f

Անկախ

Ֆիզգորոդոկ․ Երևանի ամենագիտական ու ամենականաչ թաղամասը՝ վտանգի տակ


Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը կամ ինչպես երևանցիներն են ասում՝ Ֆիզգորոդոկը, մայրաքաղաքի թոհուբոհի, անկանոն քաղաքաշինության ու աղմուկի մեջ եզակի օազիս է, որ տարբերվում է թե՛ իր քաղաքաշինական դիմագծով ու բացառիկ կենսամիջավայրով և թե՛ 60-ականներից ստեղծված ուրույն արժեհամակարգով։ Ֆիզգորոդոկը նաև հուշարձան-թաղամաս է, որի տարածքը ներառված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում։

Գիտավանը ստեղծվել է անվանի ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ջանքերով։ Կառուցվել է որպես գիտաշխատողների համար ֆիզիկայի ինստիտուտի համալիր և բնակավայր՝ բաղկացած երկու, երեք և չորս հարկանի բնակելի շենքերից:

Ժամանակին գիտավանն ունեցել է ակումբ-ճաշարան, դպրոց, երկու մսուր-մանկապարտեզ, ջրավազանով սպորտդահլիճ, թենիսի մարզադաշտ, գիտնականների հյուրատուն, ինստիտուտի վարչական ու գիտաարտադրական արհեստանոցների մասնաշենքեր:

Համալիրի մուտքի աջ կողմում տեղադրված են «Արուս» քանդակը (1968 թվական, քանդ.` Ա. Չաքմաքչյան) և մի վիշապաքար ( Ք.ա. III-II հազ.)։ Մուտքի դիմացի հատվածում Ալիխանյանի կիսանդրին է։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 42.41 հա:

Ասում են՝ վերջերս մեկը տաքսի է նստել, որ Ֆիզգորոդոկ գնա, վարորդը տեղը չի իմացել։  Երբ մի կերպ, հարցուփորձ անելով տեղ են հասել, վարորդն ասել է․ «Դե միանգամից ասեիր՝ դրախտ ենք գնում, էլի»։

Եվ իսկապես ֆիզգորոդոկը բետոնապատվող ու փոշոտ Երևանում մի փոքրիկ դրախտավայր է, որտեղ կա թթվածին, թռչունների դայլայլ ու ամենակարևորը՝ պատմական երբեմնի հզոր գիտավանի մասին կենդանի հիշողություն։

Բայց արի ու տես, որ այս թաղամասն էլ զերծ չէ ապօրինի կառուցապատման վտագից։ Վերջին շրջանում Ֆիզգորոդոկի երբեմնի խաղաղ ու ներդաշնակ կյանքը վերածվել է իսկական «պատերազմական» գոտու։

12 հարկանի շենք ֆիզգորոդոկո՞ւմ․ բնակիչները բացահայտել են շինթույլտվության կեղծիքները

Ֆիզգորոդոկում բազմահարկ շենքի կառուցման թույլտվության նախապատմությունը ձգվում է դեպի հեռավոր 2005 թվական, երբ թաղամասի սպորտային խաղահրապարակի տարածքից շուրջ 2000 քմ տարածք ապօրինի կերպով օտարվում է՝ ձևակերպվելով որպես գոյություն չունեցող նկուղ, ապա տարածքի վարձակալություն և սեփականաշնորհում։

Հետագայում տարածքը մի քանի անգամ վերավաճառվում է, մինչև ներկայիս սեփականատերը՝ ի դեմս «Ռատկո» ՍՊԸ-ի, որոշում է բազմահարկ շենք կառուցել տարածքում՝ 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստանալով շինթույլտվություն։

Բնակիչների խոսքով՝ կառուցապատման նախագիծը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ Բացի դա, տեղի չեն ունեցել հանրային քննարկումներ, հաշվի չի առնվել տարածքի բնակիչների կարծիքը։

Հասկանալով, որ «նոր» Հայաստանում էլ օրենքն ու ուժը կառուցապատողի կողմից են, բնակիչները որոշել են ինքնուրույն պաշտպանել իրենք իրավունքները և սկսել են զբաղվել ապօրինի գործընթացների բացահայտմամբ։ Պարզել են՝ նկուղը, որն իբր ժամանակին սեփականաշնորհվել է, պարզապես գոյություն չունի։ Բազմաթիվ ալ խնդիրեր ու թերություններ էլ են հայտնաբերել։

Ի վերջո բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Այս պահին Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները դադարեցված են։ Բայց բնակիչները սա ընդամենը միջանկյալ հաղթանակ են համարում։ Պայքարը կավարտվի, երբ ապօրինի գործընթացն ամբողջությամբ բացահայտվի, մեղավորները պատժվեն, բազմահարկ շենքի  կառուցումն էլ չեղարկվի։

 

Հանցադուլ՝ հանուն Ֆիզգորոդոկի

Օգոստոսի 26-ից՝ արդեն 14 օր, ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլի մեջ են։
Պահանջը հետևյալն է՝ չեղարկել ապօրինի շինաշխատանքները, հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին,
ինչպես նաև տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը։

Հացադուլի մեջ գտնվող Կարեն Ամիրխանյանն Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահներն ուղղակի չեն կարող գործին ընթացք չտալ, քանի որ իրենց ներկայացրած փաստերն ակնառու են։ Չնայած մյուս կողմն ամեն ինչ անում է, որպեսզի այդ փաստերը չտարածվեն ու հետևանք չունենան։

Ֆիզգորոդոկի տարածքը ներառված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում, ինչը նշանակում է, որ տարածքում ցանկացած փոփոխություն պետք է կատարվի հատուկ ընթացակարգերի, հանրային քննարկումների և որոշումների արդյունքում։ Սակայն որևէ նման բան տեղի չի ունեցել։ Ամենազավեշտալին այն է, որ տարածքի այն հատվածը, որտեղ նախատեսվում է բարձրահարկ շենքի կառուցումը, դուրս է հանվել հատուկ նշանակության կարգավիճակից։

«Այս պահին տարածքում մոտ 600 բնակիչ է ապրում։ Նոր կառուցվող շենքն ունենալու է մոտ 90 բնակարան, ինչը նշանակում է, որ այս տարածքի բնակիչների քանակն ավելանալու է 400-500-ով, այսինքն գրեթե կրնկապատկվելու է։ 90 բնակարանում առնվազն 90, եթե ոչ ավել, ավտոմեքենա է լինելու։ Ասում են՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կա, բայց մենք հասկանում ենք, որ ավտոմեքենաների կեսն էլ չի տեղավորվի այնտեղ։ Պարզ է, որ այդ մեքենաները կայանելու են մեր երեխաների խաղահրապարակներում, զբոսանքի տարածքներում»,-ասում է Կարեն Ամիրխանյանը։

Կարենը մասնագիտությամբ ինժեներ է։ Ցավով է արձանագրում, որ այսօր Հայաստանին գիտությունն այլևս պետք չէ, մինչդեռ պատահական չէր, որ ժամանակին հենց Հայաստանում էին կառուցվել գիտական այնպիսի կենտրոններ, որոնք իրենց տեսակով եզակի էին աշխարհում։

«Հենց միայն Ֆիզիկայի ինստիտուտն ու ձորի մյուս կողմում գտնվող Մերգելյան ինստիտուտը, որոնք բացառիկ գիտական կենտրոններ էին տարածաշրջանում։ Հիմա եկել են ինչ-որ մարդիկ, որոնց ընդհանրապես այս ամենը պետք չէ։ Պատկերացրեք, եթե Թուրքիան ու Ադրբեջանը նման կենտրոններ ունենային, վաղուց այդ  տարածքները ոսկե ցանկապատով կպատեին, դրսի հյուրերի ձեռքից էլ բռնած կտանեին ցույց տալու և հպարտանալու»։

Կարենն ասում է՝ հացադուլը 20 օրով են հայտարարել, որից հետո, կախված գործընթացի շարունակությունից, կորոշեն պայքարի հետագա քայլերը։

Թաղամասի հնաբնակներն ու գիտավանի փառահեղ հիշողությունը

Տիկին Ռոզան Ֆիզգորոդոկում է ապրում արդեն 60 տարի։ Ամուսինը ֆիզիկոս- գիտաշխատող էր, երբ 1961 թվականին այստեղ բնակարան ստացան և տեղափոխվեցին։

«Սա մեր ամենահարազատ անկյունն է»,-ասում է տիկին Ռոզան՝ պատմելով, որ ժամանակին, սակայն, տարածքը շատ ավելի բարեկարգ ու խնամված էր, բուսականությունն ու ծառերն էլ՝ շատ ավելի խիտ ու փարթամ։

Նաև հիշում է՝ խորհրդային տարիներին տարածքն ուներ երկու գյուղատնտես, որոնք խնամում էին բուսականությունը։ Ոռոգման ջուր դեռևս չկար, բայց հատուկ ջրցան մեքենաներով ջուր էին բերում, տարածքը ջրում։ Ունեին ավտոբուս, որը գիտաշխատողների երեխաներին ամեն օր տարածքից վերցնում էր, յուրաքանչյուրին տանում իր դպրոց, ապա բերում։ Երբ 60-ականներին Երևանում դեռ տաք ջուր չկար կամ քչերին էր հասանելի, ֆիզգորոդոկում այն խնդիր չէր։

Ահա այդպիսի հատուկ կարգավիճակում էին ապրում գիտնականները հանճարեղ ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի ստեղծած գիտավանում, որտեղ նաև ակադեմիկոսն էր ապրում մեկ տասնյակից ավելի այլ ակադեմիկոսների հետ միասին։

Ֆիզիկոս Հենրիխ Վարդանյանը Ֆիզգորոդոկում է ապրում 1965 թվականից։ Հիշում է, թե ինչ մեծանուն գիտնականներ էին ապրում իրենց կողքին կամ այցելում գիտավան ողջ ԽՍՀՄ-ից։ «Ալիխայանի կառուցած արագացուցիչը՝ Արուսը, աշխարհում իր տեսակի մեջ երրորդն է։ Մեկն Անգլիայում է, մյուսը՝ Գերմանիայում, Արուսն էլ Երևանում է՝ Ֆիզիկայի ինստիտուտում։ Երեքն էլ ֆանտաստիկ արագացուցիչներ են։ Մենք էլ գիշեր-ցերեկ այստեղ աշխատում էինք»,-երանելի տարիներն է հիշում ֆիզիկոսը։

Հենրիխ Վարդանյանի խոսքով՝ տարածքում, որտեղ 2, 3 և 4 հարկան մի քանի շենքեր են, 12 հարկանի շենքի կառուցումն անթույլատրելի է, քանի որ կխաթարի միջավայրի ողջ համամասնությունը։ Հիշում է 90-ականների ցուրտ ու մութ տարիները, երբ հարևաններով գիշերային հերթափոխություն էին սահմանել ու գիշեր-ցերեկ հսկում էին տարածքը, որ ծառերը չկտրեն։

Այսօր էլ բնակիչներն իրենք են տարածքը խնամում, ծառերն ու բուսականությունը ոռոգում։

«Մեզ համար սա սրբավայր է, Արտեմ Ալիխանյանն է այս ամենը ստեղծել, քարը քարին դրել, ինքն է այստեղ Արագածից վիշապաքար բերել, «Արուս» արձանն է այստեղ, Ալիխանյանի արձանը։ Այդ 12 հարկանի շենքի կառուցմամբ այս ամենը ստվերվում է, կորցնում իր իմաստը»,-ասում է ֆիզգորոդոկի հնաբնակ գիտնականը։

Ֆիզգորոդոկում 60-ականներին ընտանիք կազմած գիտնականների երեխաները, թոռներն ու ծոռները, որոնք ծնվել, մեծացել են այստեղ, է՛լ ավելի կապված են թաղամասին։  Նույնիսկ չեն էլ մտածում, որ Երևանում կարելի է այլ թաղամասում ապրել։

Միքայել Ագանյանցի հայրը՝ Ալեքսանդր Ագանյանցը, Ֆիզգորոդոկիի առաջին ֆիզիկոս-բնակիչներից էր։ Մոսկվայում էր սովորում, երբ Ալիխանյանը հրավիրում է Ֆիզիկայի ինստիտուտում աշխատելու։ Հայրն արդեն չկա, բայց որդին՝ Միքայելը, որը ծնվել, մեծացել ու ընտանիք է կազմել այստեղ, իր կյանքը չի պատկերացնում Ֆիզգորոդոկից դուրս։

«Ենթադրենք ես Հյուսիսային պողոտայում ունեմ լավ բնակարան, ինչի՞ս է պետք, եթե կանաչ տարածք չկա։ Այստեղ կա ամենակարևոր բանը՝ կանաչ տարածք, առավոտյան չես արթնանում գազելների դռդռոցից կամ թունավոր արտանետումներից։ Կուզես, կարող ես իջնել ձոր, նստել գետի ափին, հանգստանալ»։

Միքայելի հետ շրջում ենք Ֆիզգորոդոկի տարածքում։ Ցույց է տալիս երբեմնի աշխույժ մանկապարտեզը, որը կառուցվել էր գիտավանի երեխաների համար։ Հիմա ավերակ է։ 90-ականներին այն սեփականաշնորհել է կամ ինչպես Միքայելն է ասում՝ զավթել է Աջափնյակի այն ժամանակվա թաղապետ Արծրուն Խաչատրյանը։ Այսօր Ֆիզգորոդոկի երեխաները ստիպված են մանկապարտեզ հաճախել տարածքից դուրս, իսկ մանկապարտեզի հսկա տարածքն ու մասնաշենքերը լուռ ավերվում են։

Գիտավանում նաև Գիտնականի տուն կար։ Միքայելը հիշում է՝ այնտեղ տարբեր խմբակներ էին գործում՝ լող, թենիս, երգ, դաշնամուր, անգլերեն։ Իսկ 80-ականներին նույնիսկ համակարգչային դասընթացներ էին անցկացվում։ Անկախությունից հետո այս շենքն էլ սեփականաշնորհվեց։ Հետո մի քանի հսկայական առանձնատների մոտով ենք անցնում։ Ասում է՝ Ֆիզգորոդոկի զավթված տարածքների հաշվին են կառուցվել։ Նախկին վատ ավանդույթները, թվում էր, թե պիտի անցյալում մնացած լինեին, բայց ոչ․ հիմա էլ տարածքը զավթում են, որ բարձրահարկ էլիտար շենք կառուցեն և գերշահույթներ ստանան։  

Միքայելն ասում է՝ բարձրահարկի կառուցումը շատ ավելի խորքային խնդիր է լուծում, քան կարող է թվալ առաջին հայացքից․ «Ուզում են, որ վերջին գիտական կենտրոնը Հայաստանում վերանա։ Ամբողջ օրը Հ1-ով ասում են՝ տուրիզմ, տուրիզմ։ Ես, օրինակ, չեմ ուզում տուրիզմի ոլորտում աշխատել, ես ուզում եմ գիտությամբ զբաղվել»,-ասում է գիտնականի որդին, որ ծնվել ու մեծացել է Ֆիզիկայի գիտավանում, հոր հետ երբեմն գնացել աշխատանքի և զարմանքով բացահայտել, որ այնտեղ է թաքնված ԽՍՀՄ-ի խոշորագույն էլեկտրոնաօղակային արագացուցիչը։

 

Ֆիզգորոդոկ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավան Արտեմ Ալիխանյան Երևան կառուցապատում խմբագրի ընտրանի

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին