f

Անկախ

Ամերիկյան ապաշխարանքը կամ ռուսական սփոփանքը. ինչպես ցեղասպանության ճանաչումը կազդի Թուրքիայի ուղղության վրա. Carnegie Moscow Center


Թուրք առաջնորդը սովոր է ամերիկյան քննադատությանը, անգամ՝ խիստ ու հրապարակային: Նրա ցասումի պոռթկումները լավ հաշվարկված են և պատահում են միայն այն ժամանակ, երբ կարող են իրեն հասկանալի, շոշափելի օգուտ բերել: Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ դեպքը չէ, դա Թուրքիայի մեծ ինքնուրույնության ուղղությունը չի թեքի ո՛չ ամերիկամետ, ո՛չ ռուսամետ կողմը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փակեց հայկական էջը ամերիկա-թուրքական հարաբերություններում. պաշտոնապես  1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչեց ցեղասպանություն: Այժմ ամեն ապրիլի 24-ին թուրքերն ուշադիր չեն հետևի անդրօվկիանոսյան նախագահի արտահայտություններին:

Անկարան իհարկե վիրավորվեց. Բայդենի խոսքը հրապարակային ապտակ էր:

Հիմա բոլորը գուշակում են, թե ինչպես կպատասխանի Էրդողանը, զգացական բռնկումո՞վ, թե՞ Ռուսաստանի հետ մերձեցման նոր պտույտով: Սակայն թուրք առաջնորդի արձագանքն առայժմ շատ ավելի զուսպ ու ռացիոնալ է, քան կարելի էր սպասել մի քաղաքական գործչից, որը հայտնի է իր խստությամբ ու ցասկոտությամբ:

Ի շարս վիրավորանքների

Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց ի վեր գործոն է դարձել միջազգային քաղաքական բանավեճերում: Մինչ այս ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն ընդունել էին համապատասխան բանաձևեր, Եվրոպայի շատ երկրներ նույնպես 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն էին ճանաչել: Էլ չասենք, որ Ռուսաստանը՝ Թուրքիայի գլխավոր  տարածաշրջանային գործընկերներից մեկը, պաշտոնական ճանաչումով հանդես է եկել դեռ 1995 թվականին, բայց դա չի ազդում երկու երկրների ռազմավարական գործընկերության վրա:

Ուշագրավ է, որ Բայդենը նախապես հեռախոսով հայտնեց Էրդողանին իր մտադրության մասին: Այդ լուրը հայտնվեց ԶԼՄ-ներում և չտարածվեց պաշտոնական ալիքներով, բայց հերքում էլ չեղավ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամլո հաղորդագրությունն այդ հեռախոսազրույցի արդյունքների մասին բավական չոր ու պաշտոնական է հնչում և առհասարակ չի հիշատակվում ցեղասպանության թեման: Հավանաբար  Բայդենը ցանկացել է, անձամբ նախազգուշացնելով, առավել վստահելի ձևով հասկացնել Էրդողանին, որ ԱՄՆ-ն լրջորեն դժգոհ է Թուրքիայի գործողություններից:

Այսպես թե այնպես, թուրքական իշխանությունները պատրաստ գտնվեցին դեպքերի նման շրջադարձին: Անկարայի արձագանքը ոչնչով չէր տարբերվում նախկինում ուրիշ պետությունների համանման որոշումներին տված պատասխաններից: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Բայդենի արարքը խախտում է փոխադարձ վստահությունը, հարիր չէ գործընկերության ոգուն, սխալ է: Այս ամենը սովորական ձևակերպումներ են, որոնք լսվել են բազմիցս:

Էրդողանը նույնպես Բայդենի խոսքի իր առաջին արձագանքով չզարմացրեց: Հայտարարեց միայն, որ վշտացած է ստեղծված իրավիճակից, հերթական անգամ հարաբերությունների հետընթաց արձանագրեց և երկար-բարակ պրոֆեսորական ոճով բացատրեց, թե ինչու է դա վատ արարք:

Անկարայի նման զսպվածությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ցեղասպանության ճանաչումը բնավ առաջին խնդիրը չէ թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք արդեն մի քանի տարի ճգնաժամի մեջ են: Այդ հարաբերությունները լի են շատ ավելի գործնական դժվարություններով ու հակասություններով. խոսքը և՛ սիրիական հարցի մասին է, և՛ քրդական խնդրի, և՛ Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմա-տեխնիակական համագործակցության մասին:

Վաշինգտոնը սկսեց ճնշել Անկարային այդ հարցերի հետ կապված տարաձայնությունների պատճառով դեռ նախագահ Թրամփի օրոք: ԱՄՆ-ն հանեց Թուրքիային F-35 կործանիչի արտադրության ծրագրից ռուսական Ս-400-ները գնելու պատճառով, լրացուցիչ տուրքեր մտցրեց թուրքական ներկրումների համար, պատժամիջոցներ սահմանեց որոշ թուրք քաղաքական գործիչների ու ընկերությունների նկատմամբ: Անկարան դժգոհ էր նաև այն պատճառով, որ ամերիկացիները պաշտպանում են սիրիական քրդերին և անտեսում են Ֆեթուլլահ Գյուլենի թեման, որը, թուրքական իշխանությունների կարծիքով, 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հանցակից է:

Սակայն, մեծ հաշվով, ամերիկյան ճնշումն այդ բոլոր ուղղություններով Թուրքիայի վրա որևէ ավերիչ ազդեցություն չէր թողնում: F-35 նախագծից թուրքերի հեռացումը, Patriot զենիթային համալիրները վաճառելուց, տեխնոլոգիաները մատուցելուց հրաժարվելը Թուրքիայի պաշտպանության համակարգի զարգացման ճգնաժամ չհարուցեցին:

Նրա անօդաչուները վերջերս ցույց տվեցին իրենց արդյունավետությունը Ղարաբաղում և Լիբիայում, դրանցով հետաքրքրված են այլ երկրներ, օրինակ՝ Ուկրաինան: Թուրքական բարձր ճշգրտության զենքը հաջողությամբ կիրառվում է քրդերի դեմ, և այն ցանկանում են գնել արտասահմանում: Թուրքերը զբաղված են իրենց ՀՕՊ-ի ստեղծմամբ՝ դիմելով Ռուսաստանի օգնությանը: Արդեն իսկ ձեռք բերված արդիականացված ամերիկյան կործանիչները դեռ կթռչեն, այնպես որ F-35 նախագծի մասնակցության կորուստը կարող է այնքան էլ ծանր չլինել:

Ավելին, չնայած ճնշմանը, Թուրքիան ԱՄՆ-ի համար ավելի ու ավելի նվազ հարմար դաշնակից է դառնում: Նա չի շտապում դիմել ԱՄՆ-ին Սիրիայում օգնելու համար, այլ ակտիվ համագործակցում է Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացում: Էրդողանը կամ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն մի օրով Սոչի են մեկնում՝ քննարկելու տարածաշրջանի հրատապ թեմաները:

Թուրքերը պայմանավորվել են Լիբիայի հետ ծովային սահմանների դեմարկացիայի հարցում: Ակտիվ որոնումներ են սկսել Կիպրոսի ծանծաղուտի վիճելի ջրատարածություններում, որտեղ նաև արևմտյան նավթագազային ընկերությունները հետաքրքրություններ ունեն: Ղարաբաղում Թուրքիան արագորեն կոնֆլիկտի ու հետագա կարգավորման մասնակից դարձավ՝ առանձնապես չհամակարգելով իր գործողությունները դաշնակից ԱՄՆ-ի հետ: Նման համակարգում չի երևում նաև Ղրիմի և Ուկրաինայի հարցում:

Թուրքիայի ինքնագլխությունը խիստ անհանգստություն է պատճառել Վաշինգտոնին դեռ Թրամփի օրոք: Այդ անհանգստությունը կրկնակի մեծացավ Բայդենի օրոք, որը խոստանում է վերականգնել հին միությունները և Ամերիկային վերադարձնել բարոյական առաջնորդությունն աշխարհում: Սակայն Միացյալ Նահանգներն առայժմ զգուշանում է Թուրքիային  լրջորեն ճնշելուց և առավել ևս այնքան կարևոր դաշնակցի հետ հարաբերությունները խզելու ռիսկից: Ուստի գործի են դրվում  ցեղասպանության ճանաչման տիպի միջոցներ. մի կողմից՝ բավական աղմկոտ, որպեսզի առանց ուշադրության չմնա, մյուս կողմից՝ սահմանափակ գործնական հետևանքներով: Դրանք պետք է հիշեցնեն թուրք ղեկավարությանը Վաշինգտոնի դժգոհության մասին և այն, որ կարող է ավելի վատ լինել:

Ցասումի ժամանակը չէ

Սակայն, իրադարձության ամենայն ակնբախությամբ հանդերձ, Բայդենի ներկայիս հայտարարությունը  ինչ-որ կարևոր նշաձող չէ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում: Սա հերթական սրսկումն է ցավոտ կետին, որը դառնացնում է թուրքերին: Ոչ ավելին: Հաջորդիվ կարող են հետևել վճռական քայլեր, կարող են նաև պայմանավորվելու փորձեր լինել: ԱՄՆ-ն արդեն պարզաբանել է, որ ցեղասպանության ճանաչումը որևէ կերպ չի անդրադառնա Թուրքիայի հետ ռազմական համագործակցության վրա, և ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ կապերն ամրապնդելու հույս է հայտնել:

Ամենայն հավանականությամբ այն չի անդրադառնա նաև ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Վերջին տարիներին Թուրքիայի և Ռուսաստանի կապերը վերածվել են չափազանց բարդ ու բազմաբաղադրիչ կառույցի, որպեսզի  հնարավոր լինի դրանում հեշտ ինչ-որ բան փոխել:Մի կողմից՝ երկու երկրների միջև շատ չլուծված խնդիրներ ու տարաձայնություններ կան: Մյուս կողմից՝ Էրդողանը և Պուտինը լավ են հասկանում միմյանց, նույն կերպ են նայում աշխարհին և անձամբ շատ բան են ներդրել գործընկերություն հաստատելու համար: Այդ պայմաններում անգամ ուժեղ ազդանշանը Վաշինգտոնից չի ստիպի Անկարային կտրուկ փոխել ուղղությունը. ո՛չ փախուստ կլինի Մոսկվայի գիրկը ի տես ամերիկացիների, ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ մեղայական մերձեցում Ռուսաստանի հետ խզման հաշվին:

Ամերիկացիների կողմից ցեղասպանության ճանաչումը ավելի շատ կարող է ազդել Ռուսատանի հարաբերությունների վրա, բայց ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի հետ: Հայերի համար ցեղասպանության թեման նվիրական է և ազգային ինքնության հիմքերից մեկն է դարձել: ԱՄՆ-ն իր ճանաչումով ցույց տվեց հայերին, որ  ոչ միայն Ռուսաստանը, այլև Միացյալ Նահանգներն է պատրաստ հասկանալու և պաշտպանելու նրանց սկզբունքները: Երկրում ընթացող  նախընտրական քարոզարշավի համադրությամբ դա կարող է Հայաստանում ամերիկյան ներկայության նոր խթան դառնալ, թեպետ դա հեշտ չի լինի, եթե հաշվի առնենք, որ Երևանն այժմ շատ-շատ է կախված Մոսկվայից թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության ոլորտում:

Իսկ ահա Էրդողանը կարող է չմտահոգվել, որ չափազանց թույլ արձագանքը ցեղասպանության ճանաչմանը կարող է խնդիրներ առաջացնել ներքին քաղաքականության մեջ: Նա հիմա իր կարիերայի գագաթնակետում է, նրա իշխանությունը երկրում առավելագույն է: Նա հսկում է խոշորագույն քաղաքական կուսակցությանը, որը հաջողությամբ պահպանում է միասնությունը՝ չնայած որոշ խմորումներին կուսակցական շարքերում: Նրա ձեռքում են խոշոր բիզնեսի զգալի մասը, արդյունաբերական կոնգլոմերատները, մեդիան:

Էրդողանն արդեն բառեր չի ընտրում՝ հանդես գալով միջազգային հարթակներում այն կապակցությամբ, թե ինչը դուր չի գալիս ամերիկյան քաղաքականությունից: Նա թելադրում է ամերիկյան բիզնեսի՝ Google-ի, Twitter-ի, Apple-ի կարգի հսկաներին, թե ինչպես վարեն գործերը երկրում և ում հաշվետու լինեն. հարաճուն թուրքական շուկայի գրավչությունը՝ 80 մլն հնարավոր հաճախորդների չափերով, հնարավորություն են տալիս նրան անելու դա:

Թուրք առաջնորդը սովոր է ամերիկյան քննադատությանը, անգամ՝  խիստ ու հրապարակային: Նրա ցասումի պոռթկումները լավ հաշվարկված են և պատահում են միայն այն ժամանակ, երբ իրեն հասկանալի, շոշափելի օգուտ կարող են բերել: Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ դեպքը չէ,  այն Թուրքիայի մեծ ինքնուրույնության քաղաքականությունը չի թեքի ո՛չ ամերիկամետ, ո՛չ ռուսամետ կողմը:  

Կիրիլ Ժարով

Հոդվածը հրապարակվել է «Ռուսաստան-ԱՄՆ երկխոսություն. սերունդների հերթափոխ» նախագծի շրջանակներում: Հոդվածում շարադրված հայացքներն արտահայտում են հեղինակի անձնական կարծիքը:

Աղբյուրը՝ Carnegie Moscow Center

 

Աշխարհում ԱՄՆ Թուրքիա Ռուսաստան Հայոց ցեղասպանության ճանաչում

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին