Իրավիճակի զարգացման ապագայի սցենարները ձևավորվում են հիմա: Մեր պետական մարմինների ու փորձագիտական հանրույթի իներտության պայմաններում գուցե տպավորություն է ստեղծվում, թե գործընթացը ինքնահոս է, բայց իրականում ներկայում դիտարկվող պայմանները ստեղծվում են ահռելի ծավալով տեղեկատվական հոսքեր մշակող, վերլուծող մարդկանց գիտելիքի և կամքի ուժով:
Աշխարհում ամեն տարի հատուկ ծառայությունները միայն հրապարակում են համարյա 50 հազար զեկույցներ, որոնք պետք է անպայման կարդալ, վերլուծել: Կայացած պետություններում այս աշխատանքը իրականացնում է մի հսկայական համակարգ: Օրինակ, ԱՄՆ-ում միայն պետական հետախուզական կառույցները թիվը մոտ երկու տասնյակ է, 1000-ից ավելի այլ պետական, ավելի քան 2000 մասնավոր կազմակերպություններ: Համարյա մեկ միլիոն մարդիկ, մասնագետներ են ներգրավված ապագայի կառուցման գործում՝ ապահովված տեխնիկական և ֆինանսական ահռելի ռեսուրսներով:
Մեզ նման փոքր ազգերը, աղքատ պետությունները, բնականաբար, ապագայի շինարարության այդ գործընթացին համարյա չեն մասնակցում, բայց նաև այդ պատճառով պետք է կարողանան ձևավորել գործունակ համակարգ կանխատեսելու, թե ինչպիսի ապագա է կառուցվում հիմա, ու ծրագրել սեփական երկրի արտաքին ու պաշտպանական քաղաքականությունը ռազմավարական մակարդակում:
Հիշյալ խնդրի լուծումը Հայաստան երկրի ու հայության համար ներկա իրավիճակում, երբ մեզ պարտադրված է բառիս բուն իմաստով գոյամարտ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, կենսական անհրաժեշտություն է: Չնայած մեր պետության համար տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդագույն պայմաններին անհամեմատ ավելի ուժեղ թշնամու հետ դիմակայությունում մենք ունենք հաղթելու միանգամայն իրական հնարավորություններ՝ անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա և գրագետ արտաքին քաղաքականության իրականացում:
Վերջին ամիսների ընթացքում մեր փորձագիտական խմբին հաջողվել է իրանական, հնդկական, ամերիկյան և ռուսական մի քանի առաջատար փորձագիտական-վերլուծական կազմակերպությունների և ուղեղային կենտրոնների համոզել, որ կարողունակ ենք որակյալ փորձագիտական պրոդուկտ արտադրել:
Արդյունքում առաջին անգամ հայկական փորձագիտական խումբը ներգրավվել է նշյալ երկրներում որոշումների ընդունման փորձագիտական ուղեկցում իրականացնող ազդեցիկ ուղեղային կենտրոնների գործընկերոջ կարգավիճակով Հայաստանին և մեր տարածաշրջանին վերաբերող արտաքին և պաշտպանական քաղաքականության որոշումների մշակմանը:
Հատկանշական է, որ արդյունքը շատ ավելի տեսանելի է դարձել թուրքերի ու ադրբեջանցիների համար: Առաջիկայում գրառումով կներակայացնենք մի քանի հրապարակումներ, որտեղ փորձ է արվում հասկանալ, մասնավորապես, ներկայում դիտարկելի իրանա-ամերիկյան համարյա դաշնակցային ընդհանուր դիրքորոշումը Արցախյան հակամարտության, Զանգեզուրի միջանցքի հարցում:
Առանձին անդրադարձ կանենք հրապարակումների, որտեղ քննարկվում է Հնդկաստանի ակտիվացումը մեր տարածաշրջանում, ըստ որում, նշված երկրների արտաքին քաղաքականությունը բացահայտորեն հայտարարվում է հայանպաստ:
Գնահատականը, իհարկե, չենք կիսում, յուրաքանչյուր երկիր իր քաղաքականությունը կառուցում է բացառապես իր ազգային շահերի հիմքով: Ուղղակի պետք է կարողանալ գտնել մեր և նրանց շահերի ընդհանրությունները, հաշվարկել հատման կետերը ու ներկայացնել համոզիչ փաստարկներ նրանց, ովքեր կերտում են ապագան այսօր: Ադրբեջանական խավիարին պետք է հակադրել ուղեղ, թուրքական զենքին ավելի հզորների զենքը: Բավական է մատաղացու գառ լինենք աշխարհի հզորների կռվում: Եվս մեկ կարևոր դիտարկում: Հայաստանի պետական կառույցները, Հայաստան պետությունը, օրվա իշխանությունը զրո ազդեցություն ունի մեզ հետ կապված արտաքին քաղաքական որոշումներ ընդունման գործընթացի վրա ու բացարձակ անկարողունակ է որևէ որոշման հակադրվել, եթե պարտադրանքը չի չեզոքացվում պարտադրողից ավելի ուժեղ խաղացողի ճնշման կամ աջակցության արդյունքում:
Այնպես որ խորհուրդ եմ տալիս չգերագնահատել մեր ներքին գզվռտոցում միմյանց հայհոյող անմեղսունակների անգործությունը կամ գործունեությունը, սրանցից ոչինչ կախված չէ: