f

Անկախ

«Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա վերջն է»․ Գոռի վերջին գրառումը զոհվելուց առաջ


Գոռ Երմալովյանը Որոտանում էր ծառայում։ Ծառայությունից անցել էր մեկ տարի, երկու ամիս, երբ տղաներին տանում են Ջրական զորավարժությունների։ Պատերազմից մեկ օր առաջ Գոռը զանգում է հորն ու ասում, որ թշնամին իրենց նկարում է։ Ասում է՝ ողջ գիշեր հետևակի իր մարտական մեքենան տեղից տեղ է տեղափոխել, որ թշնամու թիրախում չհայտվի։ Հայրը հասկանում է՝ պատերազմ է սկսվելու։ Հաջորդ օրը պատերազմը սկսվում է։

Սեպտեմբերի 27-ից հարազատները Գոռից լուր չունեին։ Մի կերպ վաշտի հրամանատարի հետ են կապ հաստատում։ Ասում է․ «Մեռնեմ Գոռին, մենակ տեսնեք, թե ի˜նչ մարտեր է վարում առաջնագծում։ Թշնամու տանկեր է խոցել, Լելե Թեփեն են ազատագրել»։

Գոռը հարազատներին զանգում է հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի անտառներից։ Մի քանի խոսքով պատմում է, թե սեպտեմբերի 27-ից սկսած ինչերի միջով են անցել, ինչպես են հայտնվել շրջափակման մեջ, հրաշքով ողջ մնացել և դուրս եկել։ Այդ ողջ ընթացքում տղաները միայնակ են եղել, առանց հրամանատարների ու ղեկավարության։ Եվ իսկապես այդ հատվածում հայկական կողմը պատերազմի հենց առաջին օրերին մեծաթիվ կորուստներ է ունեցել։ Մինչ այժմ էլ բազմաթիվ անհետ կորածներ կան։ «Ասեց՝ մա՛մ, եթե ես էքանից հետո ողջ եմ մնացել, ինձ էլ բան չի լինի։ Ասում էր՝ զարմանում եմ, թե ընդհանրապես ոնց եմ ողջ մնում»։

Գոռի մարտական մեքենան թշնամին խոցել էր, զինակից ընկերներից շատերը զոհվել էին, հրամանատարը՝ նույնպես, բայց Գոռը մի քանի ընկերների հետ շարունակում էր մարտը։

Հոկտեմբերի 8-ին մի ուրալ էր գտել ու ԱԹՍ-ների հարվածների տակ մի կերպ ընկերոջ հետ միասին 20-ից ավելի վիրավորների բերել-հասցրել էին Կապանի հիվանդանոց։

«Մեկ էլ զանգեց, ասեց՝ Կապանի հիվանդանոցում եմ։ Վախեցա, մտածեցի՝ վիրավոր է։ Ամուսինս շտապ գնաց, որ տեսնի։ Ասում է՝ երեխու մազերն այդ տասը օրվա ընթացքում դիմացից լրիվ սպիտակել էին, դեմքին սպիներ էին, գրպանում՝ նռնակ։ Հորն ասել էր՝ քո տղեն գերի ընկնող տղա չի։ Ամուսինս խնդրել էր, որ գոնե մի քանի օրով տուն գա հանգստանալու։ Ասել էր՝ ինձ էլ չասեք՝ արի տուն կամ էլ մի գնա։ Իմ ախպերներն են զոհվել, ես պիտի գնամ, մենք թուրքին հող չունենք տալու»։

Մայրն ասում է՝ Գոռը գրեթե ոչինչ չէր ասում իրենց, թե ինչ է այնտեղ կատարվում, բայց որոշ կցկտուր խոսակցություններից հասկանում էին, որ ներսում շատ բան այն չէր։ Տեսնում էր, օրինակ, թե ոնց են զոհված տղաներին թողնում-փախչում, ոնց են տղերքը թշնամու դեմ միայնակ կռվում՝ առաց հրամանատարության, առանց օգնության և կյանքի գնով մինչև վերջ պաշտպանելով հողը։ Այդ ամենը տեսնելով՝ Գոռի մտքով անգամ չէր անցնում տուն գնալ հանգստանալու։

«Զինակից ընկերները Գոռին ասում էին՝ գումարտակի ողնաշարը դու ես,-պատմում է մայրը,-ընդհանրապես ինքը բոլորին հասնող էր, միշտ էր էդպիսին եղել, ընկերների համար հոգին էլ կտար»։

Հոկտեմբերի 14-ի երեկոյան Գոռը Ջրականից վերջին անգամ զանգում է հարազատներին։ Հաջորդ օրը առավոտյան մորը մի երգ է ուղարկում ու Ինստագրամի էր էջում խորհրդավոր գրառում կատարում․ «Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա վերջն է»։ Հոկտեմբերի 15-ի երեկոյան Գոռն իր 7 ընկերների հետ զոհվում է Ջրականի պաշտպանության համար մարտերում։

 

Երբ հարազատները նրանից այլևս լուր չեն ստանում, հայրն ու քեռին շտապում են Արցախ՝ հասկանալով, որ ինչ-որ բան է պատահել։ Գումարտակի հրամանատարն ասում է՝ Գոռենց վաշտը թեժ մարտերի է մասնակցել, տղաների մի մասը զոհվել է, բայց իբր իրենք տեղեկություն ունեն, որ Գոռը ողջ է, նրա ձայնը լսել են։ Հայրն ու քեռին երկու օր Գոռին փնտրում են հիվանդանոցներում, այնինչ Գոռն ու ընկերները զոհվել էին, իսկ նրանց մարմինները գտնվում էին մարտի դաշտում։ Մինչ հարազատներն անհույս Գոռին էին փնտրում, այդ ընթացքում ադրբեջանցիները գրավում են Ջրականը, և տղաների աճյունները մնում են թշնամու վերահսկողության տակ։

«Փաստորեն երեխեքը զոհվել էին, հրամանատարները՝ թողել-փախել՝ նույնիսկ նրանց մարմինները դուրս չբերելով։ Իսկ ամուսնուս ու եղբորս շեղում էին, թե իբր Գոռենք ողջ են։ Հո չէ՞ին ասի, որ երեխեքին թողել-փախել են։ Ու մինչև մերոնք ընկած հիվանդանոցներում Գոռին էին ման գալիս, թուրքն արդեն մտավ Ջաբրայիլ, և երեխեքի մարմինները շուրջ երկու ամիս մնացին դաշտերում ընկած»,-ասում է մայրը։

Գոռի ու ընկերների աճյունները հայտնաբերվում և դուրս են բերվում դեկտեմբերի 17-ին։ Իսկ թե ինչերի միջով են այդ ընթացքում անցնում հարազատները, բառերով նկարագրել հնարավոր չէ։

«Առողջ, ուժեղ, կյանքով ու երազանքներով լի երեխուդ ուղարկես բանակ ու չստանաս գոնե նրա անկենդան մարմինը։ Երազես գոնե մարմինը գտնել, մենակ թե անգերեզման, անշիրիմ չմնա։ Ու եթե մեր համառությունը չլիներ, մենք մեր երեխու ու նրա ընկերների մարմինները գուցե մինչ օրս էլ գտած չլինեինք։ Ամուսինս ու եղբայրս ամիսներով Արցախից տուն չեն եկել, էնտեղ տուն էին վարձել, մնում էին։ Մենք մեր հույսը միայն մեր վրա էինք դրել՝ հասկանալով, որ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ»,-ասում է դառնացած մայրը։

Զինվորի մայրը վստահ է՝ տղաներին դավաճանել են թիկունքից։ Նույնիսկ չի բացառում, որ իրենց տղաներին դիտավորյալ ուղարկել սպանդի կամ սպանել են հենց թիկունքից, քանի որ շատ բան էին տեսել ու հասկացել։

«Հիմա ես ու ամուսինս մեզ հարց ենք տալիս՝ այս ո՞ւմ էինք վստահել մեր երեխու կյանքը։ Ո՞վ կմտածեր, որ մեր երեխեքի հանդեպ սենց ցեղասպանություն կանեն։ Մեր երեխեքը ՆԱՏՕ-ի բանակի դեմ են կռվել, սիրիացի վարձկանների դեմ են կռվել, բայց կհաղթեին, եթե նրանց թիկունքից չդավաճանեին։ Սա սովորական պատերազմ չէր։ Ժողովուրդը չի պատկերացնում, թե ինչ է կատարվել։ Սա դավադիր պատերազմ էր, Հայրենիքի միտումնավոր դավաճանություն։ Ու հիմա իմ ցավը կրկնակի է, քանի որ հա՛մ որդիս չկա, հա՛մ էլ Հայրենիքս»,-ասում է Գոռի մայրը։

Պատմում են, որ Լելե Թեփեն ազատագրելուց հետո Գոռի հրամանատարը՝ Էդգար Մաթևոսյանը, որը նույնպես զոհվել է մարտի դաշտում, նրան ասել է՝ քեզ հերոսի կոչում ենք տալու։ Գոռն էլ պատասխանել է՝ կոչումների ու մեդալների ժամանակը չի, մենք վրեժ ունենք լուծեու, մեր հողերը պիտի հետ բերենք․․․

Գոռի ծնողները հրաժարվել են որդուն հետմահու արժանացրած մեդալներից։ Փոխարենը նրա յուղաներկով դիմանկարի կողքին կախված են մեկ տասնյակից ավելի մեդալները՝ բռնցքամարտից։

Գոռն Արմավիրի մարզից էր՝ Կեսարիա համայնքից։ Նրա հասուն, խորաթափանց հայացքին նայելիս ամենևին չես մտածի, թե 20 տարեկան է։ Մայրն ասում է՝ դեռ մանկուց իր տարիքից առաջ էր ընկած։ 6 տարեկանում արդեն մեքենա էր վարում, սպորտով զբաղվում, գյուղատնտեսության մեջ օգնում ծնողներին։

4 երեխա էին՝ 2 աղջիկ, երկու տղա։ Գոռը տան երրորդ զավակն էր։ Երբ փոքր եղբայրը ծնվում է, 6 տարեկան Գոռը որոշում է՝ եղբոր անունը պիտի Մոնթե դնեն։ Արցախյան ազատամարտի հերոսները Գոռի կուռքն էին։ Արցախյան ազատամարտի մասնակից հոր հետ հաճախ էր պատերազմի ու հերոսների մասին ֆիլմեր դիտում, այդ ոգով էլ մեծանում էր։

Գոռը 6 տարեկանից հաճախում էր սպորտի՝ նախ կարատե, քիքբոքսինք, իսկ 12 տարեկանից պրոֆեսիոնալ բռնցքամարտով էր զբաղվում։ Սովորում էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ամեն օր Արմավիրից գալիս էր Երևան։ Բռնցքամարտում բազում հաջողություններ ուներ ուներ։ Մայրն ասում է՝ չկար մի մրցույթ, որից հաղթանակած չվերադառնար։ Երկու անգամ էլ Ռուսաստանում և Ուկրաինայում էր մրցույթի մասնակցել։ Վերադարձել էր փոխչեմպիոնի կոչումով։

Սակայն 16 տարեկանում ճակատագրական մի մրցույթ մեկընդմիշտ հիասթափեցնում է նրան բռնցքամարտից։

«Վանաձորում բռնցքամարտի Հայաստանի առաջնությունն էր։ Գոռն ու մի տղա հասել էին եզրափակիչ, պետք է մրցեին չեմպիոնի կոչման համար։ Գոռս շատ լավ էր կռվել, բացահայտ առավելութուն էր ունեցել, բայց հաղթանակը տվել էին մյուս տղային, որի մարզիչը Վիկ Դարչինյանն էր։ Հիշում եմ՝ եկավ տուն հիասթափված ու կոտրված։ Առաջին անգամ բախվել էր անարդարությանը։ Ասեց՝ որոշել եմ այլևս չշարունակել սպորտը, ուրիշ բանով կզբաղվեմ»։

Ծնողների խնդրանքը՝ չհիասթափվել և ջուրը չգցել այդքան տարիների չարչարանք ու հաջողությունները,  չի ընդունում։ Որոշումը կայացված էր՝ բռնցքամարտը թողնում է։

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն քոլեջում, որտեղ սովորում էր եղբայրը, այսօր դասավանդում է քույրը՝ Լիլիթը։ Ասում է․ «Շնորհակալ եմ, եղբայրս, որ հիմա էլ ինձ հետ ես։ Դու ասում էիր, որ պատահականությունները պատահական չեն լինում։ Ես հավատում եմ»։

Սպորտից բացի Գոռին նաև գյուղատնտեսությունն ու հողագործությունն էր հոգեհարազատ։ Արմավիրում մեծ այգիներ ունեն, շատ ծառեր Գոռն իր ձեռքով էր տնկել և սեզոնին բերքը հավաքում էր, հասցնում շուկա։ Որոշել էր Երևանում մրգի ու բանջարեղենի խանութ բացել, բերքի մի մասը վաճառել, մի մասով էլ բարեգործություն անել։ 

«Պատերազմից առաջ՝ օգստոսին վերջին, զանգեց, ասեց՝ մա՛մ, կամերան միացրու, մեր տունը, այգին տեսնեմ։ Կարոտել էր։ Հետո խորհուրդներ տվեց, թե Մոնթեին ոնց մեծացնեմ, ինչ սովորացնեմ, ինչեր ասեմ։ Քույրերի մասին խոսեց, ասեց՝ պապային լավ կնայես։ Կարծես զգում էր, թե ինչ է լինելու»։

Մայրը վերջին անգամ որդուն տեսել էր 2020-ի Ամանորին, երբ Գոռն արձակուրդ էր եկել։ Ասում է՝ սովորաբար իրենք տոներն ու ծննդյան օրերը շատ ուրախ ու աղմկոտ էին անցկացնում, բայց այդ տարին տարբերվեց մյուսներից։ Կենսուրախ ու աշխույժ Գոռն այդ օրերին անհասկանալիորեն տխուր ու անտրամադիր էր, որը փոխանցվեց նաև հարազատներին։ 2020-ը չդիմավորեցին այնպես, ինչպես պետք էր, և 2020 թվականն այդպես էլ մնաց նրանց կյանքի օրացույցի ամենասարսափելի ու դաժան տարեթիվը։

 

Գոռ Երմալովյան հերոսներ 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Արցախ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին