f

Անկախ

«Մամ, է՛լ իմ բարձն ու վերմակն արևին չտաս…»․ Արտակի վերջին գրառումը


Պատերազմը խլեց խիզախներին, տաղանդավորներին ու լուսավորներին: Խլեց նաև մանկությանս ընկերոջը՝ բազմաշնորհ մի մարդու, որի նկատմամբ բնությունը չափազանց շռայլ էր գտնվել ու նրան նվիրել էր մարդկային էության ամենավառ գույները, ինչպես նրա վրձնի երանգներն էին:

Արտակ Բարսեղյան. նկարիչ, բանաստեղծ, երաժիշտ-կատարող։ Մարդ, որից միայն լույս ու սեր էր ճառագում:

44-օրյա պատերազմի ընթացքում Արտակը կամավոր օգնություն էր հասցնում զինվորներին: 2020 թ. հոկտեմբերի 15-ին հերթական օգնությունը Գորիսի հոսպիտալ հասցնելուց հետո՝ վերադարձի ճանապարհին, Արտակը զոհվեց ավտովթարի հետևանքով: Նա 37 տարեկան էր:

Արտակն ընտանիքի միակ զավակն էր: Մանկությանս հիշողության մեջ դեռ թարմ է նրա եղբոր՝ Արմենի ողբերգական մահը քաղցկեղից: Մենք այդ ժամանակ 15-16 տարեկան էինք, Արմենն էլ մեզանից մոտ երկու տարով էր մեծ: Առաջին անգամ այդ ժամանակ զգացի երիտասարդ կյանքի մահվան ցավը, որ ոչ մի արդարացում չուներ, ոչ մի օրենքի ու տրամաբանության չէր ենթարկվում:

Նրանց ընտանիքն այս ծանր կորուստն ու ողբերգությունը տարիների ընթացքում հաղթահարեց Արտակի շնորհիվ, քանի որ Արտակի պես որդի ունենալն իսկական երջանկություն էր: Ու նա կարողացավ նորից կյանք պարգևել ու երջանկացնել ծնողներին:

Արտակի հետ նույն դասարանում էինք սովորում, հաճախ նույն նստարանին նստում ու երկար զրուցում էինք կյանքից, մարդկանցից: Նա ընկեր էր բառի ամենալուսավոր իմաստով: Դեռ մանկուց նկարում էր, նկարում էր՝ որտեղ պատահի, անգամ դպրոցական սեղաններին, որի վրա երբեմն ազատ տեղ չէր թողնում:

Հիշում եմ, մի անգամ շաբաթօրյակ հայտարարվեց, պիտի մեր սեղաններն այնպես մաքրեինք, որ մի բիծ անգամ չմնար: Արտակը մեր սեղանին մի չքնաղ վարդ էր նկարել: Թանաքագույն վարդն այնքան գեղեցիկ էր, որ ձեռքս չգնաց մաքրել այն: Մտածեցի՝ ուզում են, թող պատժեն, մեկ է՝ վարդին ձեռք չեմ տալու: Հաջորդ օրը դասղեկը հերթով անցնում էր սեղանների կողքով, որ տեսնի՝ լա՞վ ենք մաքրել, թե ոչ: Երբ հասավ մեր սեղանին, շունչս պահած սպասում էի, որ հիմա կնախատի (շատ խիստ ուսուցիչ էր): Բայց տեսավ ու ոչինչ չասաց: Խորը շունչ քաշեցի:

Արտակի վարդը փրկվեց ու դեռ երկար զարդարեց մեր դասասեղանը:

Ի սկզբանե էլ պարզ էր, որ Արտակն ընտրելու է արվեստի աշխարհը, որովհետև ոչ միայն տաղանդավոր էր, այլ ինքն իր էությամբ արվեստի մի մասնիկ էր՝ կյանքի թաքնված ծալքերը բացահայտելու ու աշխարհն իր բոլոր խորդուբորդերով սիրելու բացառիկ կարողությամբ:

Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետն ավարտելուց հետո Արտակ Բարսեղյանն աշխատում էր Երևանի թիվ 78 դպրոցում՝ որպես կերպարվեստի ուսուցիչ, զուգահեռ՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում, որպես կավագործ-նկարիչ: Որպես ավագ ջոկատավար՝ տարիներ շարունակ աշխատել է «Գուգարք» և «Դիակոնիա» ճամբարներում: Դպրոցի ոգին էր, ճամբարի կայծը, անփոխարինելի ուսուցիչ, սրտակից ընկեր ու վստահելի բարեկամ թե՛ աշակերտների ու սաների, թե՛ գործընկերների համար: 

Լինելով չափազանց խորն ու զգացմունքային մարդ՝ Արտակը շատ ծանր էր տանում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը: Առաջին օրվանից միացել էր կամավորական խմբերին և գիշեր-ցերեկ աշխատում էր թիկունքում, օգնություն հավաքում ու հասցնում զինվորներին:

Մայրը՝ տիկին Ռուզանը, պատմում է, որ պատերազմի օրվանից սկսած Արտակը սարսափելի տխուր էր, մինչև կեսգիշեր անցկացնում էր կամավորական խմբերի հետ, տուն վերադառնալուց հետո կարգին հաց չէր ուտում, տրամադրություն չուներ, ուշքն ու միտքը ռազմաճակատում էր:

«Մի օր ասեց՝ մա՛մ, գիտես, չէ՞, քեզ ինչքան եմ սիրում: Ասեց՝ պիտի ուժեղ լինես, ես կարող է գնամ: Ասում էր՝ ինչի ես էդ տղերքից ինչո՞վ եմ առավել, որ ես էստեղ եմ, իրենք էնտեղ զոհվում են»:

Պատերազմի օրերին ամեն անգամ դպրոց մտնելիս գրատախտակին մի հայրենասիրական միտք էր թողնում, որ աշակերտները կարդան ու գնահատեն Հայրենիքն ու նահատակվող հերոսներին:

Սարսափելի ավտովթարից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Արտակը պատերազմում զոհված Ալբերտի հայտնի լուսանկարն էր տեղադրել իր էջում ու երկար մի գրառում արել մանկության մեջ դրոշմված պատերազմի հիշողության և նոր սկսված պատերազմի մասին: Գրառման մեջ այնքան ցավ կար, որ կարծես ուզում էր կոտրել ցավի կապանքներն ու փախչել այս ծանր, անարդար աշխարհից: Այդ գրառումը մոր սիրտը տագնապով էր լցրել: 

«Մամ, է՛լ իմ բարձն ու վերմակն արևին չտաս…». այսպես էր վերնագրել գրառումը, որտեղ հիշել էր 90-ականների պատերազմը, երբ ջերմ ու արևոտ մի կիրակի մայրն իր բարձն ու վերմակը հանել էր արևին, իսկ ինքը պառկել էր փայտե մահճակալին ու ջերմանում էր արևից, երբ հանկարծ «…եռացող պատուհանի փեղկերը ջարդուփշուր եղան, հանգստությունը վերածվեց սարսափ տագնապի, ռումբերը սկսեցին ավերել հայրենի եզերքը, մշակած ու ցանած այգին, մեր շենքերը…»:

Հետո անդրադարձել էր այս պատերազմին ու գրել. «էս ավելի ցավոտա, ավելի մռմռացնող, վերքեր, որ էլ հերիք չի անի իմ ապրած կյանքը բուժելու համար, էս ո՞նց մարսենք, էս ի՞նչ դառը ու կուլ չգնացող դար էր, բա էս դարի համա՞ր էին ծնվել տղեքը, էս ինչ ամոթ էր, էս ինչ սարսափելի խաղաղությունն էր, բա էս անկախությունը, ինչի էս տղեքը պիտի քաշեի՞ն... մենք ո՞նց դիմանանք հը՞, ոնց՞։ Մարմինս էլ վերքով պատեք, տեղ չի լինի։ Վախ, տղեք ջան, հազար ափսոս ձեզ, հազար ափսոս մեզ․․․»:

Հոկտեմբերի 15-ին, երբ Արտակը մեկնել էր Գորիս՝ վիրավոր զինվորներին հումանիտար օգնություն հասցնելու, մեքենայում երեք հոգով էին: Վերադարձին՝ Մեղրի-Երևան ճանապարհահատվածում, մեքենայի վարորդը չէր նկատել ճամփեզրին կայանած զինվորական Ուրալն ու ու մխրճվել էր մեջը: Ուղևորներից միայն Արտակն էր զոհվել, մյուսները մարմնական վնասվածքներ էին ստացել:

Կինը՝ Արևիկը, հիշում է, որ դեպքից մոտ կես ժամ առաջ էր զանգել Արտակին, այդ անգամ մի տեսակ անհանգիստ էր, տարօրինակ կանխազգացում ուներ․ «Գիշեր էր, հարցրեցի՝ գոնե 12-ին կհասնե՞ք: Ասաց՝ ժամերը մի՛ հաշվիր, կհասնեմ: Վերջին խոսքս եղավ՝ բարի ճանապարհ, Աստված քեզ հետ: Հետո զանգերս անպատասխան մնացին…»:

Արևիկն ու Արտակն ամուսնացել էին 2019 թվականի հոկտեմբերի 29-ին: Նրանց համատեղ կյանքը կարճ տևեց՝ մեկ տարի, բայց Արտակն Արևիկին հասցրեց տալ իր չսպառվող ջերմությունն ու կենսասիրությունը։ 

«Արտակի հետ հանդիպելուց հետո հասկացա, որ կյանքում ամեն ինչ ունի իր գույները: Արտակն ինձ սովորեցրեց ապրել գեղեցիկ՝ գնահատելով կյանքի ամեն մի վայրկյանը: Նա երբեք իզուր չէր ապրում, արժևորում էր ժամանակն ու օրը: Առաջ ես չէի հասկանում, որ մարդիկ կարող են երջանիկ լինել՝ պարզապես կողք կողքի լինելով, իսկ ինքը դա միշտ էր հասկանում: Ասում էր՝ սերը երբեք մի խեղդիր կենցաղով, սերն ավելի կարևոր է: Հիմա, երբ Արտակը չկա, աշխարհում մի մեծ տեղ դատարկ է: Աշխարհն ավելի սիրուն կլիներ, եթե նա լիներ»:  

Հոկտեմբերի 16-ին Հայ բարեգործական ընդհանուր միության շենքում բացվեց Արտակ Բարսեղյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսին ներկայացված էին Արտակի կտավերը, քանդակները։ Այդ օրը նաև Արտակին նվիրված ֆիլմ ցուցադրվեց, հնչեցին նրա բանաստեղծություններից։ Ներկաներից յուրաքանչյուրի մեջ ասես մի մասնիկ կար Արտակից, որովհետև անհնարին էր շփվել նրա հետ ու չվերցնել այն լույսը, որ նա կարողանում էր պարգևել մարդկանց։

***

Իմ մանկության հիշողությունը Արտակի պատկերով է։ Այդ պատկերը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, ինչպես չջնջվեց այն թանաքագույն վարդը, որ նկարել էր Արտակը մեր դասասեղանին․․․

 

Արտակ Բարսեղյան (նոր) 44-օրյա պատերազմ հերոսներ խմբագրի ընտրանի

«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Ավելին
Ավելին