Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 20-ից սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 12-15 տարեկան դեռահասներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ երիտասարդները պատվաստվում են Pfizer դեղամիջոցներով: Ընդ որում՝ ծնողի համաձայնությունը չի պահանջվի, եթե երեխան համարի, որ կարող է ինքնուրույն որոշում կայացնել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է ոստիկանություն կանչել, եթե կրթական հաստատությունների մոտ բողոքի ցույցեր լինեն պատվաստումների դեմ:
Ավելի վաղ դեռահասներին արդեն սկսել են պատվաստել մի քանի երկրներում, այդ թվում ՝ Ֆրանսիայում և Գերմանիայում:
Համաճարակի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 7,4 միլիոն դեպք և հիվանդությունից մահացել է մոտ 135 հազար մարդ: Բնակչության 81,7% -ը ստացել է պատվաստանյութի երկու դոզան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուբան սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստել երկու տարեկանից բարձր երեխաներին: