Եթե ուզում եք հաստատ իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ապա լսեք Փաշինյանին ու հասկացեք հակառակը: Այդպես մի փոքր ավելի հեշտ է ապրել Հայաստանում, որ չխելագարվես:
Օրինակ, եթե նա ասում է, որ հաղթում ենք, ուրեմն հաստատ իմացեք, որ պարտվում ենք: Եթե նա ասում է, որ կոպեկ-կոպեկ թալանածը հետ է բերելու, ուրեմն հաստատ իմացեք, որ հետ չի բերելու:
Եթե նա ասում է, որ թավշյա մանդատին փոխարինել է պողպատե մանդատը, ապա հաստատ իմացեք, որ այդ մանդատն իրականում թղթից է: Եթե նա ասում է, որ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, ապա միանշանակ իմացեք, որ ապրելու ենք անազատ ու դժբախտ Հայաստանում:
Երբ նա ասում է, որ պատրաստվում ենք խաղաղության, ուրեմն սպասեք պատերազմի: Իսկ երբ պատերազմի ժամանակ նա ասում է, որ սա մեր Սարդարապատն է, ապա հաստատ իմացեք, որ դա մեր Կարսն է:
Երբ նա խոսում է տնտեսական հեղափոխությունից, ուրեմն իմացեք, որ տնտեսության վերջն եկել է: Ի դեպ, նա այլևս չի խոսում տնտեսական հեղափոխությունից: Ինքն էլ է հասկանում, որ աբսուրդը չափ ու սահման ունի ի վերջո:
Ինչ նա խոսում է, հասկացեք ուղիղ հակառակը: Սա աքսիոմ է, որ կարելի է ներառել ֆիզիկայի դասագրքերում: Բայց Փաշինյանն, ընդամենը, այն հասարակության հավաքական կերպարն է, որ սիրում է ապրել կեղծ իրականությունում, ամեն կերպ փորձում է հակառակվել ճշմարտությանը, հերքել անհերքելին և հոգեկան հիվանդի պես հարձակվել նրանց վրա, ովքեր պնդում են ճշմարտությունը:
Մեր հասարակությունում ոչ մեկն իր տեղում չէ: Եվ սա է մեր պետության վախճանի գլխավոր պատճառը: Կթվորուհին կաթ կթելու փոխարեն ֆեյսբուքում ստատուսներ է գրում, հրապարակներում դոշ է տալիս Փաշինյանի համար: Դիջեյը կառավարություն է համակարգում, իսկ կառավարություն համակարգողը դիջեյ է աշխատում:
Նառկամանը երկրի արտաքին քաղաքականությամբ է զբաղվում, իսկ դիվանագետները խոտ են աճեցնում: Տաքսիստը ակադեմիկոս է աշխատում, իսկ ակադեմիկոսը տաքսիստ: Մանկապատենական համույթի սաները պատգամավոր են աշխատում, իսկ կոչումով պատգամավորները բանվորություն են անում:
Մի խոսքով, սա Հայաստանն է, որտեղ ոչ մեկ իր տեղում չէ: Հետևաբար երկրի ղեկին նստածն էլ իր տեղում չէ: