրել է։ Ես իմ լիազորությունների իրականացման շրջանակներում որևէ բան անելու մանդատ չունեմ, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել այն օբյեկտիվ իրականությունը, որից հետո կարող ենք գործել մեր լիազորությունների շրջանակներում։ Եթե վեր հանվի այնպիսի իրողություն, որ որևէ կերպ կասկածի տակ չի դրվում համապատասխան ինստիտուտները, ապա տնտեսվարողը ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները և լիցենզիաները Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար։ Կան իրավական երկրին հարիր ընթացակարգեր, որոնք որևէ կետում ունեն անդառնալիության սահման»։
Նախարարը նշեց, որ եթե տնտեսվարողը ցանկանա շահագործել հանքավայրը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին, լիցենզիաներին, ընդերքօգտագործման իրավունքին։