f

Անկախ

Ի՞նչ է պատմում պատերազմից հրաշքով ողջ մնացած հետախույզը


Անդրանիկ Ավոյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Կռվել է Երկրապահ կամավորական միության «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում ձևավորված հետախուզական վաշտում։ Եղել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մտերիմ ընկերն ու մարտական ընկերը, Մենուայի ղեկավարությամբ մասնակցել է Արեգա լեռան ազատագրման հատուկ գործողությանը, որի ժամանակ Մենուան հերոսաբար զովել է, Անդրանիկը՝ հրաշքով ողջ մնացել։

Այն, ինչ պատմում է պատերազմի մասնակիցը, իսկական մարտաֆիլմ է հիշեցնում՝ սարսափելի տեսարաններով, դրամատիկ ապրումներով ու անհավանական զարգացումներով լի։ Մինչ օրս էլ դժվար է հավատում, որ կարողացան ընդամենը տասը հոգով մարտնչել մինչև ատամները զինված թշնամու շուրջ 200 հատուկջոկատայիններին դեմ, ոչնչացնել մեծ մասին, հետո կռվի բռնվել 10 մեքենայով լիքը հակառակորդի ու վարձկանների հետ։ Ցավոք, այդ հատուկ գործողության ժամանակ իրենց 10 հոգանոց խմբից 4-ը զոհվեցին, իսկ իրենք կարողացան դուրս գալ շրջափակումից և հրաշքով ողջ մնալ։

***

- Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ իմացա, որ պատերազմ է, միանգամից զանգեցի Մենուային։ Ասեց՝ հավաքվում ենք Երկրապահում, արի։ Ասեցի՝ մի վայրկյանից ըտեղ եմ։ Գնացի, հետո մեր ընկերները հերթով եկան, բոլորը ոգևորված, մոտ 100 հոգի հավաքվեցինք, բոլորս՝ լավ պատրաստված զինվորականներ կամ նախկին զինվորականներ (ես, Մենուան ու էլի շատերը ՊՆ հատուկ նշանակության զորքերում էինք ծառայել)։

Վաշտը բաժանվեց երեք դասակի։ Մեր դասակի հրամանատարը Մենուան էր։ Զենք-զինամթերք ստացանք և սեպտեմբերի 28-ի առավոտյան մեկնեցինք Արցախ։

Սկզբում գնացինք Ասկերան, հետո շարժվեցինք դեպի Եղնիկներ կողմ։ Այնտեղ մեր վաշտը բաժանվեց 2 մասի, և տարբեր ուղղություններով սկսեցինք պաշտպանություն իրականացնել։

Հոկտեմբերի 2-ն էր։ Հրաման եղավ, որ պիտի բարձրանանք Եղնիկների հիմնական զորամաս, որտեղ մեզանից մի փոքր խումբը պիտի առաջադրանք ստանա հատուկ գործողություն իրականացնելու համար։

Մենք արդեն վերևում էինք, սպասում էինք մեր ընկերներին, երբ զանգ ստացանք, որ թշնամին Մատաղիսից ճեղքել է և մոտենում է էն հատվածին, որտեղ մեր տղերքն էին։ Միանգամից վազելով իջանք ներքև, մոտ 6 կմ գնացինք, հասանք տղերքին և Մենուայի հրամանով սկսեցինք կազմակերպել պաշտպանություն։

Մեկ էլ տեսնենք Մատաղիսի կողմից զինվորների հոսք է գալիս, մեծ խառնաշփոթով, մի մասը՝ վիրավոր։  Պարզվեց՝ մեր զինվորները հարյուրներով նահանջում են, նրանց հետ չկար ոչ մի սպա, մի մասը փախել էր, մի մասը՝ զոհվել, մի մասն էլ չէր նահանջել, զորքին ասել էր՝ դուք էս ճանապարհով գնացեք, փրկվեք, իսկ իրենք մնացել էին մինչև վերջ կռվելու։

Մենուայի ղեկավարությամբ կազմակերպեցինք տղաների ապահով նահանջը։ Հարյուրավոր կամավորներ նահանջի ժամանակ անտառներում մոլորվել էին, քանի որ տեղանքին ծանոթ չէին։ Մինչև գիշերվա ժամը հինգը անտառներում նրանց փնտրեցինք, բոլորին դուրս հանեցինք։

Մատաղիսը համարյա թշնամու վերահսկողության տակ էր անցել։ Հետո արդեն լուր եկավ, որ թշնամին մեծաքանակ զորքով գալիս է առաջ, հրաման ստացանք տարածքն ականապատել ու հեռանալ, որովհետև չենք կարող դիմակայել։

Հետ քաշվեցինք Եղնիկներ։ Առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եկավ մեզ տեսակցության, ծանոթացավ, շնորհակալություն հայտնեց, զրուցեց։ Հետո նայեց Մենուային, ասաց՝ հիմա մնում ենք բոլորով կռվելո՞ւ, թե՞ մեր հողերը թողնում ենք իրենց ու գնաք։ Մենուան ասաց․ «Ով էստեղից գնա, ես անձամբ կսպանեմ։ Ոչ ոք էս հողերը չի կարա թողնի, պիտի կռվենք»։

Մեր ջոկատից մոտ 40-50 հոգի էինք, գնացինք Քյոխի մոտ, որ իր անմիջական հրամանատարության տակ հատուկ առաջադրանքներ կատարենք։

Հոկտեմբերի 5-ի առավոտյան պետք է հատուկ գործողությամբ ազատագրեինք Արեգա բարձունքը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունք էր, կապում էր Մատաղիսն ու Թալիշը։

Հատուկ գործողության համար ընտրվեցին հատուկ պատրաստություն անցած զինվորներ։ Մի մասը պիտի բարձրանար լեռան վրա և հարձակվեր վերևից, մեր խումբն էլ Մենուայի ղեկավարությամբ պետք է շրջանցեր լեռը, անցներ թշնամու թիկունք և ճանապարհը փակելով՝ թույլ չտար, որ թշնամին օգնության հասնի իր զինվորներին։

Մենք տասը հոգի էինք, ճանապարհը, որով պիտի հասնեինք թշնամու թիկունք, արդեն իրենց վերահսկողության տակ էր։ Քողարկվելով՝ կարողացանք անցնել, բայց թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա էինք, զուգահեռ գնում էինք առաջ։

Հասանք տեղ, Մենուան դիրքավորեց բոլորին։ Բաժանվեցինք երկու մասի՝ հինգ-հինգ, ու ճանապարհի աջ ու ձախ կողմերում դիրքավորվեցինք: Ես ու Մենուան կանգնած էինք։ Մեկ էլ Մենուան հետ շրջվեց ու տեսավ, որ մեզանից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա թշնամու հատուկ նշանակության «յաշմա» զորխումբը՝ մոտ 150-200 հոգի, Արեգա բարձունքից իջնում է հերթափոխ իրականացնելու։

Մառախուղ էր, բայց մեզ տեսան։ Ապշահար նայում էին ու մինչև կհասկանային ովքեր ենք, Մենուան հրամանը տվեց, ասաց՝ տղե՛րք, հանգիստ հետդարձ եք անում ու մարտի՛։ Ինքն էլ առաջինը սկսեց կրակել՝ կանգնած դիրքում, ամբողջ կրակը վերցնելով իր վրա։ Իրենք էլ սկեցին կրակել։ Որոշ ժամանակ անց Մենուան ընկավ։ Մեր առաջին զոհն էր։ Ընկավ՝ մինչև վերջ կանգած կրակելով։ Մարդիկ նման պահերի պաշտպանվում են, թաքնվում են, բայց ինքը նույնիսկ չէր կռանում, ինքնամոռաց կրակում էր, ու թշնամին տասնյակներով զոհվում էր։ Ինքը դրանից ավելի էր ոգևորվում ու շարունակում էր կրակել։ Ու ինքը հաղթած զոհվեց։

Ես փորձում էի մոտենալ Մենուային, բայց անընդհատ կրակում էին, չէին թողնում ճանապարհն անցնեմ։ Ռացիաները Մենուայի մոտ էին, չէինք կարողանում մոտենալ, վերցնել, որ կապ տայինք, մեզ օգնության հասնեին։ Այդ ընթացքում երկրորդ զոհը տվեցինք, մեր Միրոն էլ զոհվեց։ Նա ուղիղ իմ հետևում էր, ու ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ես ոնց եմ ողջ մնացել, հատկապես, որ ես էլ էի կանգնած կրակում։

Քիչ հետո Արտակի ոտքը վնասվեց, իմ ոտքն էլ էր վնասվել կրունկի հատվածում։ Անտանելի ցավ սկսվեց։ Մի կերպ ճանապարհն անցա, մոտեցա Մենուային, տեսա, որ առաջին փամփուշտը հենց գլխին էր կպել։ Կապի միջոցները վերցրեցի, մոտեցա Արտակի ոտքը կապեցի, նրան հենեցի ծառին, որ կարողանա ինքն իրեն պաշտպանել, բայց քիչ հետո Արտակին նորից խփեցին։ Նա էլ զոհվեց։

Կապ տվեցի, կապին պատասխանեց Քյոխը։ Ասեցի՝ շրջափակման մեջ ենք, Մենուան չկա, տղերքից էլ են մահացել։ Մեզ ասացին, որ Արեգա բարձրացած տղաների հետ կապ չկա, հնարավոր է՝ բոլորը զոհվել են։ Ասացին՝ փորձեք ինքնուրույն դուրս գալ շրջափակումից ու նահանջել։

«Յաշմա» զորախմբի հատուկ ջոկատայինների մեծ մասին այդ ընթացքում ոչնչացրել էինք, արդեն հատուկենտ կրակոցներ էին գալիս։

Մինչև կորոշեինք մեր անելիքը, մեկ էլ նկատեցինք, որ Թալիշի կողմից մեքենաներ են գալիս, որ բարձրանան վերև՝ 5 կամազ, 5 պիկապ, մեջը լիքը զինվորներ ու վարձկաններ։ Դա էն էր, ինչի համար մենք էդտեղ էինք։ Պիտի թույլ չտաինք, որ թշնամին օգնության հասներ Արեգայի վրա գտնվող իր զինվորներին։

Սկսեցինք կրակել։ Հենց կրակեցինք, բոլորը մեքենաներից դուրս թափվեցին ու սկսեցին կրակել մեր ուղղությամբ։ Առաջին մեքենաներում համարյա բոլորի ոչնչացրեցինք։ Մի դրվագ է մեջս ուժեղ տպավորվել․ վերջին պիկապից երկու հոգի իջան, որոնց վրա ոչ մի զենք չկար։ Միայն դրոշները պահած գոռում էին «ալլահ աքբար» ու առաջ էին գալիս։ Ոնց որ անջատված լինեին։

Այդ ընթացքում մեզ շարունակու էին կապ տալ, որ նահանջենք, քանի որ օգնություն չեն կարող ուղարկել։ Մնացել էինք 7 հոգով։ Բաժանվեցինք երկու մասի․ չորսը ճանապարհի մի մասով սկսեց հետ գնալ, մենք երեքով՝ մյուս մասով։ Ոտքիս ցավն արդեն անտանելի էր դառնում։

Երբ մենք երեքով մտանք անտառ, էտ պահին գրանադ գցեցին, ես էտ ալիքից թռա, ընկա փոսի մեջ։ Սարգիսը վազեց, որ տեսնի ինչ էր, դիպուկահարը Սարգսին խփեց։ Նա էլ զոհվեց։ Մնացինք ես ու Վահրամը, իսկ մեր փամփուշտներն արդեն վերջանում էին։ Վահրամի մոտ մի հատ էլ գռանատ կար։

Այդ ընթացքում փորձում էի փոսից դուրս գալ, բայց դիպուկահարը խփում էր, չէր թողնում։ Ես բրոնի ժիլետ չէի հագել, չեմ սիրում, ծանր է։ Մենակ վերջին պահին Մենուայի և Քեռու հորդորով կասկա էի դրել, ու էտ կասկան իմ կյանքը փրկեց, որովհետև երբ ուզում էի փոսից դուրս գալ, դիպուկահարը խբեց, կպավ կասկային։

Արդեն հուսահատ, ներվայնացած, չգիտեի ինչ անել, ոնց դուրս գալ փոսից։ Վահրամին ասեցի՝ մի բան արա։ Վահրամը ձեռքի գռանատը շպրտեց թփերի կողմ։ Մենք չգիտեինք, թե կոնկրետ որտեղից է դիպուկահարը կրակում, բայց երբ Վահրամը գռանատը գցեց, դիպուկահարի զենքը թռավ ընկավ մի կողմ։ Հասկացանք, որ ոչնչացվել է։

Փոսից դուրս եկա ու զգացի, որ ոտքս գետնին չեմ կարողանում դնել։ Էտ պահին հանկարծ տղայիս պատկերը եկավ աչքիս առաջ։ Եկավ ու սկսեց իմ առջևից գնալ ու պապա ասելով՝ ձեռքով ինձ կանչել։ Դա ինձ սթափեցրեց։ Վահրամին ասեցի՝ ինչ ուզում է լինի, ես տղուս գոնե մի անգամ պիտի տեսնեմ։ Ես ու Վահրամը մեջք մեջքի տված սկսեցինք շարժվել։

Մեկ էլ անտառում մեր տղերքի ձայները լսեցինք։ Հոսոն կանչում էր՝ Անդո՛, Անդո՛։ Ծառայության մեջ մենք ինֆորացիա ունեինք, որ հակառակորդի հատուկ նշանակության խմբերը հայերեն են սովորում։ Ցավոք մեր բանակում դա ընդունված չի։ Երբ Հոսոն ձայն տվեց՝ Անդո՛, դուրս եկեք, մենք գալիս ենք ձեզ ընդառաջ, մեկ էլ ադրբեջանցին սկսեց ձայն տալ՝ Անդո, հե՛լ դուրս, Անդո, հե՛լ դուրս։ Մեր բախտը բերեց նրանով, որ ես մեր տղերքի բոլորի ձայնը շատ լավ տարբերում էի։ Գոռացի՝ Հոսո՛, մինչև քեզ չտեսնեմ, դուրս չեմ գա, ասեցի՝ դու առաջ մի արի, սրանք մեզ լսում են։ Մեկ էլ ադրբեջանցին ասում է՝ Հոսո՛, Անդոն ասումա՝ արի առաջ։

Ու սկսվեց փոխհրաձգություն։ Էտ ժամանակ զգացի, որ էլ չեմ կարողանում առաջ գնալ։  Հոսոյենց խումբը եկավ հասավ մեզ, տղերքն ընկան թևերս, կրակելով նահանջ արեցինք, թշնամուց ազատվեցինք, դուրս եկանք անտառից ու մի տեղ նստեցինք, որ շունչ քաշենք։

Մեկ էլ անտառից ոտնաձայներ եկան․ Արեգա բարձրացած մեր տղերքից էին։ Մեր ձայները լսել էին, եկել։ Էտ էն տղերքին էին, որ գիտեինք՝ զոհվել են։ Մեզ տեսան, վազելով եկան, փաթաթվեցինք իրար ու բոլորս սկեցինք լաց լինել։ Պատմեցին, որ բոյ են տվել, բայց չեն կարողացել լեռն ազատել։ Ու մի կերպ հետ էին նահանջել՝ առանց իմանալու, թե որ կողմ են գնում, մինչև լսել են մեր ձայները։

Արդեն մութ էր, միացանք իրար և մի կերպ հասանք Եղնիկներ։ Էնտեղ բոլորին լուր էր հասել, թե մենք զոհվել ենք։ Մեզ որ տեսան, սկսեցին երեխու պես լաց լինել։ Ու որ իմանում էին՝ ովքեր են զոհվել, ավելի էին հուզվում, մենք էլ ամեն մեկի հետ նորից լաց էինք լինում․․․

Պատերազմի սարսափների միջով անցնելուց ու մահվան աչքերին նայելուց հետո անգամ Անդրանիկը ոչ մի վայրկյան չի ափսոսում, որ կամավոր մեկնել է Արցախ ու մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը։ 

Ասում է՝ երբ որ յուրաքանչյուր մարդու գիտակցության մեջ կմտնի մի պարզ ճշմարտություն, որ այս հողն ուղղակի հող չէ, այլ սրբավայր է, այդ ժամանակ մենք կկարողանաք կորցրածը հետ բերել։

«Պատերազմի մեջ ամենակարևորը ոգին է, գաղափարը, թե ինչի համար ես կռվում, մեկ էլ, որ քեզ չդավաճանեն ու ճիշտ ղեկավարեն։ Եթե այս պատերազմը լիներ ճիշտ կազմակերպված, ճիշտ ղեկավարվեր, մենք կհաղթեինք, ինձ ոչ ոք հակառակն ապացուցել չի կարող։ Կապ չունի, որ մենք չունեինք բայրաքթարներ, հզոր զենքեր և այլն։ Ես վստահ եմ, որ մենք կհաղթեինք։ Փաստն առաջին Արցախյան պատերազմն է։ Հիմա էլ կկարողանանք հաղթել։ Եթե չենք կարող, ուրեմն ամբողջ աշխարհը փլուզվել է, փոխվել է, ու մենք հայ կոչվելու իրավունք չունենք»։

Անդրանիկի մեծ որդու անունը Մոնթե է։ Ասում է՝ որդուն հերոսի անունով է անվանակոչել ոչ թե նորաձևության համար, այլ որպեսզի որդին այդ անվան կրողը դառնա։

Շուտով կծնվի Անդրանիկի երկրորդ որդին, որին Արեգ կկոչեն, որ խորհրդանշում է դժոխային ճանապարհից հետո բացված արևի լույսը։

Դեռ մի որդի էլ պիտի ունենան ու Մենուա կոչեն։ Ասում է՝ եթե ուզում ենք հողն ազատագրել, մեր ազգը պիտի Մենուաներ ծնի, որ զինվոր ու զորավարներ դառնան։ Իր որդիներն էլ պիտի Հայրենիքի զինվոր դառնան։

«Մեկ-մեկ ինձ ասում են՝ դու որ զինվորական ես դարձել, ի՞նչ ես շահել։ Ասում եմ՝ ես էս հողի վրա ամուր քայլելու իրավունք եմ շահել։ Տղերքն էս հողի վրա իրենց արյունն են թափել, մենք պիտի վաստակենք էս հողի վրա քայլելու իրավունքը, որ հետո էլ իրավունք վաստակենք կորցրած հողը հետ բերելու»,-ասում է նա։

Անդրանիկ Ավոյանը պատերազմից հետո պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Այժմ նա ծառայում է ՀՀ Զինված ուժերում։

 

 

 

Անդրանիկ Ավոյան Մենուա Հովհաննիսյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Արցախ

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին