f

Անկախ

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ,

Քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր նշանակումը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան ու նոր կառավարութեան կազմութիւնը:

Արդարեւ, հայ ժողովուրդի ու Հայաստանի պատմութեան վճռադրոշմ մէկ հանգըրուանին, դուք վերստին կը կոչուիք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտօնին: Պաշտօն մը, որ սովորական իմաստով դիրք ու պատիւ չէ, այլ իր էութեամբ ու նպատակով հայրենակերտումի առաքելությիւն է: Այսօր, ինչպէս գիտէք, մեր հայրենիքը լուրջ տագնապներով շրջապատուած է՝ ներքին թէ արտաքին: Անոր պետականութեան հիմքերը վտանգուած են: Յուսախաբութիւնն ու անորոշութիւնը դարձած են տիրական Հայաստանի ու Արցախի ժողովուրդի կեանքէն ներս: Հետեւաբար, ժողովուրդը կը սպասէ որ դուք հայրենիքի վերականգնումի ու վերածաղկումի առաքելութեան լծուիք՝ բարձրագոյն աստիճանի նպատակասլաց պատասխանատվութեամբ ու յանձնառութեամբ: Այս սպասումէն մեկնելով ու այս հեռանկարով, կ’ուզենք Ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ կէտերը.

ա) Ազրպէյճանի ու Թուրքիոյ միացեալ ուժերով Արցախին դէմ շղթայազերծըւած պատերազմը եւ անոր յառաջացուցած մարդկային մեծաթիւ զոհերը, մեր նահատակներու արիւնով ազատագրուած հողերու գրաւումը, հոգեւոր կառոյցներու քանդումը ու հազարաւոր ընտանիքներու տեղահանումը մեր ժողովուրդին մօտ յառաջացուցած են խոր ընդվզում ու յուսաբեկում: Կարելի չէ առանց հաշուետուութեան, մեր ժամանակակից պատմութեան այս դառն ու մռայլ էջը դարձնել: Հարցումներ կան, որոնք պատասխանի կը սպասեն: Անորոշութիւններ գոյութիւն ունին, որոնք կը կարօտին յստակացման: Փոխադարձ մեղադրանքներ կը կատարուին, որոնք կարիքը ունին լուսաբանութեան: Հետեւաբար, Մեր սպասումն է, որ նոր ընտրուած Ազգային Ժողովը իր օրակարգի առաջնահերթ հարցերէն մէկը դարձնէ բոլոր խմբաւորումներէն բաղկացած յանձնաժողովի մը նշանակումը, որպէսզի ան կարենայ պատերազմին առնչուած բոլոր խնդիրները համապարփակ կերպով ու իրապաշտ մօտեցումով քննել եւ հրապարակային հաշուետուութիւն կատարել մեր ժողովուրդին:

բ) Մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը յատկապէս ներկայ տագնապալից ժամանակներուն անյետաձգելի հրամայական է: Իրաւ միասնականութիւնը տեսակէտներու միատեսակութիւն չէ, այլ բազմակարծիքութեան ներդաշնակումն է՝ ի սպաս ազգին ու հայրենիքին գերագոյն շահերուն: Նման միասնականութիւն կը դառնայ ամուր կռուան Հայաստանի պետութեան ամրացման, տոկուն յենարան իշխանությիւն-ժողովուրդ յարաբերութեան և զօրեղ նեցուկ՝ Հայաստանի արտաքին յարաբերութեան: Անհրաժեշտ է, որ ընտրապայքարի օրերուն ծաւալած քաղաքական վատառողջ մշակոյթն ու ներքաղաքական լարուածութիւնը տեղի տան իշխանութիւն-ընդդիմութիւն առողջ ու շինիչ քննադատութեան: Ա՛յս կը պահանջէ հայրենիքին շահը:

գ) Հայրենիքին նկարագիր ու դիմագիծ տուողը ժողովո՛ւրդն է, եւ ժողովուրդը իր իւրայատուկ ինքնութիւնը կ’արտայայտէ ու զայն կը պահէ անեղծ ժամանակի փոշիին դէմ՝ իր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներով: Ա՛յս կը յիշեցնէ մեզի մեր ”փոքր ածու“ին գոյատեւումը պատմութեան ահաւոր փոթորիկներուն դիմաց: Ներկայ ժամանակներուն, երբ համաշխարհային մշակոյթի ապազգային ”արժէքները“ սկսած են թափանցել ամէն տեղ, Մեր սպասումն է, որ Հայաստանի իշխանութիւնը, յատկապէս կրթական ու մշակութային կառոյցներու ճամբով մեր ժողովուրդը մղէ ամրօրէն կառչելու մեր ազգի ինքնութիւնն ու հզօրութիւնը երաշխաւորող արժէքներուն:

դ) Արցախը այսօր վիրաւոր է: Անոր ցաւը մեր ողջ ազգին ցաւն է: Մեր հաւաքական յանձնառութիւնը Արցախի անկախութեան նկատմամբ հարկ է պահել ամուր: Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը ո՛չ միայն Հայաստանի իշխանութեան առաջնահերթ հարցերէն մէկը պէտք է դառնայ, այլ նաեւ Սփիւռքին: Մեր ազգին հաւաքական ներուժը հարկ է ի սպաս դնել Արցախի անկախութեան ամրապնդման:

ե) Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը կենսական կարեւորութիւն ունի թէ՛ Հայաստանին, թէ՛ Արցախին եւ թէ Սփիւռքին համար: Մեր ազգի այս երեք միաւորներուն ներդաշնակ ու սերտ գործակցթուիւնը, բնականաբար դերերու բաժանումով ու առաջնահերթութիւններու յստակեցումով, կը նկատենք հրամայական: Այս շրջագծէն ներս համահայկական օրակարգի մշակումը Սփիւռքի գործօն մասնակցութեամբ կը նկատենք էական ու առաջնային:

զ) Արցախի պատերազմը եւ անոր հետեւող Հայաստան-Ազրպէյճան-Ռուսիա զինադադարի ստորագրութիւնը փաստօրէն ցուցանիշ է Կովկասէն ներս ստեղծուած աշխարհաքաղաքական նոր իրավիճակին: Ներկայ վտանգալից կացութիւնը կը պահանջէ, որ Հայաստանի անվտանգութեան ու հողային ամբողջականութեան նկատմամբ իշխանութիւնը ըլլայ զգօն ու անտեղիտալի: Հայաստանին համար վտանգաւոր զարգացումներով յղի շրջանի պարզած ներկայ իրավիճակը նաեւ կը պահանջէ ”Ո՛չ“ ըսելու վճռակամութիւն: Արդարեւ, պատմութեան ընթացքին մեծ կայսրութիւններու շահերու խաչմերուկին կռուախնձոր դարձած Հայաստանը իր գոյութիւնը պահեց, թէկուզ երբեմն վիրաւոր, ”Ո՛չ“ ըսելու իր հաւաքական քաջութեամբ:

է) Երբ այսօր Հայաստանը շրջապատուած է հին ու նոր ժամանակներու ցեղասպաններով, որոնք կը շարունակեն իրենց ծաւալապաշտական նկրտումները Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ անտեսելով իրենց յանձնառութիւնները ու միջազգային օրէնքի տրամադրութիւնները, անհրաժեշտ է որ հայոց բանակը դառնայ աւելի կազմակերպ ու մարտունակ: Նաեւ անհրաժեշտ է որ կարենանք մեր ռազմավարական բարեկամներու ու գործընկերներու ծիրը ընդլայնել: Մեր սպասումն է, Պրն. Վարչապետ, որ հակիրճ կերպով Ձեզի պարզած Մեր մտահոգութիւններն ու մտածումները կարեւորութեամբ նկատի ունենաք, որպէզի կարելի ըլլայ հաւավաքական ու հետեւողական ճիգով, խոհեմ ու պատասխանատու ոգիով մեր հայրենիքը առաջնորդել դէպի պայծառ ապագայ: Կ’աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ անսասան ու ապահով պահէ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնները եւ Ձեզի պարգեւէ իմաստութիւն ու կորով՝ Ձեր դժուար առաքելութեան մէջ»:
 

Արամ Ա շնորհավորական ուղերձ Նիկոլ Փաշինյան Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսարան

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին