f

Անկախ

Արտյոմը գնում էր եղբոր վրեժը լուծելու. ճանապարհին ինքն էլ զոհվեց


Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց երկու եղբայրների՝ Ռոբերտ և Արտյոմ Հովհաննիսյանների կյանքը: Ռոբերտն ընդամենը 21 տարեկան էր, Արտյոմը՝ 20: Տղաներն Արթիկից էին: Երկուսն էլ զինվորական ծառայության մեջ էին, ծառայում էին Ասկերանում և 2 ամսից պիտի զորացրվեին, երբ պատերազմը սկսվեց: Ռոբերտը ծառայության էր գնացել «Ես եմ» ծրագրով և ծառայել էր գրեթե 3 տարի:

«Սեպտեմբերի 26-ին խոսեցինք, էնքան ուրախ-զվարթ էին,-հիշում է զոհված հերոսների մայրը՝ Նարինե Գրիգորյանը,-երբ առավոտյան իմացա՝ պատերազմ է սկսվել, արագ զանգեցի, չպատասխանեցին: Նրանց արդեն տարել էին Աղդամ, իսկ հետո Ռոբերտին՝ որպես ավելի փորձառու զինծառայող, տարել էին Ջաբրայիլ՝ առաջնագիծ»:

Մայրն ասում է, որ Ռոբերտը շատ ակտիվ էր և միշտ աչքի էր ընկել իր ակտիվությամբ, 7-8 զենքի է տիրապետել, ծառայության ընթացքում բազմիցս պարգևատրվել:

«Երբ պատերազմի հաջորդ օրը կարողացա հետները կապ հաստատել, նրանց ձայնի մեջ ոչ մի վախ չկար, ուրախ էին, ոգևորված, ինձ ասում էին՝ բան չկա, հանկարծ չմտածես»:

Հոկտեմբերի 10-ին Ջրականում (Ջաբրայիլ) թեժ մարտեր էին: Ռոբերտն էլ մարտերի կիզակետում էր: Այդ օրը նկատում է, թե ոնց է թշնամին մի քանի հարյուր հոգանոց զորախմբով առաջ գալիս դեպի իրենց դիրքեր: Գլուխը խրամատից հանում է և բարձր ձայնով գոռում, որ ընկերները տեղեկանան: Թշնամու դիպուկահարը նրան անմիջապես նկատում է ու կրակում: Ռոբերտն ընկնում է: Երբ բժիշկը շտապում է նրան օգնության, բժշկին էլ են խփում: Շուտով թշնամին հասնում է դիրքեր ու գրավում: Ջրականն անցնում է թշնամու վերահսկողության տակ, իսկ տղաների դիերը մնում են այնտեղ:

Երբ եղբայրը՝ Արտյոմը, իմանում է, որ Ռոբերտը զոհվել է, Ասկերանից անմիջապես դուրս է գալիս և փոխանակ տուն գնալու, հարազատներին եղբոր մահվան լուրը հաղորդելու, հոկտեմբերի 12-ին դեպի Հադրութ ուղևորվող 200 հոգանոց զորախմբի հետ ճանապարհ է ընկնում Հադրութ Ռոբերտի վրեժը լուծելու, նաև այն հույսով, որ կկարողանա եղբոր դին դուրս բերել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքից:

«Արտյոմի հետ խոսեցի,  ինձ ասաց, որ գնում է Ռոբերտի մոտ,-պատմում է մայրը,-ասացի՝ ախր էնտեղ շատ վտանգավոր է, ծանր մարտեր են, մի գնա, ասաց՝ չէ, պիտի գնամ: Բայց նույնիսկ ձայնի տոնից չզգացի, որ եղբոր հետ ինչ-որ բան է եղել, փորձում էր ուրախ տոնով խոսել»:

Ճանապարհին թշնամին պայթեցնում է Հադրութ գնացող հայկական զորախումբը, բոլորը զոհվում են: Զոհվում է նաև Արտյոմը՝ եղբոր վրեժը չլուծելով, նրա դին դուրս չբերելով, եղբոր զոհվելու լուրն այդպես էլ մորից գաղտնի պահելով:

«Երկու օր հետո Արտյոմիս դիակը բերեցին: Իսկ Ռոբերտից որևէ լուր չունեի, սկսեցինք փնտրել նրան»:  

Ռոբերտին փնտրում են օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ, բայց ապարդյուն: Մի օր էլ մայրը համացանցով մի նամակ է ստանում: Ադրբեջանցի էր գրողը: Ասում է, թե որդին գերության մեջ է, Ադրբեջանի բանտում է գտնվում: «Ասաց՝ 5000 դոլար ուղարկի, տղուդ կնկարեմ, վիդեոն կուղարկեմ, կտեսնես: Կասկածում էի, որ ճիշտ է ասում: Հետո սկսեց վիդեոներ ուղարկել. ինչ-որ մութ սենյակ էր, ու իբր ինքը հարց էր տալիս, Ռոբերտն էլ պատասխանում էր, բայց ոչ տղայիս դեմքն էր երևում, ոչ էլ ձայնն էր նման»:

Հարազատները հասկանում են, որ տեսանյութերը կեղծ են, չնայած հոգու խորքում մայրը հույս էր փայփայում, որ որդին ողջ է, գերության մեջ, և շուտով նրանից լուր կունենա:

Մի օր էլ Ազիզ Մուրադով անունով մեկն է մորը նամակ գրում: Այս անգամ հարազատները դիմում են Ազգային անվտանգության ծառայություն, քանի որ տղամարդը տարօրինակ և անբարո առաջարկներ էր անում: Օրեր անց հեռուստացույցով տեսնում են, որ ԱԱԾ-ն բռնել է Ազիզ Մուրադով կեղծանունով անձին, որը հայ էր, բայց հանդես էր գալիս որպես ադրբեջանցի՝ զոհված տղաների հարազատներին տեղեկություններ հաղորդելու կեղծ խոստումով:

Որոնումների երկար ու տանջալից ամիսների ընթացքում Ռոբերտի ընկերներն են ի հայտ գալիս և որոշակի տեղեկություններ են հաղորդում նրա մասին՝ պատմելով, որ տեսել են, թե ինչպես է զոհվել:

Հունվար ամսին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից Ռոբերտի մասունքները հայտնաբերվում են, իսկ փետրվարի 11-ին ԴՆԹ-ով տվյալները հաստատվում են: «Ես էդպես էլ Ռոբերտիս չտեսա: Ընկերներն են տեսել, ասացին՝ մի քանի ոսկոր են գտել…»:

Երկու որդիների կորստից հետո տիկին Նարինեի միակ լուսավոր կետն այսօր փոքր որդին է՝ Գագիկը, որն ընդամենը 5 տարեկան է:

«Ռոբերտը 17 տարեկան էր, երբ Գագիկը ծնվեց: Շատ կապված էին իրար հետ, իրենք էին փոքրին խնամում: Գագիկը Ռոբերտին պապա էր ասում: Հիմա էլ ամեն օր զանգում է եղբայրների հեռախոսներին, ասում է՝ մամա, խի՞ են անհասանելի, կարողա՞ համարները փոխել են: Միշտ սպասում է նրանց: Չնայած մեկ-մեկ էլ ասում է՝ Աստված պապիի մոտ են»:

Տիկին Նարինեն Ռոբերտին ու Արտյոմին միայնակ է մեծացրել. փոքր էին, երբ ամուսնալուծվեց: Ամուսինն ամուսնացավ, ինքը որդիների հետ միայնակ մնաց: Տարիներ հետո ինքն էլ ամուսնացավ, ու երբ ծնվեց փոքր որդին, երեքին միասին մեծացրեց:

Պետության կողմից զոհված որդիների համար տրվող գումարի կեսը փոխանցվել է տղաների հորը, մյուս կեսով տիկին Նարինեն Երևանում՝ Նորքի հանրակացարաններից մեկում, մի փոքրիկ բնակարան է գնել, որպեսզի փոքր որդին հետագայում կացարան ունենա: Պետությունը, սակայն, չի փոխանցել Ռոբերտի՝ «Ես եմ» ծրագրով նախատեսված 5 միլիոն դրամը: «Սկզբում ՊՆ-ն ընդհանրապես հրաժարվեց տալ, ասացին՝ Ձեր տղան զոհվել է, նրան չի հասնում: Հետո դիմեցինք ՄԻՊ-ին, էնտեղ ասացին, որ այդ գումարը պետությունը պարտավոր է վճարել, քանի որ պայմանագրում չկա որևէ կետ, որ զոհվելու դեպքում գումարը չի վճարվում: Հիմա էլ ՊՆ-ից ասում են, թե բյուջեում փող չկա, կլինի՝ կտանք»:

Մոր համար սկզբունքի հարց է այդ գումարը ստանալը, քանի որ որդին հատուկ այդ ծրագիրն էր ընտրել, 2 տարվա փոխարեն ծառայել էր 3 տարի, որպեսզի վերջում այդ 5 միլիոն դրամով ու հիփոթեքով բնակարան գներ:

«Դա նրա քրտինքն էր, իմ որդին այդ գումարը վաստակել է, իր կյանքն էլ զոհել, պետությունը պարտավոր է այդ գումարը տալ: Եթե իմ որդին սովորական ծառայությունն ընտրեր ու ծառայեր 2 տարի, պատերազմից մեկ տարի առաջ զորացրված կլիներ»:

Ռոբերտը սիրած աղջիկ ուներ, արցախցի էր: Որոշել էր՝ ծառայությունն ավարտելուց հետո սիրած աղջկան վերցնելու է, գա Հայաստան, ամուսնանան: Բայց մայրն ընդամենը մարմնի մի քանի մասունք ստացավ որդուց ու նրա երկու զինվորական գլխարկները:

Տիկին Նարինեն որդիներին հուղարկավորել է նրանց ծննդավայրում՝ Արթիկում: Աշխատանքի բերումով ինքն այսօր ապրում է Երևանում և իր ցավն ամոքելու, որդիների հետ մենակ մնալու համար հաճախ է այցելում Եռաբլուր: Ասում է՝ հիմա իր հարազատները Եռաբլուրում սգացող որդեկորույս մայրերն ու քույրերն են, նրանց հետ է միայն հոգին խաղաղվում ու սփոփվում: «Մյուսները բոլորն էլ իրենց կյանքով շարունակում են ապրել: Ինչ եղավ, մեր երեխեքին ու մեզ եղավ»,-հոգոց է հանում նա:

Թուրքերի հետ բարեկամություն անել ցանկացողներին տիկին Նարինեն հիշեցնում է՝ իրենց որդիների արյունը ուրացողը Աստծուց է իր դատաստանը գտնելու:

«Եթե իմ երեխեքն էլ տուն եկած լինեին, ես էլի թուրքին չէի ների ու նրա հետ բարեկամություն չէի անի: Բա մյու՞ս երեխեքը: Ո՞նց կարող ենք մոռանալ էտ երեխեքի թափած արյունը, Եռաբլուրը: Թուրքի հետ մենակ սրբություն չունեցողը կարող է բարեկամություն անել»,-ամփոփում է որդեկորույս մայրը:


 

 

 

 

Ռոբերտ Հովհաննիսյան Արտյոմ Հովհաննիսյան զոհված զինվորներ հերոսներ 44-օրյա պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին