Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆեսբուքյան էջում տարածած հաղորդագրությունից:
«Որոշում է կայացվել «Մոդեռնայի» արտադրած «Spikevax» պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին։ Ժամկետների մասին դեռ տեղյակ չենք, որոշումը նոր է կայացվել, բայց կհասնի մոտակա ապագայում՝ շատ մոտակա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լիվայի առողջապահության նախարարության հրամանով Հայաստանին նվիրաբերելու նպատակով «Spikevax» պատվաստանյութի առկա պաշարներից 50 հազար դոզան պետք է առանձնացվի մինչև հոկտեմբերի 4-ը:
«Ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք Հայաստանին օգնել, ոչ միայն «Աստրազենեկա» պատվատսանյութով, այլ հիմա նաև «Մոդեռնա» ընկերության պատվատսանյութերով, քանի որ Հայաստանի քաղաքացիները ստիպված են եղել սպասել իրենց դոզային ավելի շատ քանի Լիտվայի քաղաքացիները»,- ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: