f

Անկախ

Երկու եղբայր միշտ միասին էին. միասին եղան նաև Եռաբլուրում


Վահեն ու Դավիթը եղբայրներ էին: Չնայած տարիքային երկու տարվա տարբերությանը, երկվորյակների պես կապված էին իրար, ամեն ինչ սիրում էին միասին անել, միասին մեկնեցին ծառայության, միասին կռվեցին 44-օրյա պատերազմում ու միասին էլ զոհվեցին՝ նույն օրը, նույն ժամին, նույն վայրում…

Վահե ու Դավիթ Թևոսյաններն Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից են: Վահեն 21 տարեկան էր, Դավիթը՝ 19: Արցախում էին ծառայում, Մարտունի 3-ում: Ինն ամսվա զինծառայողներ էին, երբ պատերազմն սկսվեց: Վահեն դիպուկահար էր, Դավիթը՝ կրտսեր սերժանտ, դիրքի ավագ:

Մայրը՝ Մարիետա Բալայանը, պատմում է, որ երկու որդիներն էլ շատ գոհ էին ծառայությունից ու երբեք չէին բողոքում: «Դավիթն ասում էր՝ մա՛մ, մեծերի մանկապարտեզ եմ եկել»։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, Դավիթը կարճ հաղորդագրություն է գրում մորը՝ ասելով, որ չանհանգստանան, ամեն ինչ կարգին է: Հետագայում ծնողներն իմանում են, որ դեռ պատերազմը չսկսված՝ գիշերը տղաներին տագնապով բարձրացել են դիրքեր։ Իսկ երբ տղաները դիրքերում են եղել, հենց առաջին օրը թշնամին պայթեցրել է նրանց զորամասի մեծ մասը։

Երկու եղբայրներն առաջին օրվանից թեժ մարտերի են մասնակցել: Դավիթն առաջնագծում էր, Վահեն՝ որպես դիպուկահար, նրանից մոտ 100 մետր հեռավորության վրա թիկունքն էր պահում։

«Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, վերջին անգամ խոսեցի Վահեիս հետ,-հիշում է մայրը,-ասեց՝ հետո կզանգի ու այդպես էլ չզանգեց։ Նույն օրը երեկոյան Դավիթը զանգեց: Այդքան երկար ոչ մի անգամ չէի խոսել հետը: Հա՛մ խոսում էի, հա՛մ վախենում, որ հանկարծ թշնամին հեռախոսակապի միջոցով նրանց տեղը կգտնի: Ասում էր՝ մա՛մ, հանգիստ խոսիր, ես ապահով տեղ եմ, իմ հանգստի ժամն է։ Պատմեց, որ իրենք առաջ են գնացել, դիրքեր են գրավել թշնամուց, և հանկարծ մի հավ է եկել իրենց մոտ: Որոշել են այդ հավով ապուր սարքել, բայց ոչ ոք ժամանակ չի ունեցել հավը մորթելու, մաքրելու, եփելու:  Ասացի՝ Դավիթ ջան, մի՛ մորթեք, պահեք, կերակրեք, թող ձեզ համար ձու ածի, ձուն կուտեք։ Ասեց՝ մա՛մ, էս հավն էնքան բան է տեսել, որ էլ ձու չի ածի»։  

Հոկտեմբերի 10-ին երկու որդին էլ չեն զանգում: Հարազատները մտածում են, որ երևի հարմար չի, հեռախոսները լիցքավորված չեն և այլն: Սպասում են, հաջորդ օրն էլ ոչ մի զանգ: Սկսում են անհանգստանալ: Մայրը հերթով զանգում է ծառայակիցների բոլոր այն հեռախոսահամարներին, որոնցով որդիներն իրենց հետ կապ էին պահում: Բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին:

«Սկսեցինք խուճապի մատնվել: Մի կամավորականի հեռախոսահամար կար միայն, որ երբեմն-երբեմն հասանելի էր դառնում: Մի կերպ կապ հաստատեցինք, ասաց՝ մի անհանգստացեք, իրենց ապահով տեղ են տարել։ Ասացի՝ որ հետ գան, թող անպայման զանգեն։ Ու ամեն օր սպասում էի նրանց զանգին: Ամեն օր այդ կամավորականին նամակ էի գրում, թե նորություն չկա՞: Նա էլ արդեն չէր պատասխանում։ Գրում էի՝ իմ միակ հույսս ես, օգնի՛ր գտնեմ տղաներիս, բայց պատասխան չկար։ Հոկտեմբերի 28-ին այդ հեռախոսն էլ դարձավ անհասանելի»։

Նոյեմբերի 9-ին պատերազմը կանգ է առնում: Ծնողները, որ շուրջ մեկ ամիս է՝ փնտրում էին իրենց որդիներին, հույս ունեին գոնե հիմա գտնել նրանց: Բայց տղաները շարունակում էին անհետ կորած մնալ:

Դեկտեմբերի 5-ին ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովի օգնությամբ փրկարարները մտնում են Հադրութ որոնողական աշխատանքներ կատարելու, որտեղ գտնում են 76 հոգանոց վաշտի զինվորների ու հրամանատարների աճյունները: Դա այն վաշտն էր, որը հոկտեմբերի 11-ին ուղարկվել էր Հադրութ՝ օգնության հասնելու առաջնագծում գտնվողներին, բայց ճանապարհին հայտնվել էր շրջափակման մեջ թշնամու մի քանի հարյուր հոգանոց հատուկջոկատայինների կողմից: Վաշտի բոլոր տղաները քաջաբար զոհվել էին՝ չհանձնվելով թշնամուն: Դավիթն ու Վահեն նույնպես այդ վաշտում էին:

2021 թվականի հունվարին ԴՆԹ փորձաքնության միջոցով հաստատում են Դավիթի մասունքները, փետրվարի 28-ին՝ Վահեինը:

«Հոկտեմբերի 11-ից հետո` ավելի քան երեք ամիս, ես ամեն օր սպասում էի տղաներիս: Չէի հավատում, որ նրանք կարող են զոհվել: Մտածում էի՝ գերի են ընկել կամ անտառներում թաքնված են: Երբ Դավիթի ԴՆԹ-ն հաստատեցին, ես ուղղակի չէի հավատում: Նա այնքան ճարպիկ էր, այնքան ուժեղ, մտածում էի՝ մահն անզոր է Դավիթիս հաղթել: Հետո հույս ունեի, որ գոնե Վահես հետ կգա։ Նույնիսկ մտածում էի՝ բա որ Վահեն գա, առաջինը հարցնելու է Դավիթի մասին: Ասում էի՝ չեմ ասի, որ Դավիթը չկա»:

Երբ 76 հոգանոց վաշտի կոտորածը բացահայտվեց, այն մեծ արձագանք ստացավ: Ծնողներն իրենք սկսեցին հետաքննել գործը, և նրանց ներկայացրած փաստերի հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվեց քրեական գործ: Գործը հարուցված է, նախաքննություն է ընթանում, բայց առայժմ չի բացահայտվել, թե ինչու, ում հրամանով էին տղաներն ուղարկվել Հադրութ, երբ այն արդեն թշնամու վերահսկողության տակ էր:

Տղաների մայրն իր վարկածն ունի. ասում է՝  պետք էր ցույց տալ, թե իբր Հադրութի համար կռվեցինք, կոտորվեցինք, բայց չկարողացանք պահել: «Այդ 76 երեխուն ուղարկեցին, որ սպանեն և ցույց տան, թե իբր կռվում էին։ Եթե հողը պիտի տայիր, ինչի՞ համար էիր երեխեքին կոտորում: Վաղը նույն էտ երեխեքից մարտունակ  բանակ կսարքեիր, կորցրածը հետ կբերեիր, ոչ թե տարար, բոլորին պառկացրեցիր Եռաբլուրում»:

Տիկին Մարիետայի խոսքով՝ ինչպես մեզ էին ողջ պատերազմի ընթացքում խաբում, այնպես էլ տղաներին: «Մայրս Գետաշենից է: Մի օր տղաս զանգեց` թե մա՛մ, տատիկին կասես, որ մերոնք Գետաշենը հետ են վերցրել։ Փաստորեն այն սուտը, թե իբր հաղթում ենք, ոչ միայն մեզ էին հրամցնում, այլև երեխեքին: Իրենց էլ էին ասում՝ հաղթում ենք, Շահումյանը վերցրել ենք, Գետաշենը վերցրել ենք, այնինչ ամեն ինչ կորցնում էինք»:

Դավիթն ու Վահեն շատ երազանքներ ունեին: Ինչպես մայրն է ասում՝ մեկը մեկից հրեշտակ ընտրյալներ էլ ունեին: Որոշել էին՝ զորացրվելուց հետո պիտի ընդունվեին Ոստիկանության ակադեմիա, իսկ չորրորդ կուրսում ամուսնանային:

«Վահեն ասում էր՝ ամենասիրուն հարսանիքը պիտի անեմ,-հիշում է մայրը,-ամեն ինչ միասին էին պլանավորում։ Վահեն մեծն էր, բայց առանց Դավիթի իրեն չէր պատկերացնում։ Դավիթն ասես իր ամբողջականությունը լիներ»։

Ամեն ինչ միասին էին որոշում, իրագործում, բայց բնավորությամբ չափազանց տարբեր էին: Մայրն ասում է՝ տանը Դավիթն էր լսող, ենթարկվող, օրինակելի, ոչ մեկին չնեղացնող, հասնող, իսկ Վահեն՝ ըմբոստ, ընդդիմացող: Բայց դրսում ճիշտ հակառակն էր:

«Զարմանում էի, որ Դավիթիս համար անընդհատ դպրոց էին կանչում ու բողոքում, իսկ Վահեի մասին ասում էին՝ օրինակելի աշակերտ։ Երբ ասում էի՝ տանը հակառակն են, ինձ չէին հավատում»:

***

Մայրը գրեթե ամեն օր Էջմիածնից գալիս է Եռաբլուր որդիներին այցելության: Նստում է նրանց շիրիմների մոտ մինչև ուշ գիշեր ու չի էլ նկատում, թե ինչպես մթնեց: Բայց նույնիսկ որդիների շիրիմների մոտ նա չի դադարում սպասել ու հավատալ նրանց վերադարձին:

«Չեմ պատկերացնում, որ մահը կարող է խլել նրանց ինձանից, և որ հողն ավելի ուժեղ կարող է գրկել նրանց, քան ես,-ասում է որդեկորույս մայրն ու խորը հոգոց հանելով ավելացնում,-մի ժամանակ հայրենիք ունեինք, առյուծ որդիներ, հիմա միայն Եռաբլուր ունենք ու ողբացող մայրեր»:

 

 

 

Վահե Թևոսյան Դավիթ Թևոսյան հերոսներ 44-օրյա պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Ավելին
Ավելին