f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Կորոնավիրուսի վարակի թափը նվազում է, ընտրական գործընթացներինը՝ բարձրանում: Մինչ խորհրդարանում բեմականացնում են արտահերթ ընտրությունների օրինականացման սցենարը, դրսում դաշինքներ են ստեղծվում և վանկարկվում ապագա վարչապետի անունը: «Հայրենիքի փրկության շարժումը» փաստորեն ջլատվեց կամ փոխակերպվեց նախընտրական մրցավազքի:  Համենայն դեպս այն ուժերը, որոնք այդ շարժման մեջ էին և այժմ աշխույժ ներքաշվել են մրցապայքարում, սահուն կերպով մոռացության տվեցին այն կարևոր հանգամանքը, որ այդպիսով շարժվում են գլխավոր աղետաբերի օրակարգով, որ անընդունելի են այն ընտրությունները, որոնք տեղի կունենան նրա ղեկավարության օրոք: Հայաստանը շարունակում է քայլել վտանգավոր անդունդի եզրով:

Արտահերթ ընտրությունների գործընթացը

Երկուշաբթի սկսվեց Ազգային ժողովն արձակելու բեմականացման երկրորդ արարը։ Հատուկ նիստում, ըստ պայմանավորվածության, այնպես, ինչպես նախօրոք ներկայացրել էր  սցենարը Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրեց նրա թեկնածությունը և ձեռնպահ քվեարկեց: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, դա էլ սցենարով իրենց հատկացված դերն է:

Առաջադրված թեկնածուի ելույթը նվիրված էր կորոնավիրուսից պատվաստվելու քարոզչությանը: Իսկ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նա հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր դեռ նախորդ կառավարության օրոք, և առհասարակ  այն բոլոր ձախողումների պատասխանատուն, որոնք տեղի են ունեցել իր օրոք, նախորդ իշխանություններն են:

Առաջին նախագահի ուղերձը

Չորեքշաբթի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող սպառնալիքները։ Նա  հրապարակեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ մարտի 25-ի հանդիպմանը իր արած հայտարարությունը։ Իր, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անունից գրած հայտարարությունում նա առաջարկել էր միանալ և անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոնի՝ առաջիկա ընտրություններին մասնակցել իրենց  սատարող քաղաքական ուժերից, հասարակական կառույցներից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Երկրորդ և երրորդ նախագահների արձագանքից  պարզ դարձավ, որ ինչպես քննարկման ժամանակ, այնպես էլ տվյալ ուղերձի հրապարակումից հետո  չեն ընդունում առաջարկը:

Ուրբաթ առաջին նախագահը կրկին հանդես եկավ, այս անգամ էլ հայտարարելով, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով ընտրությունների գնալ ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով: Եվ կրկին մերժվել է: Այդուհանդերձ հրապարակեց չկայացած համաձայնության շարադրանքը, որում նա երկրորդ նախագահին վերագրում է ռևանշիստական նպատակ, դարձյալ կրկնում է երեք նախագահով դաշինք կազմելու առաջարկը, նաև շեշտում, որ այլապես երկրին սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

Չորեքշաբթի Ազգային ժողովը փակ նիստում քննարկեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Նախորդ օրը խորհրդարանի նախագահը փակ ձևաչափը պայմանավորեց զեկույցում առկա ռազմական գաղտնիք համարվող տվյալներով:

Զեկույցի ներկայացումից ու քննարկումից հետո այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում  կտրվեն քրեաիրավական գնահատականներ։ Գաղտնիքը՝ գաղտնիք, բայց հանրահայտ է, որ սույն հանձնաժողովը երեք տարի զբաղված էր Ապրիլյան պատերազմը որպես պարտություն որակելու գործով, երբ պատերազմը տևել էր 4 օր, այսօրվա իրավիճակի հետ համեմատած՝ նվազագույն մարդկային ու տարածքային զոհերով: Ադրբեջանը պարզապես հետ քաշվեց: Երեք տարի անց, այդ նույն քաղաքական ուժը, որ խայտառակ պարտության մատնեց երկիրը ահռելի մարդկային ու տարածքային կորուստներով, դեռ բարոյական իրավունք է վերապահում իրեն որակումներ տալու Ապրիլյան պատերազմին և այն անվանելու պարտություն: Բայց անհեթեթություններն այնքան շատ են ներկայիս Հայաստանում, որ այլևս ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում:

Մայիսի 9-ը

Եռատոնը՝ մայիսի 9-ը, ինչպես և սպասվում էր, այլևս տոն չէ, այլ սգո օր: Նախկինում էլ մարդիկ այցելում էին Եռաբլուր, հետո գնում էին մասնակցելու տոնակատարությանը: Հիմա, բնականաբար, միայն սուգն էր:

Սակայն, ամենայն հավանականությամբ ոչ պատահաբար, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքը Ազատության հրապարակում, որը բավական բազմամարդ էր (որոշ մոտավոր հաշվարկներով՝ 30-40 հազար մարդ), և շատերի համար հավանաբար օրն ավարտվեց բարձր տրամադրությամբ:

Նախ հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի առաջնորդները երթով միացան Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։ Երթի մասնակիցները վանկարկում էին «Դեպի ուժեղ Հայաստան», «Քոչարյան վարչապետ», «Քոչարյան հերոս»: Ներկայացվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համագործակցության հռչակագիրը: Ի թիվս խոստումների և հավաստիացումների, Ռբերտ Քոչարյանը հետհաշվարկ հայտարարեց «Շուշին հանձնած իշխանության համար»: Մնացել է 42 օր, հաջորդ օրը՝ 41, և այդպես շարունակ:

Գերիները

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները խոշտանգել ու սպանել են գերեվարության մեջ գտնվող 19 հայի՝ պարտերազմի ընթացքում ու դրանից հետո գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց: Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը հայտնեցին, որ խոշտանգումների և սպանությունների փաստերը ուղարկել են ՄԻԵԴ։ Նրանք նաև հրապարակեցին այդ գերիների անունները, 12 քաղաքացիական անձանցից 4-ը կանայք էին:

Չորեքշաբթի Ադրբեջանից հայրենիք վերադարձավ 3 ռազմագերի։ Նրանք Երևան ժամանեցին  ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռով։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը լրագրողներին հայտնեց, որ գերիները վերադարձվել են բացառապես ռուսական իշխանությունների և Մուրադովի ջանքերի շնորհիվ։ 

Հինգշաբթի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դարձյալ կոչ արեցին վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, արագորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը, ինչպես նաև փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կառույցների ներկայացուցիչների համար:

Քրեական գործեր և դատավարություններ

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն մեղադրանք է առաջադրել գեներալ Մովսես Հակոբյանին։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ: Հենց նրանից էր հանրությունը տեղեկացել առանց հրթիռ ՍՈւ-երի, չգնված ՏՈՌ-երի և պատերազմի ժամանակ բունկերում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի գտնվելու մասին։ Իր հարցազրույցներից մեկում գեներալը խոսել էր նաև Լելե Թեփեի հայտնի օպերացիայի մասին, դրա ձախողման մեջ անուղղակիորեն մեղադրելով Հայաստանի ղեկավարությանը։

Նույն օրը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ քրեական գործ  է հարուցվել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի կապակցությամբ: 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ կապված Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ, ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցելը, փաստաբանների բողոքից հետո գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել է գրեական գործ:

Երեքշաբթի վերաքննիչ վարչական դատարանը բավարարեց զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը։ Բանն այն է, որ գեներալի փաստաբաններ հայցը վարչական դատարանը վերադարձրել էր՝ արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Այդ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որն էլ  արձանագրել է, որ ակտ կա: Իսկ առհասարակ գեներալ-գնդապետ  Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել  վարչական դատարան՝ ընդդեմ նախագահի և վարչապետի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Երեքշաբթի Սյունիքում սկսվեց Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված երկու վարձկան  ահաբեկիչների դատավարությունը։ Քրեական գործով հիմնավորվել է, որ  Մուհամադ ալ-Շխերին և Յուսեֆ ալ-Հաջին, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերում, այլ լինելով Սիրիայի քաղաքացիներ, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

Լավրովի այցը

Չորեքշաբթի աշխատանքային մեկօրյա այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հինգշաբթի նա հանդիպեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, նաև բանակցություններ վարեց արտաքին գործերի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Չորեքշաբթի Արցախի Հադրութի շրջանի բնակիչները հավաքվել  էին արտգործնախարարության շենքի առջև և նամակ փոխանցեցին՝ նշելով, որ ցանկանում են հանդիպել Երևան ժամանող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ պարզաբանելու Հադրութից բռնագաղթված բնակչության հարցը.ինչ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում Արցախում բնակվողների համար: Մի հանգամանք, որ ցույց է տալիս՝ հայրենիքից, հայրենի տունուտեղից զրկված այս մարդիկ Հայաստանի ներկայիս իշխանության հետ որևէ հույս չեն կապում:

Հերթական հարձակումը մարդու իրավունքների պաշտպանի դեմ

Հինգշաբթի Ազգային ժողովի նիստում  իր տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ստիպված եղավ պատասխանել իր դեմ «Իմ քայլը» խմբակցության հերթական հարձակմանը, որ այս անգամ տեղի ունեցավ հանձին պատգամավոր Մարիա Կարապետյանի: Թաթոյանը հայտարարեց, որ սահմանի սահմանազատման գործընթացում անընդունելի մեխանիկական մոտեցումներ են օգտագործվում, պրոֆեսիոնալ մոտեցումները բացակայում են, համապատասխան հանձնաժողովների աշխատանքը չի իրականացվում, նախնական գույքագրում և մարդկանց կարիքների գնահատում չի կատարվում, կոպտորեն խախտվում են Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, քանի որ նրանք զրկվել են իրենց հողերից և տներից: Նա քննադատեց նաև Հանրային հեռուստատեսությանը, որը Սյունիքում իրավիճակի վերաբերյալ իր հայտարարություններից գրեթե ոչ մեկը չի լուսաբանել: Թաթոյանին անմիջապես հարցազրույցի հրավիրեց Հանրային հեռուստատեսության լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը և ցույց տվեց, թե ինչպես է լրագրողը իսպառ զրկվում իր մասնագիտական որակներից, երբ դառնում է իշխանությունների, առհասարակ որևէ քաղաքական ուժի սպասարկուն: Տխուր տեսարան էր: Դա հարցազրույց չէր, այլ բառի բուն իմաստով «ռազբորկա», թեև նրա հաձակուներին արժանի պատասխան տալով՝ Թաթոյանը շարունակ կոչ էր անում վերադառնալ մասնագիտական մակարդակի:

Համավարակը

Շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 217008-ի, այսինքն՝ 3539-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Սա նշանակում է, որ նախորդ շաբաթվա համեմատ՝ նոր վարակակիրների թիվը նվազել է 1112-ով (նախորդ շաբաթվա ընթացքում նոր վարակակիրների թիվն ավելացել էր 4651-ով): Փաստորեն օրական վարակվել է միջինը մոտ 505 մարդ՝ նախորդ շաբաթվա 650-ի դիմաց: Վարակի թափը շարունակում է իջնել: Ամենից քիչ նոր վարակվածներ, ինչպես ամեն շաբաթ,  հայտնաբերվել են երկուշաբթի՝ 145 մարդ, ամենից շատ՝ չորեքշաբթի՝ 493:

Մի շաբաթվա ընթացքում բուն կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 95-ով՝ հասնելով 4234-ի: Շաբաթվա վերջի տվյալներով՝ մինչ օրս ևս 1039 վարակված մարդու մահվան պատճառը համարվել է այլ հիվանդությունը (շաբաթվա ընթացքում՝ 15), ըստ այդմ՝ մինչ օրս կոնորավիրուսով վարակվածների մահացության թիվը հասել է 5273-ի: Փաստացի օրական կորոնավիրուսից մահանում է միջինը 15 մարդ նախկին 20-ի փոխարեն:

Անցած շաբաթ «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը հրապարակեց «Իշխանության ձախողված «պայքարը» ֆիլմը՝ փաստերով ցույց տալով, որ այդ «պայքարը» ի սկզբանե նպաստել է վարակի տարածմանը, իսկ հետագա բոլոր միջոցառումների  նպատակը եղել է ոչ այնքան վարակի հետևանքների մեղմացումը, որքան չարաշահումներով այդ «պայքարի» համար հատկացված դրամական միջոցները քամուն տալը կամ գրպանելը:

 

 

 

 

 

անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին