f

Անկախ

«Հաստա՛տ լավա լինելու». Արմանի վերջին տեսաուղերձն էր ռազմաճակատից


Արման Օհանջանյանը կամավոր էր մեկնել ռազմաճակատ: Երբ պատերազմը սկսվում է, իրերը հավաքում է, մեքենայի մեջ պատրաստ պահում: Հաջորդ օրը, երբ գնում է կամավորագրվելու, զինգրքույկը նայում են, տեսնում, որ բանակից ազատված է հարթաթաթության պատճառով: Ասում են՝ քեզ չենք կարող տանել, դու ծառայությունից ազատված ես: Պատասխանում է. «Ես չեմ եկել հարցնեմ՝ գնա՞մ, թե չէ: Եկել եմ ասեմ, որ գնում եմ»։ Ու գնում է՝  Մասիսում թողնելով ծնողներին, քրոջը, կնոջն ու կես տարեկան որդուն: Արմանն ընդամենը 23 տարեկան էր:

Մայրը՝ Ելիզավետա Բուդաղյանը, հիշում է՝ սեպտեմբերի 30-ին աշխատանքից տուն եկավ, տեսավ որդին տանը չէ։ «Մեկ էլ զանգեց, թե բա՝ մա՛մ, մեքենաս թողել եմ գազալցակայանում, մարդ ուղարկիր, որ տուն բերեն, ես գնում եմ։ Ասացի՝ ո՞ւր ես գնում, ասաց՝ Ղարաբաղ: Ասացի՝ գոնե արի գրկեմ քեզ, նոր գնա։ Ասաց՝ չէ, ժամանակ չունեմ»։

Արմանը երեկոյան հասնում է Ստեփանակերտ: Հենց նույն օրը զենքը տալիս են ձեռքը, ուղարկում Ջրական (Ջաբրայիլ): Հաջորդ օրը առավոտյան զանգում է մորը, ասում. «Մամ, էստեղ հանգիստ է, նուռ եմ ուտում»: Հանգստությունը, սակայն, շատ կարճ է տևում: Կեսօրին մորը նամակ է գրում. «Մա՛մ ջան, ինձ հետ ինչ էլ լինի, հիշիր՝ գլուխդ բարձ ես քայլում։ Պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա։ Մենակ իմացի՝ ես ձեզ շատ եմ սիրում, ինչ արել եմ՝ կներեք: Սաղ մնամ, զանգ կտամ»։

«Ես էլ իրեն գրեցի, որ դու պարտավոր ես սաղ մնալ, թե չէ քեզ չեմ ների․․․»,-արտասվելով պատմում է մայրը:

Մի քանի օր անց իմանում են, որ Արմանը ոտքից վիրավորվել է: Երբ մայրը խնդրում է տուն վերադառնալ, ասում է՝ լուրջ բան չկա, թեթև վնասվածք է, ես հո դասալի՞ք չեմ, որ թողնեմ գամ: Այդպես ոտքը վիրավոր, կաղալով հասնում է Որոտան (Կուբաթլու)։ Հետո իմանում են, որ Գորիսի զինվորական հոսպիտալում է: Այնտեղից մորը տեսազանգ է անում, որ անհանգիստ չլինի: Բայց այդպես էլ ճիշտը չի ասում, թե ինչու է հայտնվել հոսպիտալում: «Ասեց՝ սրտխառնոց ունեի, դրա համար են բերել: Խնդրեցի, որ ոտքը ցույց տա, էդպես էլ ցույց չտվեց»:

Հոկտեմբերի 7-ն էր: Երեկոյան տան դուռը բացվում է, ներս է մտնում Արմանը: Հարազատների ուրախությանը չափ ու սահման չկար, մտածում են՝ եկել է, որ մնա: Բայց Արմանը մի քանի ժամով էր եկել, առավոտ ծեգին նորից պետք է վերադառնար:  Հետը մի սղոց էր բերել, ակնոց ու մեկ հատ ծխախոտ: Թողնում է տանը՝ իբրև հիշատակ: Իսկ դրանց պատմությունը հետևյալն էր. Ջաբրայիլի դիրքերում են լինում, երբ հանկարծ նկատում են, որ թուրքն անարգել մտնում է իրենց տարածք ու արդեն մոտեցել է դիրքին: Մոտ տասը մետրի վրա սկսում են կռիվ տալ: Թշնամու զինվորներից մեկը սղոցը ձեռքին առաջ է գալիս: Պարզ էր, թե թշնամին ինչու է սղոցով մտնում հայկական դիրքեր, վայրագություններ պիտի աներ: Արմանը հասցնում է ոչնչացնել նրան, իսկ նրա սղոցը, ակնոցն ու ծխախոտը վերցնում է հետը՝ որպես այդ օրվա հուշ:

Այդ մարտերի ժամանակ Արմանենց 400-ից ավելի զորախմբից մի քանի հոգի են ողջ մնում, այն էլ՝ հրաշքով: Երբ նահանջի հրաման են ստանում, փորձում են վերադառնալ, բայց տեղանքն անծանոթ էր, չգիտեին՝ տեղ կհասնե՞ն, թե կընկնեն թշնամու ձեռքը: Մեկուկես օրում, մի կերպ կողմնորոշվելով կամ բախտի բերմամբ, հասնում են հայկական դիրքերին, որտեղ, սակայն, այլևս մարդ չէր մնացել: Այդ ընթացքում Արմանն իր հետ տանում էր նաև վիրավոր ընկերներից մեկին:

Այդ ամենը պատմելուց, հարազատներին մի քանի ժամ տեսնելուց հետո, երբ պիտի ճանապարհ ընկներ, մայրը նրան ասում է. «Ինչ անես, միայն թե գերի չընկնես»: «Մա՛մ, հենց հիմա ձեռքիս գրանադ ունեմ, դրա համար եմ պահել»,-ասում է ու գնում:

Մի օր էլ ռազմի դաշտից մորը գրում է. «Մամ ջան, մի վախեցի, ամեն ինչ լավա լինելու, մենակ մի բան լավ իմացի՝ Փաշինյանը հողերը ծախելա, իմ նման լիքը տղերքի կյանքն էլ հետը»։ Մայրը երբեք չի մոռանում այդ խոսքերը: Կապիտուլյացիայից հետո հասկանում է, թե որդին ինչ ի նկատի ուներ:

Հոկտեմբերի 17-ին Արմանը զինակից մի քանի ընկերների հետ անակնկալ ձևով կրկին տուն է գալիս:  Տղաների տրամադրությունը բարձր էր։ Այդ օրը զինադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը պետք է ուժի մեջ մտներ կեսգիշերին: «Ուրախացա, ասացի՝ Արման ջան, էլ մի՛ գնա, զինադադար է լինելու։ Ասաց՝ մամ, դու ղարաբաղցի ես, թուրքին լավ չե՞ս ճանաչում»։ Եվ իսկապես շատ արագ զինադադարը խախտվում է, պատերազմը՝ վերսկսվում, իսկ հոկտեմբերի 19-ին Արմանն ընկերների հետ ճանապարհ է ընկնում ռազմաճակատ:

«Ճանապարհելիս, երբ գրկել էի, լաց էի լինում, ասաց՝ մամ, հանկարծ չլացես: Եթե լացես, ես էնտեղ կզգամ, ձեռքերս կդողան, իսկ դա հավասար է մահվան»։ Դա նրանց վերջին հանդիպումն էր:

Հոկտեմբերի 20-ի առավոտյան Արմանից զանգ են ստանում: Ձայնը հեռվից էր գալիս, թույլ էր, խոսում էր դանդաղ: Ասում է՝ պա՛պ, վիրավոր եմ, դաշտում մենակ։ Հարազատները խուճապի մեջ էին, չգիտեին՝ ինչպես օգնել իրենց վիրավոր որդուն: «Ասացի՝ Արման, որտե՞ղդ է վիրավոր, ասաց՝ վիզս, ուսս, կողերս։ Ասացի՝ ինչ-որ հեռախոսահամար տուր, զանգենք, որ գան հասնեն քեզ»:

Արմանը մի կերպ կարողանում է նկարագրել իր տեղը՝ ասելով, որ գտնվում է Խնձորեսկի «կոլցովոյից» աջ՝ դեպի Լաչին, 20 մետր՝ չհասած պիկապին։ Սակայն հարազատներին այդ ինֆորմացիան քիչ բան էր տալիս: Նրանք չգիտեին՝ ով և ինչպես կարող է արագ հասնել ու փրկել նրա կյանքը:

Անելանելի րոպեները վերածվում էին դժոխային ժամերի: Միայն լսում էին Արմանի օգնության սպասող, բայց կամաց-կամաց մարող ձայնը:

«Վերջին անգամ հետը խոսել եմ ժամը 14։16-ին։ Հարցրեց՝ մամ, ի՞նչ եղան։ Ասացի՝ Արման ջան, դու ուժեղ ես, հեսա կգան կհասնեն քեզ, բալես: Ու այդ պահին ուժեղ պայթյուն լսեցի։ Վախից հեռախոսն անջատեցի։ Հետո արդեն զանգերը գնում էին, ինքը չէր վերցնում։ Ժամը 14։36-ին նորից զանգեցինք, մի անծանոթ մարդ վերցրեց: Հարցրեցինք՝ բժիշկ ե՞ք, հասե՞լ եք, այդ մարդն ասաց՝ հա, հասել ենք, բայց էլ մի զանգեք»։

Հարազատների ուրախությունն անսահման էր, հավատում էին, որ իրենց որդին փրկվելու է: Հետո հեռախոսահամարն անհասանելի է դառնում, այլևս լուր չեն ստանում, բայց հույսը չէր մարում, սպասում էին Արմանի զանգին:

Հաջորդ օրը զանգ ստանում են, բայց ոչ Արմանից: Նրա զինակից ընկերն էր զանգել՝ ասելու, որ Արմանն այլևս չկա…

Հետո արդեն պիտի իմանային, թե ինչպես է նա, ընկերոջ կյանքը խնայելով, առաջ ընկել ու գնացել վիրավոր զինվորին վտանգավոր գոտուց դուրս բերելու և հայտնվել թշնամու գնդակոծության տակ: Երբ ընկերն ասել է՝ մի գնա, փոքր երեխա ունես, ասել է՝ ես գոնե ժառանգ ունեմ, դու չունես, մնա:

Դաշտում ծանր վիրավոր ընկած՝ Արմանը վերջին անգամ զանգել է ոչ միայն հարազատներին, այլև ընկերներին: Զանգել է հրաժեշտ տալու:

Իսկ զոհվելուց մեկ օր առաջ Արմանն իր հեռախոսով մի քանի տեսանյութ է նկարել: Վերջին տեսանյութի վերջին խոսքերն են. «Լավա լինելու սաղ, հաստա՛տ լավա լինելու»,-ասում է ու խորը հոգոց հանում:

«Երբ Արմանն ասում է՝ լավա լինելու, նկատի ունի ոչ թե իրեն, այլ Հայաստանը. Հայաստանի համար է լավ լինելու, ու ես հավատում եմ իր ասածին»,-ասում է հերոսածին մայրը:

 

Սեպտեմբերի 10-ին Արմանը կդառնար 24 տարեկան: Նրա ծնունդն այս տարի հարազատները կնշեն առանց նրա, բայց որդու՝ Արսենի հետ, որն արդեն մեկուկես տարեկան է ու որին հայրն այդպես էլ կարգին չհասցրեց տեսնել ու սիրել:

Մայրը հիշում է՝ երբ 21 տարեկանում ասաց, որ որոշել է ամուսնանալ, անակնկալի եկան, ասացին՝ շուտ է, դեռ շատ երիտասարդ ես: Հիմա մտածում են՝ ինչ լավ էր, որ շուտ ամուսնացավ ու գոնե ժառանգ թողեց:

Տիկին Ելիզավետան երբեք չի մոռանա Արմանի հարսանիքը, թե ոնց մի օր առաջ իր ոտքը կոտրվեց, բայց որպեսզի որդու տոնը չփչացնի ու չհետաձգի, հրաժարվեց հիվանդանոց գնալ ու ոտքը գիպսի մեջ դնել: «Բժշկին ասացի՝ մի ոտքով էլ լինի, պիտի որդուս հարսանքին պարեմ: Հետո կգամ, ինչ ուզում եք ոտքիս հետ արեք»:

Ուժերի գերլարումով, ցավին մի կերպ դիմանալով և ոտքն ընդամենը ժամանակավոր ֆիքսատորի մեջ դրած՝ սկզբից մինչև վերջ ոտքի վրա մնաց, պարեց, ուրախացավ, որ որդու երջանկությունը կատարյալ լինի: Իսկ երբ հարսանիքն ավարտվեց, հասան տուն, հասկացավ, որ մեկ քայլ անգամ այլևս չի կարող անել. ոտքը սարսափելի այտուցվել էր, սևացել: Հետո արդեն 2 վիրահատություն տարավ, բայց երջանիկ էր՝ որդու հարսանիքը լիարժեք էր անցել:

Տիկին Ելիզավետան 19 տարեկան էր, երբ Արցախյան առաջին պատերազմում կորցրեցին Մարտակերտի տունը, ունեցվածքը և տեղափոխվեցին Հայաստան: Ամուսնացավ ու հաստատվեց Մասիսում: Ամուսինն էլ տունը և ունեցվածքը կորցրել էր Ադրբեջանում: Երկուսն էլ ուսուցիչներ էին, մեծ դժվարությամբ էին մեծացրել Արմանին ու դստերը՝ Թամարային: Ողջ կյանքում այդպես էլ չկարողացան սեփական անկյունն ունենալ, մինչ օրս վարձով են ապրում: Թամարան ապագա բժիշկ է, Երևանի պետական բժշկական համալսարանում է սովորում:  

Օգոստոսի 29-ին Մասիսում տեղի է ունենալու միջոցառում՝ Արմանի և մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված: Արմանի քույրն է կազմակերպել։ Միջոցառումն անվանակոչել են վերածնունդ, քանի որ հավատում են՝ հերոսները չեն մահանում, նրանք վերածնվում են:

Արման Օհանջանյան անմահ հերոսներ հերոսներ 44-օրյա պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին