f

Անկախ

Քաշաթաղից դուրս գալիս Տիգրանի ձեռքը չգնաց այրել տարիների քրտինքով ստեղծածը


1997 թվականին վերաբնակեցման ծրագրով Տիգրանենց բազմանդամ ընտանիքն Աշտարակից տեղափոխվեց Քաշաթաղի Գողթանիկ գյուղ։ Տիգրանն այդ ժամանակ տասը տարեկան էր։ Ընտանիքում 14 երեխա էին՝ 6 եղբայր, 8 քույր։ Քաշաթաղում ծնվեց փոքր եղբայրը։ Արցախ անվանակոչեցին։

Հետո մեծացան, ամեն մեկն իր ընտանիքը կազմեց ու շենացրեց հայկական ազատագարված տարածքները՝ կյանք ու սեր դնելով այդ հողերում։

2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո 23 տարվա ստեղծածն ու ջանքը «նվիրեցին» թուրքին ու դափ-դատարկ, հուսահատ ու կոտրված դուրս եկան։

Տիգրան Պողոսյանն արդեն 34 տարեկան է, 4 զավակ ունի, էլի զավակներ պետք է ունենար, բայց 2020 թվականի պատերազմը փոխեց բոլոր ծրագրերն ու երազանքները։ Այժմ փորձում է հարմարվել ստեղծված իրավիճակին կյանքը սկսել նորովի։ Առայժմ չի ստացվում։

«Ամեն ինչ զրոյից իմ քրտինքով էի ստեղծել,-ասում է,-իմ առանձին տունն ունեի, մեղվաբուծությամբ էի զբաղվում, հետո խոշոր եղջերավոր անասունների ֆերմա հիմնեցի, կամա-կամաց մեծացրի, 62 գլուխ խոշոր եղջերավոր ունեի։ Գյուղում առաջին «խելացի» գոմը կառուցեցի։ Խոշոր եղջերավորներից բացի նաև ձիեր, խոզեր ունեի։ Մեղվի փեթակներ ունեի երկու գյուղում, տարեկան միջինը կես տոննա մեղր էի ստանում։ Որ լավ տարի էր լինում, մինչև 800 կգ էլ էր դուրս գալիս։ Շատ գոհ էի, սիրում էի մեր գյուղն ու իմ գործը։ 2020-ին արդեն ուզում էի Ստեփանակերտում տուն գնել, ճիշտ է, գյուղից գնալու նպատակ չունեի, բայց ուզում էի քաղաքում էլ տուն ունենալ։ 2020 թվականին ամեն ինչ կորցրինք»։

Տիգրանը եղբայրների հետ կամավոր մասնակցել է թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմին և թե՛ վերջին պատերազմին։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ չեն կրել, միայն եղբայրներից մեկն է ծանր վիրավորվել։ Եղել են կռվի ամենաթեժ կետերում։ Եղբայրներից երեքը՝ այդ թվում և փոքր եղբայրը՝ Արցախը, ռազմաճակատում էին որպես պայմանագրային զինծառայողներ։ Մյուս չորսը հենց պատերազմի առաջին օրը կամավորագրվել են ու մեկնել ռազմաճակատ։

Տիգրանն ասում է՝ ապրիլյանի ժամանակ իրավիճակը մեր ձեռքերում էր, և մենք հաղթեցինք։ Իսկ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս նախ լռում է, հոգոց հանում ու ասում՝ էլի կհաղթեինք, եթե․․․

Եթեներն ու հարցերն այս պատերազմի դեպքում չափից դուրս շատ են։ Լինելով ռազմաճակատում՝ շատ բան իր աչքով է տեսել ու եզրակացություններն անում է տեսածի ու հասկացածի հիման վրա, ոչ թե տարատեսակ խոսակցությունների, ֆեյք լուրերի ու կեղծ քարոզչության։

«Այս պատերազմում էլ կարող էինք հաղթել, որովհետև ես շատ տարածքներում եմ եղել, մեզ հենց էնպես նահանջի հրաման էին տալիս՝ առաց կռվի։ Շատ տարածքներ առանց պատերազմի տվել ենք, խուճապից կամ միգուցե պայմանավորվածության արդյունքում, չեմ կարող ասել։ Մեր հետախուզությունը կապ էր տալիս, ասում էր էսինչ տեղը կուտակում կա, էնինչ տեղը կուտակում կա, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Տպավորություն էր, որ հատուկ թույլ են տալիս, որ արբեջանցիներն ազատ առաջ գան։ Համենայնդեպս, վերջում արդեն նրանց ուժերը բավականին թուլացել էին, հարձակման ուժ չունեին, մենք դժվարն անցել էինք, կարող էինք հակահարված տալ ու հետ վերցնել կորցրած տարածքները»։

Տիգրանը մինչև վերջ եղել է ռազմի դաշտում։ Տեսել է, թե ինչպես է կողքի դիրքը, որտեղ եղբայրն էր գտնվում, հրետակոծվում, և եղբորը, երկու ոտքը կոտրված, տեղափոխում են հիվանդանոց։

Նոյեմբերի 8-ին եկել էր տուն հանգստանալու և նորից մեկնելու։ Հիշում է՝ երեկոյան զանգեց եղբայրներից մեկին, որ իմանա, թե վիճակ է Շուշիում, եղբայրն այդ ժամանակ Շուշիի մոտակայքի բարձունքներից մեկն էր պաշտպանում։ Եղբայրը իրեն ասում է, որ ադրբեջանական շարասյունը հանգիստ բարձրանում է Շուշի։  Մինչ այդ մի անգամ փորձել էին բարձրանալ և մեծ կորուստներ կրելով նահանջել էին։ Այդ օրը, ինչպես եղբայրն էր պատմել, թշնամին հանգիստ բարձրանում էր Շուշի և դիմադրող չկար։

«Եղբայրս ասեց՝ Շուշին ոնց որ թե տալիս են։ Ասեցի՝ դժվար, ինչ ես ասում, կարողա թույլ են տալիս, որ առաջ գան, որ լավ ջարդեն, ո՞նց կարան Շուշին տան։ Ասեց՝ ախպեր, հենա ես տեսնում եմ, թե ոնց են բարձրանում, ոչ մի դիմադրություն էլ չկա»։

Նոյեմբերի 9-ի գիշերը Տիգրանի կյանքի ամենածանր օրն էր։ Խոստովանում է՝ միակ օրն էր, երբ հուզվել է, չի կարողացել զսպել արցունքները։ Այդ օրը պարզ դարձավ, որ ոչ միայն Արցախի մեծ մասն ենք կորցնում, այլև հանձնում ենք ազատագրված տարածքներն ու այն հողերը, որտեղ իր ողջ կյանքն ու երազանքներն է քար առ քար կառուցել։

Մինչև նոյեմբերի վերջը պիտի գյուղից դուրս գային։ Պատերազմի ընթացքում, երբ ռազմի դաշտում էր, կենդանիները ցիրուցան էին եղել, որոշները՝ կորչել։ Մի կերպ մի մասին հավաքում է, տեղում ջրի գնով վաճառում։ Մեղվի փեթակների մի մասը տեղավորում է, մի մասը՝ թողնում։ Տեղափոխելիս մեղուների մեծ մասը սատկում է։ Քաշաթաղում են թողնում նաև հայրական տունը, 4 եղբայրների և 3 քույրերի տները, անասնաբուծական ֆերման, հողատարածքները։ 

«Երբևէ չեմ հաշվել, թե ինչքան բան եք կորցրել։ Ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում հաշվել։ Ի՞նչ է դրանից փոխվելու»։

Հիշում է՝ պետությունը խոստացել էր մեքենաներ տրամադրել  իրերի  տեղափոխման համար։ Ասում է՝ էդպես էլ այդ մեքենաները չտեսան։ Հետո բենզինի կտրոններ տվեցին, որ իբր իրենց մեքենաներով տեղափոխեն։ Կտրոնները տվեցին, բենզինը՝ ոչ։ «Էդպես էլ այդ բենզինը չստացանք, չեկերը մեզ հիշատակ մնացին»։

Իրերը տեղափոխելիս մեքենան հենց Բերձորի ցուցանակի մոտ փչանում է։ Մի կերպ ուրիշ մեքենայով քաշում-հասցնում է Գորիս ու էնտեղ էլ ողջ ձմեռ թողնում։ «Գարնանը գնացի մեքենայի ու իրերի հետևից։ Իրերի մեծ մասը ցրտից ու ձյունից փչացել էր։ Դա էլ էդտեղ կորցրինք»։

Տիգրանը կնոջ ու չորս երեխաների հետ այժմ Երևանում է, բարեկամի տանն է հյուրընկալվել, մինչև հասկանան, թե ինչպես են կյանքը շարունակելու։ Առայժմ գոյատևում են պետությունից ու միջազգային կազմակերպություններից ստացվող նյութական փոքր աջակցություններով։

«Ես դեռ չեմ կարողանում այս իրավիճակին հարմարվել, ճիշտն ասած չեմ պատկերացնում, թե ինչով պիտի զբաղվեմ, հարմար աշխատանք էլ չեմ գտնել։ Քաղաքն ինձ հոգեհարազատ չի։ Ես գյուղն եմ սիրում։ Բացի դա, մինչև տան հարցերը չլուծվեն, ծրագրեր չենք կարող կազմել։ Իսկ պետությունից դեռ ոչ մի արձագանք չկա»։

Այս ընթացքում երկու անգամ կառավարության դիմաց բողոքի ցույց են արել փոխհատուցում ստանալու հարցի հետ կապված։ Առայժմ՝ ապարդյուն։ Պատրաստում են կրկին բողոքի ցույցի դուրս գալ․ «Էս անգամ թող ասեն՝ կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ։ Եթե մեր հարցը չեն լուծելու, մենք փորձենք հասկանալ՝ ինչ ենք անելու։ Էսպես չի լինի»։

Գյուղից դուրս գալուց առաջ շատերն իրենց տներն ու անասնագոմերն այրում էին, որ թուրքին չմնա։ Տիգրանի ձեռքը չգնաց, որ տարիների ստեղծածն իր ձեռքով այրի։ Ասում է՝ մեջս ուժ չգտա, էդպես էլ թողեցի, դուրս եկա։

Այն ժամանակ հոգու խորքում համոզմունք ու երազանք ուներ, որ մի օր վերադառնալու են։ Հիմա այդ երազանքը կամաց-կամաց մարում է։ Այլևս հույս չունի։ Բայց եթե վերադարձի հնարավորություն լինի, պատրաստ է կրկին նույն եռանդով ամեն ինչ զրոյից սկսել։

Տիգրան Պողոսյան 44-օրյա պատերազմ տեղահանվածներ խմբագրի ընտրանի Արցախ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին