f

Անկախ

Կյանքում խաղում էր, բեմում՝ ապրում․ բացառիկ հուշագրություն Անահիտ Թոփչյանի մասին


74 տարեկանում այսօր կյանքին հրաժեշտ է տվել տաղադավոր դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը։ Վերջինս մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։ Սեպտեմբերի 3-ին կորոնավիրուսից մահացել էր նաև Թոփչյանի ամուսինը՝ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը։

Լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի մտերմությունը Թոփչյանների հետ սկսվել է դեռևս 1970-ականների սկզբից։ Մտերիմ էր նախ ամուսնու՝ Ալեքսանդրի հետ, ապա նաև Անահիտի։

Անկախ-ի հետ զրույցում արվեստաբանն ասաց, որ Ալեքսանդր Թոփչյանի հետ միասին սեպտեմբերի սկզբին պետք է Երևանում կազմակերպեին Հերկելյանի վաղամեռիկ եղբոր՝ Պետրոս Հերկելյանի գրքի շնորհանդեսը, գիրքը որը կազմել, խմբագրել էր Թոփչյանը։

«Ես Կանադայում էի, Ալիկն (Ալեքսանդր Թոփչյան-խմբ․) ինձ ասաց, որ սեպտեմբերի սկզբին գամ, քանի դեռ եղանակը լավ է, որպեսզի միջոցառումը բացօթյա կազմակերպենք, ասաց՝ կորոնավիրուսը շատ է տարածվել, ճիշտ կլինի բացօթյա անել։ Ասացի՝ շատ լավ։ Սեպտեմբերի 4-ին եկա և իմացա, որ մեկ օր առաջ Ալիկը կորոնավիրուսից մահացել է, իսկ կինը՝ Անահիտը, հիվանդանոցում է։ Այսօր արդեն իմացա, որ Անահիտն էլ չկա։ Ես ուղղակի ցնցված եմ, նրանց կորուստն ինձ համար շատ մեծ ցավ է»,-ասում է Հերկելյանը։

Արվեստաբանի խոսքով՝ Ալեքսանդր Թոփչյանը մի ամբողջ սերնդի գրողների գաղափարախոսն է եղել՝ Հենրիկ Էդոյան, Արմեն Մարտիրոսյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես, Հակոբ Մովսես, Սլավիկ Չիլոյան և այլք։

«Դա գրողների այն սերունդ է, որը հեղափոխություն առաջացրեց գրականության մեջ։ Ալիկը նաև հրաշալի թարգմանիչ էր։ Իսկ Անահիտը տաղանդավոր դերասանուհի էր ու գեղեցկուհի։ Մեր սերունդն իրեն սիրահարված էր։ Ես բախտավոր եմ, որ Անահիտի հետ մտերիմ ընկերներ ենք եղել»։

Մովսես Հերկելյանը Անկախ-ին է տրամադրել Անահիտ Թոփչյանի հետ իր հանդիպման և ծանոթության վերաբերյալ հետարքիր հուշագրություն, որը գրել է 2017 թվականին՝ Անահիտի 70-ամյակի առթիվ։

Ձախից աջ՝ Մովսես Հերկելյան, Անահիտ Թոփչյան, Հենրիկ Էդոյան, Ալեքսանդր Թոփչյան

 

Հուշագրությունը ներկայացնում ենք ստորև․

Կեանքի Մէջ՝ Կը Խաղար, Բեմի Վրայ Կ'ապրէր

(Անահիտ Թոփչեանի Ծննդեան 70 ամեակին առիթով)

Սիրելի ընթերցող՝

Այն ինչ որ թուղթին պիտի յանձնեմ քանի մը անգամ պատմած եմ տարբեր առիթներով, ընդ որում նաև Անահիտի և Ալիքի ներկայութեան Պէյրութի մեր տան մէջ: Կ՝ենթադրեմ որ Անահիտի ծննդեան 70ամեակը լաւագոյն առիթն է գրի առնելու մեր ծանօթացման այս տարօրինակ պատմութիւնը:

Սաստիկ ձմեռ էր, ձիւն, բուք ու բորան: Սօս Սարգսեանի գլխաւորութեամբ պիտի հաւաքուէինք Ծաղկաձորի Գրողներու Միութեան Հանգստատունը: Կարգադրուած էր որ Վարուժան Խտըշեանն ու ես պիտի մեկնէինք Աղասի Այվազեանի ինքնաշարժով: Ան նոր «Ժիկուլի» ստացած էր, իսկ իր քովը նստած՝Ստեփան Ալաջաջեանը կոկորդի նոր վիրահատման ենթարկուած՝ կը խօսէր մարդամեքենայի առոգանութեամբ: Վարուժանն ու ես տեղաւորուած էինք ինքնաշարժի ետեւի նստարանը: Խօսակցութիւնը կը դառնար ձմեռուայ խստութեան և ներկաներու թուաքանակի շուրջ: Ընթացքին յանկարծ Այվազեանը տուաւ նաև Անահիտ  և Ալիք Թոփչեաններու անունները: Վարուժանը նստած տեղը շտկուեցաւ, դիրք բռնեց, ինծի դարձաւ ու արաբերէնով ըսաւ.

--Դուն լուր ունէիր որ Անահիտը ներկայ պիտի ըլլայ:

--Ո'չ լուր չ՝ունէի:

--Ուրեմն ինծի նայէ, այս գիշեր «ռեստորան» պիտի երթանք և Անահիտը իմ քովս պիտի նստի, հասկցա՞ր:

Ես գիտէի թէ Վարուժանը իր բեմադրած Նիլ Սայմընի «Հանրային Պարտէզին Մէջ Ոտաբոպիկ» ներկայացման մէջ, գլխաւոր դերը Անահիտին վերապահած էր, սակայն «հարկադրաբար» ուրիշի մը տուաւ...բնաւ չէի գիտեր որ, այլ հաշիւներ ու այդքան մեծ տկարութիւն ունէր Անահիտին հանդէպ: Զգացի որ այդ օր Անահիտին իր քովը նստեցնելը շատ կարեւոր էր իրեն համար: Հակառակ իր յարձակողական ոճին, հանգիստ ձայնով ըսի.

-- Վարուժ, կարիք չկայ կռիւ ստեղծելու, մանաւա'նդ որ ես հարց չունիմ: Ո՞վ չ'ուզեր որ Անահիտը իր քովը նստի: Սխալ մի հասկնար: Այո, գեգեցիկ կին է, հմայիչ ու տաղանդաւոր, սակայն ոչ մէկ ծրագիր ունիմ քովը նստելու: Ես միայն բեմէն կը ճանչնամ զինք: Ամուսինը ընկերս է, սակայն առիթ չէ եղած որ ծանօթանամ իր հետ: Ո՞ւր կ'ուզէ թող նստի: Ես հարց չունիմ:

-- Արդէն սկսար, հոս նայիր, իր ներկայութեան դուն քեզ զուսպ և կիրթ կը պահես: Աւելորդ պակաս «քոմփլիմենդներ»ու կարիքը չկայ... մազերը կարճ են եղեր, երկար են քեզի չի խառնուիր:

--  Չեմ հասկնար Վարուժ, ամուսինը հետը պիտի ըլլայ ըսի, ես ծանօթ չեմ իրեն, և անիմաստ տեղը հետս կը սակարկես...

-- Որովհետև այնճարցի ես, ամէն տեղ ամէն ինչ կը խօսիս, մազերէն կը սկսիս և ու՞ր կը հասնիս չես գիտեր:

-- Լաւ, ի՞նչ կ'ուզէս որ ընեմ, արհամարհե՞մ զինք:

-- Տեսա՞ր, մէկ ծայրահեղութենէն միւսը կ՝անցնիս: Դուն քեզ հանգիստ պահէ կը բաւէ: Անահիտը իմ քովը պիտի նստի այսօր. հասկցա՞ր: Չըլլայ որ խանգարես:

Թէև Վարուժանին արտայայտուելու ոճը կոպիտ էր և տհաճ, այնուամենայնիւ լռեցի: Լռեցի, որովհետև երկու յարգարժան գրողներու ներկայութեան կը խօսէինք իրենց անհասկնալի լեզուով մը և պարբերաբար կը կրկնէինք Անահիտի անունը: Պահ մը լռութիւն տիրեց ինքնաշարժէն ներս, որ այնքան ալ հաճելի  չէր: Լռութիւնը խզեց Այվազեանը.

-- Ի՞նչ է Վարուժան, հաւանո՞ւմ ես Անահիտին:

-- Ո՞վ չի հաւնիր «պապամ», դուն չե՞ս հաւնիր: Այս մարդն ալ (ակնարկելով ինծի) երկար մազերուն զարնուած է: Աս ի՞նչ կը հասկնայ գեղեցիկ կինը ի՞նչ է, Անահիտը ո՞վ է: Դերասանական խաղ կայ, թատրոն կայ, արուեստ կայ: Մազերը գեղեցիկ են եղեր, երկար են եղեր, է՞,յետոյ ի՞նչ, վերջացա՞ւ...

Ես խոհեմաբար շարունակեցի լռել ,իսկ զրոյցը կանգ առաւ թատրոնի վրայ, ապա անցաւ ֆիլմարուեստին ու շարունակուեցաւ գրականութեամբ: Հասանք: Մեզ առաջնորդեցին առաջին յարկի մէկ սենեակը, ուր որոշ չափով հանգստանալէ և կազդուրուելէ ետք, երեկոյեան դուրս ելանք Ճաշարան մեկնելու: Չեմ գիտեր Վարուժանի չար բախտէն թէ իմ լաւ բախտէս նոյն ատեն քովի սենեակէն դուրս ելան Անահիտն ու Ալիքը միասին: Ոտքի վրայ ողջագուրուեցանք: Անահիտը ջերմութեամբ ընդունեց մեզ: Ալիքը զիս Անահիտին ներկայացուց բաւականին բարձր գովասանքներով: Անահիտը անմիջապէս սկսաւ հետաքրքրուիլ ինձմով: Վարուժանը զայրացած դարձաւ Ալիքին ու ըսաւ.

-- Գո՞րծ ըրիր հիմա: Ի՞նչ կը գովես կոր ասոր, ի՜նչ գրող... ի՜նչ արուեստ, չես տեսներ որ մուսալեռցի է, ասոնք ականջ կտրողներ են, ուրիշ բանէ չեն հասկնար: Ալիքը նախ փորցեց առարկել, հետոյ կատակի տուաւ. իսկ Անահիտին աւելի հետքրքրեց մուսալեռցիներուն ականջ կտրող ըլլալու հանգամանքը: Եւ երբ կը պատրաստուէինք մեկնելու, յանկարծ Անահիտը նշմարեց որ վերնաշապիկիս մէկ կոճակը փրթած է, ի հեճուկս Վարուժանին ձեռքս բռնեց ու ներս հրաւիրեց ամրացնելու: Սենեակը տաք էր, չես գիտեր ուրկէ ասեղ և դերձան գտաւ, վերնաշապիկս հանել տուաւ ու սկսաւ կոճակը կարել: Դուրսը Ալիքն ու Վարուժանը կը զրուցէին, սակայն Վարուժանի ձայնը անհանգստութեան նշաններ  ցոյց կու տար: Ի վերջոյ ան գոռաց.

-- ի՞նչ կ'ընէք ներսը, ժողովուրդը սոված է մեզի կը սպասէ:

   Ես ձայն չհանեցի: Անահիտը պատասխանեց.

-- Քիչ մը սպասեցէք, կոճակ կարելը այդքան ալ դիւրին չէ:

 Կոճակ կարելու արարողութիւնը բաւականին երկար տևեց: Ալիքը ամէն ինչ բնական ընդունելով հանգիստ կը սպասէր: Սակայն Վարուժանը  տագնապի նշաններ ցոյց կու տար  երբեմն բարձրաձայն կը հազար և կամ ուշացած ըլլալու յիշեցումներ կը կատարէր: Ի վերջոյ դուրը հրեց ու ներս մտաւ: Զիս առանց վերնաշապիկի տեսնելով «օ՜հօ՜» գոռալով այնպէս մը նայեցաւ ինծի, կարծես թէ մեծ յանցանք մը գործած էի: Դուրս ելանք: Անահիտը Ալիքին թևը մտած Գրողներու Հանգստատան զառիվարէն (այն ատեն դեռևս զառիվարի աստիճանները չէին շինուած) սառած ձիւնին վրայէն սղելով արագ հեռացան մեզմէ: Վարուժանը սկսաւ.

-- Անահիտին ըսի՞ր թէ դուն երկար մազեր կը սիրես:

-- Ոչ չըսի:

--Հապա ի՞նչ խօսեցաք:

--Պարապ բաներ:

--Պարապ բանե՞ր, այո,՜պարապ բաներ: Նայի'ր, դուն տղամարդու խօսք տուիր որ խելօք պիտի մնաս: Վարը յանկարծ համը չհանես: Նկատի առ որ Անահիտը հաստատ քովս պիտի նստի...Սօսն ալ լուր ունի: Յստա՞կ է ամէն ինչ:

Հակառակ անոր որ «յստակ է» ըսի ու խօսք տուի,Վարուժանը ճանապարհին նոյն բաները կրկնեց  անընդհատ: Ներս մտանք ճաշարան:Բոլորը հոն էին բացի Խորէն Պալեանէն որ գրեթէ մեր հետ հասաւ և ծանուցեց թէ Լուսինէն (Զաքարեան) ներկայ պիտի չըլլայ հոգնածութեան հետևանքով: Բոլորը դժգոհ մնացին իսկ Վարուժանը  յայտարարեց թէ դժբախտաբար երկուքի փոխարէն միայն մէկ կին պիտի ունենանք սեղանի վրայ և ան ալ իր քովը պէտք է որ նստի: Եւ քանի որ միակ բեմադրիչն է, ինք պիտի որոշէ թէ ո՞վ ու՞ր պիտի նստի:

Ներկաները համակերպութեան նշաններ ցոյց տուին, իսկ Վարուժանը անցաւ գործի: Սեղանը բաւականին երկար էր: Նախ Ալիքին սեղանին գլուխը նստեցուց առանձին, ինք գրաւեց աջ կողմի կեդրոնի աթոռը,  ճի'շդ դիմացը նստեցուց Սօս Սարգսեանին, անոր ձախ կողմը՝զիս, իսկ միւսները՝Զօրի Բալայեանին, Ալպեր Մկրտչեանին, Խորէն Պալեանին, Ստեփան Ալաջաջեանին, Աղասի Այվազեանին և միւսներուն ցրուեց ըստ պատահականութեան, ազատ ձգելով իր երկու կողմերը,այսիքն Լուսինէի և Անահետի աթոռները: Սօսը նշմարելէ ետք որ Վարուժանի երկու կողմերը ազատ են, ելաւ և գնաց նստաւ Վարուժանի աջ կողմը, յայտարարելով որ կ՝ուզէ իր «արիւնակից» եղբոր (անոնք օր մը իրենց ձեռքի երակները վիրաւորեցին ու արիւնները իրար խառնեցին)  քովը նստիլ: Այսպիսով ազատ մնացին վարուժանի ձախ կողմն ու իմ աջ կողմը: Վարուժանը զգալով վտանգը անմիջապէս ըսաւ.

-- Անահիտն ալ կը նստի իմ քովը:

Անահիտը որ մինչ այդ անշարժ մնացած էր ոտքի, մէկ Վարուժին նայեցաւ մէկ ինծի և ապա ըսաւ.

-- Ո'չ, ես Մովսէսին քով կը նստիմ:

Իմ համբերատար ընթերցող՝ կացութիւնս բաւականին բարդ էր և ճակատագրական: Վարուժանին նայուածքը սպառնալից, յանդիմանական ու աղաչական էր միաժամանակ: Խնդիրը լուրջ էր: Պէտք է փրկէի կացութիւնը: Խօսքիս տէրը ըլլալու համար ոտքի ելայ և ըսի.

-- Անահիտ ջան, ներող կը լինես, իմ քովը նստիլը այնքան ալ դիւրին չէ, ես մուսալեռցի եմ: Դուն երկար, ուղխինահոս վարսեր ունես, զոր գլխուդ վրայ հաւաքել ես հացթուխի նման: Եթէ իմ քովս պիտի գաս, ապա պէտք է որ քակես մազերդ և ուսերուդ վրայ փռես ջրվէժի պէս...:

Անահիտը նախ նշանակալից նայեցաւ ինծի, ապա խուզարկու հայեացք մը պտտցնելէ ետք ներկաներուն վրայ, ետ դարձաւ ու գնաց: Զարմացած ու շուարած էին բոլորը: Շուարած էի նաև ես, որովհետև չէի գիտեր ճի՞շդ ըրի թէ սխալ: Վարուժանը կարծես թէ գոհ էր ինձմէ: Դառնալով ինծի իբրև թէ ցած ձայնով(թէև բոլորն ալ լսեցին) ըսաւ.

-- Եղա՞ւ հիմա, Անահիտին պէս, «լեյտի»ի մը հետ այդպէ՞ս կը վարուին:

Այս անգամ ես խիստ յանդիմանական նայուածք մը նետեցի վրան ու ինք հասկցաւ պէտք եղածը ու լռեց: Լռեցինք բոլորս: Անահիտը ուշացաւ: Ոմանք առաջարկեցին ետեւեն երթալ սակայն Ալիքը հանգստացուց և ըսաւ.

-- Կարիք չկայ հիմա կու գայ:

Երբ արդեն ներկաները սկսած էին համակերպուիլ Անահիտի բացակայութեան, յանկարծ ան հեռուէն երեւցաւ: Քալուածքը թատերական էր ու սիգաճեմ: Ուղխինահոս ծամերը փռած էր մերկ ուսերուն վրայ ու ինքնավստահ կը յառաջանար դէպի սեղանը: Հիացական բացագանչութիւններու և ծափողջոյններու տարափին տակ եկաւ կեցաւ դիմացս ու «պալէ» պարուհիի նման աջ ոտքի մատներուն վրայ 360 աստիճան «ֆռռաց»: Երկար վարսերը ծփացին միջոցին մէջ, բազմապատկելով անոր կանացի հմայքն ու գրաւչութիւնը: Ապա կանգ առաւ ու նայուածքը խրելով աչքերուս մէջ կարծես ըսել կ'ուզէր. «հը՞ հիմա՞ ինչ կ'ըսես»: Ես պարտուած էի անոր շգեղ գեղեցկութեան դիմաց: Ոտքի ելայ: Նախ նայուածք մը նետեցի սեղանի երկայնքն ի վեր, հասկցնելու համար որ «պահանջս» տեղին էր և ապա չափազանց յարգալից կողքիս աթոռը առաջարկեցի անոր: Չէի համարձակեր Վարուժանին կողմը նայիլ: Գիտէի որ վտանգը մեծ է և յղի անակնկալներով: Անահիտը հազիւ նստած հին մտերիմի մը նման ականջիս փսփսաց.

-- Կարմի՞ր գինի կը սիրես թէ ճերմակ:

-- Ոչ մէկը և ոչ ալ միւսը:

  Տեսնելով մեր «մտերմութիւն»ը, Վարուժանը կատղած ոտքի ելաւ: Սօսը զգալով պահի լարուածութիւնն ու կացութեան փխրուն վիճակը, ինք ևս ոտքի ելաւ, ձեռքը դրաւ Վարուժանի ուսերուն և իբրև վաւերական թամատա առաջարկեց խմել Անահիտի (առանց մոռնալու  Լուսինէին) կենացը: Անոր «մազերը քակելու» վարուելակերպը համարեց նուէր մը մեր բոլորիս, յատկապէս Վարուժանին որ գիտէ գնահատել հմայիչ կիներու գեղեցկութիւնն ու տաղանդը ու ճի'շդ կողմնորոշուիլ դերասանուհի ընտրելու պարագային:

Իմ անահիտասէր ու արդարամիտ ընթերցող՝

Վարուժանի և իմ ակամայ քաշքշուքներու մէջ՝ երկուքս ալ պարտուեցանք: Յաղթողը՝ Անահիտն էր իր գեղցկութեամբ ու կանացիութեամբ հանդերձ:

Այսպէս էր Անահիտը, կեանքին մէջ կը «խաղար», իսկ բեմի վրայ «Կ'ապրէր»:

          

Յուլիս,2017,Մոնդրէալ                                                                           

Մովսէս Հերկելեան

Անահիտ Թոփչյան Ալեքսանդր Թոփչյան Մովսես Հերկելյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին