Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր անվտանգության գոտին են։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, եթե դա տեղի ունենա, ապա մենք ստիպված կլինենք Ջերմուկ գնալ Ադրբեջանի տարածքով։
Նա նշեց, որ սահմանազատման մասին խոսելը վաղ է, պետք է լինի միայն շփման գծի ճշտում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ էության, պահանջում է ստորագրել փաստաթուղթ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։
«Պետք է պարզել, թե ինչ է խոստացել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում, քանի որ նա, վեց ամիս խնդրելով, նորից խաբեց ժողովրդին»,- ավելացրեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել էր, որ քարտեզով Բարխուդարլու, Սոֆուլու, Հեյրիմլի, Ոսկեպար անկլավները Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական տարածքներ են՝ չբացառելով, որ հանձնաժողովը, որը կարող է ստեղծվել, կարող է որոշել, որ դրանք հայկական են։
Նշենք, որ Ադրբեջանը Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը չի հանդիսանում եւ հղումները «խորհրդային սահմաններին» տեղին չեն։ Էլ ավելի մեծ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ կառավարող ուժի պատգամավորը չի նշում հայկական անկլավները։