Շուտով կլարանա Ադրբեջանի և Հայաստանի արցախյան պատերազմի մեկ տարին: Ինչո՞ւ այն սկսվեց և ավարտվեց այդպիսի արդյունքով: Ի՞նչն էր կանխորոշել Երևանի պարտությունը և Բաքվի անվերապահ հաղթանակը: Ի՞նչ եզրակացություններ պետք է անել հակամարտությունից, այդ թվում և Ռուսաստանը: Ինչպես արդեն գիտենք, այս և այլ հարցերի են պատասխանել 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին նվիրված ռազմա-քաղաքական հոդվածների «Փոթորիկ Կովկասում» ժողովածուի հեղինակները: «Մոսկովսկի կոմսոմոլեցն» անդրադարձել է նրանց առանցքային թեզերին:
Ի՞նչ են հատկապես ընդգծում Ռազմավարական և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ՌՏՎԿ/ ЦАСТ) պատրաստած աշխատության հեղինակները՝ ռազմական վերլուծաբանները: Օրինակ՝ այն, որ Բաքուն վերջին քառորդ դարում նպատակասլաց պատրաստվել է պատերազմին, որպեսզի վերադարձնի այն տարածքը, որը կորցրել էր առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իսկ ահա Երևանը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունն անտեսել են պատերազմի սպառնալիքը, չեն պատրաստվել պաշտպանությանը և այդպիսով դատապարտել են իրենց ջախջախման:
Հետազոտության հեղինակները եզրակացնում են՝ հակամարտությունը ցավալիորեն հիշեցնում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ երկիրն ընկնում է ինքնագոհության գիրկը և պատշաճ կերպով չի պատրաստվում պատերազմին:
Բաքուն ոչ միայն պատրաստվել է, այլև պատերազմի համար ընտրել է ամենահարմար պահը: Հայաստանի իշխանությունը և հասարակությունը թուլացած էին գունավոր հեղափոխությունից: Երկրի ղեկավարներ դարձան անձեռնհաս մարդիկ, որոնք, ընդսմին, ցուցադրաբար հակառուսական ուղղություն բռնեցին: Բաքվում հաշվարկեցին, որ նման դասավորությամբ Ռուսաստանը հազիվ թե համաձայնի ուղղակիորեն ռազմական աջակցություն ցույց տալ Երևանին: Բացի այդ, Մոսկվան այն ժամանակ նոր գլխացավանք էր ստացել՝ ընդվզումները Բելառուսում, «բեռլինյան պացիենտը», քովիդը:
Արևմտյան խաղացողները, որոնք կարող էին միջամտել հարավկովկասյան հակամարտությանը, օրինակ՝ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, նույնպես թաղված էին հոգսերի մեջ: Նահանգներում, օրինակ, պայքար էր ընթանում Թրամփի և Բայդենի միջև Սպիտակ տանը տեղավորվելու համար: Ամենուրեք մոլեգնում էր կորոնավիրուսը:
Փորձագետների գնահատականով՝ Բաքվի և նրան գործուն կերպով օգնող Անկարայի հաշվարկը մեծ մասամբ ճշգրիտ էր: Համենայն դեպս միջազգային արձագանք ղարաբաղյան պատերազմին փաստացի գոյություն չուներ: Կողմերին հաշտեցնելու թույլ փորձերը ոչնչի չհանգեցրին: Ռուսաստանը դրսևորեց իրեն (բացառապես դիվանագիտորեն) հակամարտության վերջին փուլում:
Փաստացի ժողովածուի բոլոր հեղինակները, որոնց թվում՝ ամենահեղինակավոր միջազգային ռազմա-քաղաքական փորձագետներ, նշում են երկրորդ ղարաբաղյան պատերազմի թուրքական գործոնը: Անկարան փաստացի հակամարտության կողմ էր, համակողմանի ռազմական օգնություն էր ցույց տալիս Բաքվին և, վերջիվերջո, ստացավ իր անառարկելի շահաբաժինն այդ արշավից՝ ամրացնելով իր դիրքերն Անդրկովկասում:
Մի քանի գործոններ ցույց են տալիս, որ Անկարան ոչ միայն շատ հարցերում Բաքվի առաջնորդող ձեռքն էր ադրբեջանական զինված ուժերի պատրատության առումով, այլև եռանդուն մասնակցում էր գործողությունների պլանավորմանը, ինչպես նաև մարտական գործողություններին: Որպես հիմնավորում այս եզրակացությանը փորձագետները բերում են ոչ քիչ անվիճելի ապացույցներ:
2020 թ. առաջին ինը ամիսներին Անկարան վաճառել է Բաքվին 123 մլն ԱՄՆ դոլարի տարբեր զենքեր՝ վեց անգամ ավելի, քան 2019 թ. նույն ժամանակաշրջանում:
Մասնավորապես, 2020 թ. փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան Ադրբեջանին վաճառի 33 մլն դոլարի սպառազինություն: Խոսքը թուրքական Bayraktar TB2 անօդաչուների, տարբեր հեռահարության հրթիռների, TR-300 Kasirga և T-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, Kaplan նորագույն ինքնագնաց հակատանկային համակարգերի, Kobra զրահամեքենաների, SOM-B1 մեծ հեռահարության թևավոր հրթիռների մասին է:
Մատակարարումների տեմպը պահպանվում է մինչ օրս: Միայն 2021 թ. առաջին հինգ ամիսներին Թուրքիան Ադրբեջանին է մատակարարել 136 մլն դոլարի սպառազինություն:
Միայն 2019 թ. անցկացվել են 13 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ: 2020 թ. դրանք շարունակվել են նույն թափով: 2020 թ. հուլիս-օգոստոսին, ի լրումն Թուրքիայից Ադրբեջան ռազմական և տրանսպորտային ավիացիայի թռիչքների թվի կտրուկ մեծացմանը և սպառազինության ու տարբեր ռազմական տեխնիկայի մատակարարման կտրուկ աճին, պատկառելի թուրքական ռազմական անձնակազմ մնաց Ադրբեջանում:
Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 մարդուց բաղկացած գումարտակային խումբը, 50 տեսուչները Նախիջևանից, 90 ռազմական խորհրդատուները Բաքվում, որոնք ապահովում էին բրիգադա-կորպուս-գլխավոր շտաբ շղթայի համակարգումը մարտական գործողություններն իրականացնելիս, 120 մարդու օդաչուա-տեխնիկական կազմը Գաբալա ավիաբազայում, 20 անօդաչուների օպերատորները Դալլյար օդանավակայանում, 50 տեսուչները Եվլախի օդանավակայանում, 50 տեսուչները 4-րդ բանակային կորպուսում (Փիրեքեշքյուլ) և 20 մարդը ռազմա-ծովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում:
Նշանակալի թվով թուրք զինծառայողներ ակտիվ մասնակցել են պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը: Խոսքը հիմնականում այն գեներալների մասին է, որոնք ղեկավարել են թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում:
Որոշ թուրք բարձրաստիճան գեներալներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա, ներառյալ F-16 կործանիչները, 2020 թ. հուլիս-օգոստոսի զինավարժություններից հետո էլ մնացել են Ադրբեջանում:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը որոշեց պատերազմի գնալ Թուրքիայի հետ միանալով և «մարտական գործողություններում ադրբեջանական տարածքից թուրքական օդաչուավոր և անօդաչու ավացիայի ակտիվ կիրառմամբ»: «Դա արտաքին ռազմական տերության անմիջական ռազմական ներխուժման առաջին և եզակի դեպքն էր հետխորհրդային տարածությունում ԽՍՀՄ փլուզումից ի վեր»,- նշում է հեղինակներից մեկը:
Պատերազմում ադրբեջանա-թուրքական ուժերի հաջողության կարևորագույն նախադրյալը գերազանցությունն էր օդում անօդաչուների ավիացիայի շնորհիվ: Հակամարտությունում լայնորեն և արդյունավետ օգտագործվել են թուրքական Bayraktar TB2 հետախուզա-հարվածային անօդաչուները, որոնք կառավարել են թուրք օպերատորները: «Բայրաքթարները» հաջողությամբ են գործել և՛ որպես փոքր չափերի կառավարելի զինամթերքի կրողներ, և՛որպես թուրքական նոր TRLG-230 հրթիռների համար թիրախները ցույց տվող ու լուսավորող միջոցներ:
Հայկական զինված ուժերն անկարող գտնվեցին հակառակորդի անօդաչու միջոցների համակարգային ազդեցությանը դիմակայելու հարցում: Հետևանքն այն էր, որ պատերազմի երկրորդ շաբաթի վերջում ադրբեջանա-թուրքական անօդաչու սարքերը որսում էին բառացիորեն յուրաքանչյուր կրակային միջոցը, զրահատեխնիկայի յուրաքանչյուր միավորը և հայ մարտիկների յուրաքանչյուր խումբը: Դա հանգեցրեց ոչ միայն հայկական կողմի ծանրագույն կորուստներին, այլև նրա զորակազմի զգալի բարոյալքմանը:
Հայկական կողմի կորցրած ցամաքային տրանսպորտային միջոցների հաստատված թիվը կազմել է առնվազն 1495 միավոր՝ 249 տանկ, 110 զրահափոխադրող ու հետևակի զրահամեքենա, 343 հրետանային սարքավորում, 112 ՀՕՊ բաղադրիչ, 178 ամենագնաց և 475 բեռնատար մեքենա: Անօդաչունի հասցրած վնասը կազմում է տրանսպորտային միջոցների կորստյան 39 տոկոսը:
Հայաստանի և ԼՂՀ-ի դրության մասին սպառիչ տեղեկությունները ռեալ ժամանակամիջոցի մասշտաբով Ադրբեջանին տալիս էր թուրք-հայկական սահմանի երկայնքով գործող Թուրքիայի ռազմա-օդային ուժերի հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման Е7-Т ինքնաթիռը: Արևելյան ուղղությունից մարտական գործողությունների շրջանների իրադրությանն անմիջականորեն հետևում էին հետախուզական սարքերի բեռնարկղերով հագեցած թուրքական F-16-ները:
Փորձագետները նշում են, որ 2015 թ. ի վեր Ադրբեջանի ՌՕՈՒ-ի օդաչուները ամեն տարի վարժվում էին թուրքական ստորաբաժանումների հետ համատեղ «ԹուրԱզ Քարթալի» զորավարժությունների դրոշի ներքո: 2020 թ. «ԹուրԱզ Քարթալին» սկսվեց հուլիսի վերջին և տևեց երկու շաբաթ՝ մինչև օգոստոսի 10-ը:
2016-2020 թթ. Ադրբեջանում մի քանի անգամ անցկացվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք», «Սարսըլմազ Քարդեշլիկ», «Հեյդար Ալիև» թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունները: Ադրբեջանական զորամիավորումներն իրենց հերթին մասնակցել են համատեղ «Էֆես», «Քըշ», «Էրջիես» և «Անադոլու Անքասի, «ԹուրԱզ Շահինի» զորավարժություններին Թուրքիայի տարածքում:
Փորձագետների գնահատականով, ադրբեջանական ավիացիան և հրետանին մարտական գործողությունների հենց սկզբից փաստացի եղել են թուրքական խորհրդատուների ու տեսուչների կառավարման ներքո: Պատերազմի 5-6-րդ օրը ադրբեջանական զորքերի ցամաքային բաղադիչն անցավ թուրքերի հրամանատարության ներքո: Վերլուծաբանները պնդում են, որ հատկապես այդ հանգամանքն օգնեց ադրբեջանցիներին, որպեսզի վերջնականապես տիրեն դրությանը:
Փորձագետների գնահատականով՝ մեծ է հավանականությունը, որ խաղաղության համաձայնության պայմանավորված հնգամյա ժամկետը սպառվելուց հետո Անկարան և Բաքուն փորձեն հասնել ռուսական զորքերի հեռացմանը և Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավմանը:
Ներկայիս ստատուս քվոն տարածաշրջանում սկզբից ևեթ անկայուն է, պնդում են փորձագետները: Այս պայմաններում, եզրակացնում են նրանք, Ռուսաստանի ռազմավարական նպատակը հայ-ադրբեջանական ուղղությամբ առաջիկա հինգ տարում կարող է դառնալ ոչ թե կայուն խաղաղության ձեռքբերումը Ղարաբաղում փոխընդունելի խաղաղության պայմանագրի հիման վրա, որ հազիվ թե իրականանալի է, այլ տարածաշրջանում երրորդ պատերազմի կանխումը:
Սերգեյ Վալչենկո