f

Անկախ

«Թուրքիան ու Ադրբեջանը հասկացան, որ Իրանը բավականին լուրջ է տրամադրված․ դա ուղերձ է նաև Հայաստանին»․ իրանագետ


Իրան-Ադրբեջան վերջին օրերին սրված հարաբերությունների, դրա հնարավոր զարգացումների, տարածաշրջանային իրավիճակի և Հայաստանի անելիքների մասին Անկախ-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

-Պարո՛ն Վարդանյան, Իրանը լայնածավալ հարձակողական զորավարժություններ է անցկացնում իրանաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ինչու՞ Իրանը որոշեց հիմա անցկացնել նման զորավարժություններ։ Ի՞նչ նպատակ և ի՞նչ մեսիջ ունի այդ գործընթացը։

-Ինչու՞ հիմա։ Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ հիշենք  վերջերս Ադրբեջանում անցկացված զորավարժությունները՝ «Ադրբեջան, Պակիստան, Թուրքիա․ երեք եղբայր» խորագրով, որն անմիջականորեն հարվածի տակ էր դնում տարածաշրջանում Իրանի շահերը, այնուհետև Կասպից ծովում Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցած զորավարժությունը, որը նաև իրավական տեսանկյունից էր խնդրահարույց։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի մասնակցությունը կոնվենցիայի խախտում էր, որը մի քանի տարի առաջ ստորագրվել էր Կասպից ծովի առափնյա երկների միջև։ Այդ կոնվենցիայի դրույթներից մեկով արգելվում է, որպեսզի կասպիցծովյան արտատարածաշրջանային որևէ երկիր զորավարժություն անցկացնի Կասպից ծովում։ Դա մեծ հարված էր ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությանը, այլև Ռուսաստանի շահերին։ Այդ ամենին զուգահեռ սկսվեց իրանական բեռնատարների ճանապարհնների փակումը տարածաշրջանում, մասմավորապես Հայաստանում և Ադրբեջանի տարածքում։ Հայաստանում ճանապարհը փակվելուց առաջ տարբեր պատճառաբանություններով իրանական բեռնատարների տարանցիկ ճանապարհը փակվել էր նաև Ադրբեջանի տարածքում, որտեղով Իրանը բեռներ է մատակարարում դեպի հյուսիսային շրջաններ։

Այստեղ իրանական կողմը հստակ տեսնում է Թուրքիայի «ականջները» և հասկանում է, որ Ալիևն իր սեփական նախաձեռնությամբ նման քայլեր չէր անի, հակառակ դեպքում մեծ խնդիրների առաջ կկանգներ։ Ինչպես նշում են Իրանում, Թեհրանի համար Բաքու հասնելը 2 ժամվա ճանապարհ է, ինչը շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում։ Եվ այս ամենն ի վերջո ստիպեցին Իրանին նման զորավարժություններ անցկացնել՝ հասկացնելով, որ Իրանը պատրաստ է իր շահը պաշտպանել։ Իսկ շահը պաշտպանելու համար նաև ուժի հստակ ցուցադրություն արեց, որը նաև ուղերձներ է պարունակում։ Դրանցից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգությանը միտված ուղերձն է։

-Ի դեպ, վերջին օրերին նաև խիստ ակտիվացել են փոխադարձ մեղադրանքներն ու սուր հայտարարությունները քաղաքական-հասարակական շրջանակների կողմից։

-Այո, վերջին օրերին երկու երկրներում քարոզչական դաշտում ակտիվ փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Մասնավորապես իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը, որը նաև ադրբեջանական ուղղությամբ աշխատող հոգևորականներից է, վերջին ուրբաթօրյա աղոթքում բավական կոշտ խոսքով հանդես եկավ՝ ասելով, որ պետք չէ խաղալ առյուծի պոչի հետ։

-Ադրբեջանական կողմից էլ բավականին ագրեսիվ ու ցինիկ պատասխան հնչեց՝ թե կկտրեն այդ պոչը։

-Այո, և այդ պատասխանը, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորի տեսքով էր։ Բայց դրան հետևեց նաև Իրանի պատասխանը, որ եթե շարունակեն նույն կերպ, շատ վատ հետևանքներ կլինեն։ Դրանից հետո Իրանի ազգայնական շրջանակների կողմից սոցիալական ցանցերում և մեդիա տիրույթում սկսվեցին հայհոյախառն մեկնաբանություններ ու գրառումներ։

-Ըստ Ձեզ՝ այս ամենն ինչո՞վ կավարտվի։

-Կարծում եմ՝ Ադրբեջանում շատ լավ ասկանում են, թե ինչ է նշանակում Իրանի հետ առճակատման գնալը, ինչքան էլ, որ նրանց թիկունքում Թուրքիան է կանգնած, և գոնե մոտական ժամանակներում ինչ-որ լուրջ զարգացումներ հազիվ թե լինեն։ Բայց կարծում եմ, որ այս զորավարժություններով Թուրքիան ու Ադրբեջանը հասկացան, որ Իրանը Բավականին լուրջ է տրամադրված։ Այս դեպքում իրանական շահերը համընկնում են մեր շահերի հետ, որովետև վտանգված են նաև մեր երկրի սահմանները, և մեր ճանապարհները վտանգվում են ադրբեջանաթուրքական դիվերսանտների կողմից։ Այս առումով Իրանում Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների անցկացումը մեզ համար դրական էր։

-Դուք նշեցիք ՀՀ տարածքում վտանգված ճանապարհների մասին, բայց մյուս կողմից մեր իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում էին, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածում իրանական բեռնատարների համար ստեղծված խնդիրները ՀՀ իրավասությունից դուրս են։  Ինչպե՞ս են ընկալվում այս հայտարարությունները իրանական կողմում։

-Պարզ է, որ այդ ճանապարհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, և վտանգված է ոչ միայն այդ ճանապարհը, այլև ՀՀ տարածքը։ Իրանական կողմի արձագանքը հետևյալն է, որ փակող կողմը պետք է հստակ գիտակցի, որ դրանք իրանական բեռնատարներ են, և դա անթույլատրելի է Իրանի համար, չպետք է նման բան տեղի ունենa։

-Այնուամենայնիվ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրանական կողմի պաշտոնական հայտարարությունները բավականին զուսպ էին ու չեզոք։

-Պետք է հաշվի առնել, որ իրավիճակը ստանդարտ չէ։ Ճանապարհը չի փակվել Ադրբեջանի տարածքում, փակվել է ՀՀ տարածքում, որը Ադրբեջանի կողմից համարվում է իրենը։ Եվ փաստորեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվել։ Բնականաբար Իրանի կողմից կոշտ արձագանքելը կամ այլ ձևով արտահայտելը բավականին բարդ է, և Իրանը դիվանագիտական պատասխան տվեց։ Բայց ես միշտ ասում եմ, որ պաշտոնականից զատ ավելի կարևոր են իրանական փորձագիտական-վերլուծական և ոչ պաշտոնական արձագանքներն ու գործողությունները, որովհետև իրանական կողմը դիվանագիտորեն այլ բան կարող է ասել, բայց տեքստի տակ բավական խորը շերտեր թաքնված լինեն։ Իրանը սիրում է կոդերի լեզվով խոսել, և մենք տեսանք, որ այդ նուրբ և զուսպ դիվանագիտական պատասխանին հաջորդեցին բավականին կոշտ և հարձակողական զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Ընդ որում այստեղ  մի կարևոր նրբություն էլ կա․ այդ զորավարժությունները տեղի են ունենում Ադրբեջանի թալիշաբնակ հատվածների երկայնքով։ Իսկ թալիշներն ունեն ընդգծված իրանական ազգային ինքնություն, ունեն ընդգծված դրական վերաբերմունք դեպի Իրանը։ Ժամանակին մի ցայտուն օրինակ եմ բերել, կրկնեմ․ երբ սպանվել էր Ղասեմ Սոլեյմանին, Ադրբեջանում բնակվող թալիշները սցիալական ցանցերում իրենց գլխավոր նկարները փոխել էին Սոլեյմանիի լուսանկարով։ Թալիշներն Իրանը համարում են իրենց հայրենիքը իրենց էլ համարում են իրանցի։ Եվ պատահական չէ, որ այս օրերին թալիշների կողմից դժգոհության հսկայական ալիք է բարձրացել Ադրբեջանի իշխանությունների դեմ, որն ազդակ է նաև Ալիևի համար։

-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ տարածաշրջանը մտել է նոր վերադասավորումների ակտիվ գործընթացի փուլ։ Ի՞նչ վերադասավորումներ են սպասվում։

-Այդ վերադասավորումները սկսվել են վաղուց,պարզապես տարածաշրջանում փոխվել է ստատուս քվոն, որը մինչև 44-օրյա պատերազմի ավարտը կար, հիմա չկա, իսկ դա շատ վտանգավոր է։ Ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն կողմերին տարբեր հնարավորություններ է տալիս։

-Ինչպե՞ս պետք է Հայաստանն օգտվի այդ հնարավորություններից և ամրապնդի մեր դիրքերը տարածաշրջանում, նաև  դաշնակից պետությունների հետ առավել արդյունավետ ու երկարաժամկետ համագործակցության օրակարգ մշակի։

-Հնարավորություններ կան, պարզապես պետք է կարողանալ դրանցից օգտվել։ Նախևառաջ պետք է կարողանանք ապահովել մեր տարածքային անվտանգությունը, մասնավորապես մեր ճանապարհների տարանցիկ հատվածը։ Դաշնակից պետությունների հետ ունենք համընկնող շահեր, բայց պիտի կարողանանք երկխոսության ճանապարհով այդ շահերը կիրառական դաշտ բերել։ Օրինակ, հիմա խոսվում է, որ Աֆղանստանից Ադրբեջան, ապա Արցախի բռնազավթված տարածքներ կարող են տեղափոխվել ահաբեկիչներ։ Դեռևս ուշ չէ Հայաստանի կողմից Իրանի և Ռուսաստանի ներգրավմամբ նախաձեռնել հակաահաբեկչական կոալիցիա ադրբեջանա-թուրքական ահաբեկչական ուժերի դեմ։ Համագործակցության ֆորմատները շատ են, սա ընդամենը մի օրինակ է։ Ցավոք, հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժը չի օգտագործվում։ Հատկապես, որ Իրանը ցանկություն ունի ակտիվանալ Հայաստանում, քանի որ ուզում է որոշակիորեն զսպել Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում։ Իրանը ցանկություն ունի նաև Սյունիքում տարբեր ներդրումային ծրագրերի, ենթակառուցվածքների միջոցով ապահովել իր ներկայությունը, կան նման նախաձեռնություններ և ուղերձներ իրանական կողմից, բայց ես առայժմ չեմ տեսնում հայկական կողմի պատշաճ արձագանքը։

-Օրերս գաղտնազերծվեց ՀՀ վարչապետի առաջարկը՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահի խոսքից պարզ դարձավ, որ հանդիպման և երկկողմ հարաբերությունների հաստատման գլխավոր նախապայմաններից մեկը ՀՀ տարածքով միջանցքի տրամադրումն է։ Հետաքրքիր է այս ամենը հայ-իրանական դիտանկյունից։

-Պարզ է, որ այդ միջացքը շաատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, առավել շատ՝ Թուրքիայի համար, քանի որ դա ապահովելու է ելք դեպի արևելք, ապահովելու է Թուրքիային վերահսկողությունը Իրանի սահամանների նկատմամբ, էլ չեմ ասում, որ դառնալու է Հայաստանի գերեզմանաքարի կնքումը։ Բնականաբար այդ միջանցքի գործարկումը բացարձակապես չի բխում Իրանի շահերից, և մեկ անգամ չէ, որ Իրանն այս մասին տարբեր ուղերձներ է հղել։ Փոխարենը Իրանն առաջարկում է սեփական նախաձեռնությունը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը վերջին ժամանակներում կրկին ակտիվացել է իրանական կողմից շնորհիվ։ Եթե գործարկվի Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, ապա դրանով կչեղարկվի ադրբեջանա-թուրքական այդ տխրահռչակ միջանցքի ծրագիրը։

-ՀՀ իշխանությունները հայտարարում են խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Եթե Հայաստանը միտված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ դրա գինը Սյունիքով միջանցքի տրամադրումն է, ապա չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները գնան այդ քայլին։

-Բոլորն էլ ուզում են խաղաղ ապրել, բայց խաղաղությունը երկնքից ընկած մանանա չէ։ Խաղաղությունը պետք է վաստակել։ Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են։ Եվ սրանք ապացուցված խոսքեր են։ Այդ միջանցքի բացումը, Որոտանի հանձնումը և մյուս հողերի հանձնումը խաղաղություն չի բերելու, մենք դա տեսնում ենք։ Ընդհակառակը, բերելու է նոր պատերազմների և նոր բախումների։ Այդ միջանցքի գործարկմամբ էլ խաղաղություն չի լինելու։ Մեզ համոզում էին, որ եթե չլինի Արցախը, մենք կապրենք ավելի խաղաղ։ Մենք հիմա տեսնում ենք, որ չկա Արցախը, բայց մենք ավելի վտանգված ենք։ Կար Արցախը, մեր թիկունքում էր, և մենք ավելի խաղաղ էինք ապրում։ Այսինքն, մենք չէ, որ խանգարում ենք, դեմ ենք խաղաղությանը։ Խաղաղությունը խանգարում է այն ուժերին, որոնք փորձում են մեր պետության հաշվին իրենց տարածքներն ընդլայնել և իրենց խնդիրները լուծել։

Ահարոն Վարդանյան հայ-իրանական հարաբերություններ զորավարժություններ խմբագրի ընտրանի Իրան-Ադրբեջան հակասություններ հարցազրույց

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին