Վարակաբան Դանիել Անդերսոնը, որը մինչև 2019 թ․ նոյեմբեր աշխատել է Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում, հայտարարել է, որ կարծում է, որ կորոնավիրուսի ծագումը բնական է: Նման հայտարարություն նա արել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Միևնույն ժամանակ, գիտնականը չի բացառում այն տեսությունը, որ COVID-19- ը տարածվել է Ուհանի լաբորատորիայում:
«Ես այնքան միամիտ չեմ, որ ասեմ, որ ամբողջությամբ բացառում եմ այս տարբերակը», - նշել է Անդերսոնը:
Նա վստահ է, որ վիրուսը հատուկ չի ստեղծվել մարդկանց վարակելու համար և կանխամտածված դուրս չի բերվել լաբորատորիայից:
Մասնագետի խոսքերով՝ հնարավոր է, որ գիտնականը վիրուսի հետ աշխատելիս կարող էր անգիտակցաբար հիվանդանալ, ապա ակամա վարակել ուրիշներին:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ նման հավանականությունը չափազանց փոքր է:
Հունիսին Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի առաջատար մասնագետ Շի Չժենլին հերքեց լաբորատորիայից նոր կորոնավիրուսային վարակի արտահոսքի տեսությունը: