f

Անկախ

Իրարանցում էր...


— Արշավիր, այ Արշավիր, Բարի լույսը քեզ,— որքան հնարավոր էր, պատշաճության սահմանները չգերազանցող բարձր ձայնով այգում աշխատող իր հարևանին կանչեց աքլորների հետ արթնացած Նախշուն տատը։

— Բարի աջողում, Նախշուն աքիր, ի՞նչ կա, խեր լինի։

— Խեր կլինի, Արշավիր ջան, այն ժամանակ, երբ որ քո խնձորի ծառը կկտրես։ Մեկա, ես իմ ասածին հասնելու եմ։ Կտրի պրծնենք էլի, այ մարդ։ Էդքան ասիլ կլինի՞։

— Նախշուն աքիր ջան, ո՞նց կտրեմ, ինչի՞ կտրեմ։ Ի՞նչ է արել քեզ իմ ծառը։ Հո Մոշի տարածվող թուփ չի՞։ Արևդ չի փակել, տանդ պատից ու պատուհանից հեռու՝ քեզ շվաք չի արել։ Մեղրահամ, դեղին, առաջին սորթի բելֆլոր է։ Հետն էլ՝ մեղուներս սրա ծաղկից նեկտար են քամում ու խնձորահամ մեղր են տալիս։ Վլադիկավկազից եմ բերել, իմ կռված տեղերից։ Քանի Հակոբը կենդանի էր, ծառը չէր խանգարու՞մ։ Էս խեղճը մեր երկու հողակտորների սահմանին է։ Իմ թոռներն էլ են քաղում, քո թոռներն էլ։ Բա ճղներից կախված ճոճանակն ի՞նչ անեմ, ինչի՞ց կախեմ։ Էդ ի՞նչ եղավ քեզ, որ իմ ծառի հետևից ընկար։

Նախշուն տատը մոխրագույն գլխաշորը հանեց, վարսերը հավաքեց ու նորից պարանոցին ձիգ կապեց։ Արշավիրը գիտեր, որ սա երկար վիճելու նշան էր։ Նա ցավից հոգնած մեջքն ուղղեց, մի քանի քայլ առաջ եկավ որ լավ տեսնի պատշգամբում, ասես պալատում թագուհու պես հպարտ, գավազանը ձեռքին կանգնած փոքրամարմին այրի կնոջը։ Մի պահ մտածեց, որ ամուսնուն կորցնելուց հետո շատ է փոխվել։ Բայց երբ աչքերով հանդիպեց նրա աչքերին, տեսավ որ նույն Նախշունն է, ուժեղ ու իրանասածի։

— Արշավիր ջան,— հանգիստ սկսեց Նախշուն տատը,— հարմար էլ չի ասիլը։ Քո ծառը "ազար" է ընկել ու ճյուղերով տարծվում է իմ այգու ծառերին։ Կտրի պրծնենք։

Իր խնձորենու անհավանական հիվանդության մեջ մեղադրանքներն արդեն չէին էլ նեղացնում Արշավիրին։ Արդեն մեկուկես տարի հարևանուհին ամեն Աստծո առավոտ նույն բանն էր ասում ու նույն պատասխանին արժանանում։

— Ես ազնիվ այգեգործ, շինական մարդ եմ։ Ոչ հորս ծառերն են որևէ անգամ որևէ ազար ընկել, ոչ իմը, Նախշուն աքիր ջան։ Մեր ավանի ամեն մի բնակիչ լավ գիտի իմ մրգերի համն էլ, վարդերի բուրմունքն էլ։

Կտրիլ չդեմ։

— Դե լավ,— ասաց Նախշուն տատը ու քթի տակ քմծիծաղով կամացուկ ավելացրեց,— Վարդերի՜ բուրմունքը։ Կապրենք, կտենանք։

Վաղ աշնանային ջերմ, մեղմ եղանակ էր։ Արևը չէր այրում։ Բնությունը պատրաստվում էր իր հերթական հանգստին։

— Միայն մարդը մեռնելուց հետո, բնության պես հարություն չի առնում, — մտածեց Նախշուն տատը։

Նրա սիրտը բարակել էր, դատարկվել։ Առանց Հակոբի կյանքը նման էր վառարանում մենակ մնացած փայտի կտորի անայրվել մխալուն։ Գերեզմանատունը, որին ժողովուրդը "հանգիստ" էր ասում, տանից շատ հեռու էր, սարի լանջին ու գագաթին փռված։ Նախշուն տատի աջ ոտքը ցավում էր, ձգում ու այդ ցավը հաղորդում մեջքին։ Առանց ձեռնափայտի անհնար էր դարձել քայլելը, էլ ինչ ասես հանգիստը գնալու մասին։

Նա տուն մտավ, նայեց պատից կախված իր ու Հակոբի ամուսնությունից մեկ օր հետո արված սև սպիտակ լուսանկարին, մտածեց, հուշերի գիրկն ընկավ, ապա գոգնոցի գրպանից հանեց սպիտակ, ասեղնագործ թաշկինակը, սրբեց աչքերը, մոտեցավ Հակոբի իրերի կոմոդին, երկրորդ դարակից մի կաշվե, մաշված տուփ հանեց, դրեց իր պայուսակի մեջ, մոտեցավ պահարանի Հայելուն, գլխաշորը նորից ուղղեց, գոգնոցը հանեց ու դուրս եկավ փողոց։

Անցորդ չկար, որ չբարևեր, որպիսություն չհարցներ ու հարգանքով չճանապարհեր նրան։ Նախշունը գիտեր, որ դա իր ու ամուսնու՝ գեղեցիկ, մարդկանց նվիրված կյանք ապրելու պատասխանն էր։ Եթե պատահած մայր ու մանուկ էին լինում, նա կանգ էր առնում, գրպանից "մոմպասի" թիթեղյա տուփը հանում, այնտեղից մի կոնֆետ տալիս, ու դանդաղ, ցավագին քայլում դեպի Լենինի փողոց։

Դեպի աղբյուր իջնող ճանապարհը թեք էր, զառիվեր։ Լավ էր, որ անձրև չկար, թե չէ այն անանցանելի, ցեխ ու լոպոպ կդառնար։ Երիտասարդ անցորդներից մեկը՝ Ղուկասի տղա Գևորգը մոտեցավ, թևն ընկավ, օգնեց սարալանջին փորված աստիճաններն ու առվի վրայի կամրջակը հաղթահարելու համար, որից հետո Նախշուն տատը հասավ Լենինի փողոցի ասֆալտին։ Դեղին տաքսիներ էին շարված, վարորդներն էլ կանգնած խոսում էին։ Նրանցից մեկը մոտեցավ ու թե․

— Նախշուն տատ, նստի քեզ տանեմ։

— Բալա ջան, ի՞նչ արժի մինչև սանկայան։

— Բան չարժի, Նախշուն տատ, քեզ ձրի եմ տանելու։

— Ապրես բալա ջան, շատ ապրես, Աստված քո բալեքին քո սրտի չափով տա, — պատասխանեց նա ու նստեց մեքենան։

Բժիշկ Հովսեփյանը Սանէպիդեմկայանի գլխավոր բժիշկն ու վարիչն էր, հայրենադարձված հայ էր, միշտ կոկիկ հագնված, միշտ մաքրամաքուր հայերենով ու մարդկանց հանդեպ առանձնակի հարգանքով։ Շրջանի առողջապահական համակարգի հիմնադիրն ու առաջին գլխավոր բժիշկն էր եղել։ Այստեղից էր, որ բոլորին լավ էր ճանաչում, բայց Հակոբի ու նրա տիկնոջ հանդեպ առանձնահատուկ հարգանք ուներ։ Ու երբ Նախշուն տատը մտավ, նա տեղից վեր կացավ, ձեռքով բարևեց ու նստեցրեց իր դիմաց։

— Բարով եք եկել, տիկին Նախշուն, ինչպե՞ս եք։ տեսնում եմ, որ մեջքի ցավեր ունեք։

— Սիրտս է ցավում, բժիշկ ջան, սրտի ցավով եմ եկել։

— Ի՞նչ է եղել, ինչու՞ հիվանդանոց չեք գնացել։

— Սա ուրիշ ցավ է։ Հիմա կասեմ։ Իմ հարևան Արշավիրի խնձորի ծառը հիվանդ է, ու այդ հիվանդությունը իմ այգու վրա է տարածվում։ Ուզում եմ գաք, ակտավորեք ու կտրեք։

Նախշուն տատը կտրուկ կապեց ու լռեց։

— Նախշուն աքիր, ամբողջ Բերդն է խոսում Ձեր առավոտյան վեճերի մասին։ Դուք երկուսդ էլ լավ հարևաններ ու բարեկամություն անող մարդիկ եք։ Արշավիրը իսկական այգեգործ է ու թույլ չէր տա իր ծառը հիվանդանա։ Ես այդքան իշխանություն չունեմ, հենց էնպես գամ ու մարդու ծառը կտրեմ,— Նախշուն տատը Հովսեփյանի յուրաքանչյուր բառի հետ ավելի էր փոքրանում ու սեղմվում, կարծես մի վիշտ սպանում էր ներսից ու չէր կարողանում արտահայտվել, բաց թողնել այդ ցավն իրենից։

— Դուք ինձ իրական, ճշմարիտ պատճառն ասեք, իմանամ, գուցե հիմնավոր լինի, ու ես ինքս գամ, փորձեմ համոզել Արշավիրին։

— Բժիշկ ջան, ծերացել եմ, ոտքս չի քաշում, Հանգիստն էլ հեռու է, չեմ կարող գնալ Հակոբիս մոտ։

Բժիշկ Հովսեփյանը զարմացել էր պատասխանից, քանի որ ոչ մի կապ չէր տեսնում այդ երկու հանգամանքների միջև․

— Ե՞ւ․․․

— Էլ ի՞նչ և։ Այդ ծառը իմ տան տեսարանը փակում է, Հակոբիս հանգիստը չի երևում։ Ծառը որ կտրեք, Հակոբիս կտեսնեմ, կխաղաղվեմ,— սա ասելու վրա Նախշուն տատի աչքերը լցվեցին, բայց նա սեղմեց իրեն որ լաց չլինի։

—Նախշուն աքիր, բայց գերեզմանատունը տանից բավական հեռու է, Հակոբի շիրմաքարը դժվար թե երևալիս լինի, անգամ եթե ծառը կտրենք։

Նախշուն տատը այս խոսքերի վրա իր պայուսակը դրեց գոգին, այնտեղից հանեց մաշված կաշվետուփն ու դրեց սեղանին։ Հովսեփյանը զարմացած էր ու հուզված։ Աչքերը տուփին սևեռած մտածեց մի քանի վայրկյան ու ասաց․

— Դու գնա, վաղը կոմունալ սպասարկման բանվորների հետ կգանք կկտրենք։

Հաջորդ օրն առավոտյան բանվորներն ավելի շուտ էին հասել ու Ազարիային տեղեկացրել, որ եկել են ինչ որ ծառ կտրելու։ Արշավիրը փրփրել էր ու վիրավորվել։

— Ոչ մի ծառ կտրել։ Իմ վիզը կտրեք, հետո ծառս։

Իրարանցում էր։ ամբողջ թաղը հավաքվել էր ու քննարկում էին, փորփրում, բայց չէին կարող հասկանալ Նախշուն տատի դրդապատճառները։ Այդ թոհուբոհի մեջտեղում ժամանեց Հովսեփյանի "Վիլիս" մեքենան։ Նա դուրս եկավ խցիկից, ուղղեց սպիտակ կոստյումը, գլխարկը իջեցրեց աչքերին ու մոտեցավ Արշավիրին, ականջին կամացուկ շշնջաց, որ մի կողմի վրա հեռանան ու խոսեն։ Մի երեք րոպե տևեց խոսելը։ Արշավիրը ետ եկավ ու ասաց․

— Կտրեք։

Երբ որ կտրեցին, ճյուղերը հավաքեցին ու դարսեցին, Նախշուն տատը դուրս եկավ պատշգամբ, աթոռը դրեց, նստեց վրան, կաշվե տուփը հանեց, դրեց բազրիքին, այնտեղից հանեց Հակոբի Գերմանիայից ռազմավար բերված բանակային հին հեռադիտակը, դրեց աչքերին ու նայեց ուղիղ շիրմաքարի կողմը։ Արշավիրն ու Հովսեփյանը իրար հասկացած ձեռք տվին ու գնացին մի բաժակ բան խմելու, Հակոբին հիշելու։

Դավիթ Վանյան 21․08․2021թ․ Դեպի Արարատ

Լուսանկարը՝ Արտուշ Հարությունյանի

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում էսսե

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին