Սյունիքից լուր ստացանք, որ ԵՄ մեկ տասնյակից ավել դեսպաններն այս պահին ուղեւորվում են Սեւ լճի տարածք, որպեսզի իրավիճակին մոտիկից ծանոթանան։ Դեսպաններին ուղեկցում է փոխարգործնախարար Ավետ Ադոնցը եւ բանակային առաջին կորպուսի հրամակազմի ներկայացուցիչներ։
Տեղեկացանք, որ դեսպանների այցն առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների է, ինչը վերջին պահին եղել է պաշտպանության նախարարության պահանջը, մինչդեռ արտգործնախարարությունը նախապես թույլտվություն է տվել տեղում աշխատանքներ իրականացնող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ։
Մինչդեռ ՊՆ-ն մի քանի օր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր բարձրանում Սեւ լճի տարածք, թույլ էր տվել փոխվարչապետի «փիառ-այցը» լուսաբանելու համար Հանրայինի եւ տեղի թերթերից մեկի լրագրողները բարձրանան՝ արգելելով միայն ոչ յուրային լրատվամիջոցների մուտքը այդ տարածք։
Ավելի վաղ գրել էինք, որ Սյունիք այցելած դեսպանները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի եւ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հետ, հանդիպմանը մասնակցել են նաեւ մի շարք զինվորականներ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Սեւ լճի տարածքում իրավիճակը մնում է անփոփոխ․ ադրբեջանական զինուժի խմբերը 3.5 կիլոմետր լճի տարածքով ներխուժել են ՀՀ սահման եւ հետ քաշվելու մտադրություն չունեն։