«Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածոում ստեղծված իրավիճակը նոր բան չէ Հայաստանի համար:
«1990-93 թթ. այդ ճանապարհը գրեթե չի օգտագործվել, այդ ճանապարհի վրա տասնյակ մարդիկ են անհետացել, սպանվել, վիրավորվել: 1991-93 թթ. հայկական զինված ուժերը կարողացան վերահսկողություն հաստատել այս տարածքների վրա, և երթևեկությունը վերականգնվեց: 2020 թ., երբ մենք պարտվեցինք, և հայկական կողմը զիջեց այս տարածքները, մենք պետք է շատ արագ ներքին ճանապարհը կառուցեինք, որովհետև էսպիսի իրավիճակների մենք միշտ հանդիպելու ենք»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ եթե ուզում ենք, որ Ադրբեջանը Հայաստանից չպահանջի Զանգեզուրի միջանցքը, ապա պետք է կառուցենք մեր ճանապարհները:
Հարցին, թե ինչի դիմաց Ադրբեջանը կբացի ճանապարհը, Թաթուլ Հակոբյանն ասաց՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջելիք այնպիսի մեծ օրակարգ ունի, որ շատ բան կարող է պահանջել.
«Դրա համար, ես կարծում եմ, որ մենք չպետք է այս հարցում գնանք որևէ զիջումների և պետք է ժամ առաջ կառուցենք այլընտրանքային ճանապարհներ: Եթե նույնիսկ Ադրբեջանն այսօր «բարի կամք» դրսևորի և բացի, վաղը կարող է նորից փակել»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն այստեղ որևէ դերակատարում կարող է ունենալ, Հակոբյանն ասաց.
«Այս ընթացքում մի կողմից հայհոյում են ռուսներին, ասում են՝ մեզ քաշեցին և այլն, մյուս կողմից մտածում են, որ ռուսները պետք է գան և մեզ օգնեն ամեն ինչում: Բայց մեծ հաշվով, եթե նույնիսկ միջանցք-ճանապարհ լինի, Ռուսաստանը դեմ չի լինի այդ ճանապարհին, որովհետև այդ ճանապարհի երկայնքով կանգնելու են ռուս սահմանապահները, ինչը նշանակում է, որ Ռուսական կողմը վերահսկողության տակ է պահելու այդ ճանապարհը, հետևաբար նաև՝ հայկական կողմին, ադրբեջանական կողմին, թուրքական կողմին: Այս ամենին պետք է նայել Կրեմլի պատուհանից և ոչ թե նայել հայկական նեղ պատուհանից»: