f

Անկախ

ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ ՈՍԿԵՄԱՏՆ ԱՆԱՀԻՏ. այսօր Մայրության և գեղեցկության տոնն է


Անահիտը հայոց Մայր դիցուհին է՝ մայրության, պտղաբերության, խոհեմության աստվածուհին, մայրն ամեն բարիքի: Նա հայոց մայրաքաղաքների հովանավոր աստվածուհին էր, և անահտական տաճարներ կային հայոց բոլոր մայրաքաղաքներում: Այդ իսկ պատճառով հայոց գլխավոր՝ արքայանիստ քաղաքը մայրաքաղաք է կոչվում: Իսկ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Երիզան էր՝ Բարձր Հայքի Եկեղյաց գավառում՝ Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքի մոտ գտնվող մի բարձր բլրի վրա: Մինչև 301 թ. գավառը կոչվել է Անահտական:

Անահիտի տաճարում կանգնած էր Մայր դիցուհու ոսկյա արձանը, որի համար էլ Անահիտը հայոց աղբյուրներում հիշատակվում է նաև Ոսկեծղի, Ոսկեմայր, Ոսկեմատն անվանումներով: Անահիտը հայտնի էր նաև Մեծ տիկին անվամբ:

Մ.թ.ա. 34 թ. հռոմեական զորքերը, Մարկոս Անտոնիոսի հրամանատարությամբ, ներխուժում են Հայաստան: Հռոմեացիները գրավում են Երիզան, ավերում և կողոպտում հայոց տաճարները: Նրանք ավարառում են նաև Անահիտի հսկայական ոսկեձույլ արձանը: Հռոմեացի լեգեոնականները ջարդում են արձանը, մասնատում, բաժանում իրար մեջ: Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ խնջույք է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքը եղել է առաջինը արձանի վրա հարձակվողներից և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։

Պատմությունն ավանդում է, որ այն զինվորները, որոնք մասնակցել են այդ բարբարոսությանը, նախ կուրացել, ապա խելագարվել ու մահացել են: Հռոմեացիների ավերածություններից հետո, հավանաբար, Արտաշես Երկրորդի օրոք, Երիզայում դարձյալ կանգնեցվել է Անահիտ աստվածուհու ոսկե արձանը: Ինչպես նշում է Ագաթանգեղոսը, երբ Գրիգոր Լուսավորչի գլխավորած հրոսակները մտնում են Երիզա, ավերում են այն և կործանում Անահիտի ոսկյա արձանը:

Հետագայում՝ XIX դարում, Երզնկայի մոտ՝ Եփրատի ափին, հայտնաբերվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձուլ արձանի գլուխն ու ձեռքերը, որոնք տարան Անգլիա և այժմ պահպանվում են Բրիտանական թանգարանում:

Անահիտին նվիրված հայոց տաճարներում շատ են եղել ոսկե, արծաթե, բրոնզե, քարե արձաններ: Հայոց տաճարների հարստության և շքեղության մասին շատ վկայություններ կան անգամ ասորական տարեգրությունում: Սակայն, ինչպես նշում է Ագաթանգեղոսն իր պատմության մեջ, 301 թ. Գրիգոր Պարթևի հրամանով դրանք բարբարոսաբար ավերվեցին ու թալանվեցին, հայոց տաճարները պղծվեցին, քարուքանդ եղան և այրվեցին:

Անահիտի պաշտամունքի գլխավոր սրբավայրերից էր նաև Մեծամորը՝ հայոց Էթիունի երկրի մայրաքաղաքը: Մեծամորում՝ ամենաբարձր վայրում՝ բլրի վրա, Անահիտի տաճարն է եղել:

Հնագիտական պեղումների ժամանակ այստեղ բազում ֆալոսներ հայտնաբերվեցին, որ նույնպես պտղաբերության դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին են առնչվում: Վահագն ռազմաստծու պաշտամունքից հետո Անահիտի պաշտամունքը Հայաստանում երկրորդն էր:

Հայերն Անահիտին նվիրված շատ տոնակատարություններ են ունեցել, գլխավորը Զատիկն է: Քանի որ Մայր դիցուհին պտղաբերության, ծնունդի տիրուհին էր, նրա խորհրդանիշը հատիկն էր: Եվ զատիկ բառն առաջացել է հատիկից՝ զհատիկ: Անահիտի խորհրդանիշն էր Հազարան հավքը՝ սիրամարգը, որի փետուրների նմանությամբ ներկվում էին զատկական ձվերը:

Ավանդության համաձայն՝ մի ժամանակ Մասիսի գագաթին բույն է դրել Հազարան հավքը, որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատյան աշխարհով, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա:

Անահիտ աստվածուհու խորհրդանշանն է նաև արագիլը: Հայոց մեջ «արագիլը երեխա բերեց» արտահայտությունը գալիս է վաղնջական շրջանից՝ Անահիտ դիցուհու պաշտամունքից:

Մարտի 21-ին, երբ հայությունը տոնել է Ամանորը կամ Վահագնի ծնունդը, դարձյալ փառաբանել են Անահիտ աստվածամորը: Այդ օրը հայերը զարդարել են Կենաց ծառը Հազարան հավքի գույնզգույն ձվերով, գունեղ ժապավեններով, որ բնության զարթոնքի և գարնանամուտի խորհուրդն ունի:

Անահիտ աստվածուհուն է նվիրված նաև հայոց Արաց ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 7-ը, երբ հայությունը նշել է մայրության օրն ու խնկարկել Մայր դիցուհուն:

Անահիտին նվիրված տոնին հայերը տաճարին ծաղիկներ, ծառի ճյուղեր են ընծայել: Հայոց Կենաց ծառի գաղափարը նույնպես առնչվում է Անահիտի պաշտամունքին: Մայր դիցուհու պատկերը դրամների վրա, արձաններում երբեմն քանդակված էր նաև գլխին ծաղկեպսակով: Անահիտին էին նվիրված նաև Խաղողօրհնեքը, որպես բերքի տոն, ինչպես նաև՝ Տրնդեզը, որ միաժամանակ պարունակում է Վահագնի, Անահիտի և Տիրի պաշտամունքի տարրերը: Խաղողօրհնեքին Անահիտին է ընծայվել առաջին պտուղը: Հայոց քրմերը փառաբանման և անդաստանի ծես են կատարել հայոց այգիներում, դաշտերում, ապա սկսվել է բերքահավաքը: Խաղողօրհնեքը համաժողովրդական տոն է եղել, որին մասնակցել են արքայից մինչ շինական:

Տոնն ուղեկցվել է խաղերով, երգերով, պարերով, առատ ու ճոխ սեղաններով, խնջույքով:

Առհասարակ, հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա տասնիններորդ օրը նվիրված էր Մայր դիցուհուն և կոչվում էր Անահիտ:

Անահիտական տաճարներում օրիորդաց դպրանոցներ են գործել, որտեղ հայուհիները՝ շինականից մինչ արքայադուստր, սովորել են տնարարություն, արհեստներ, որպեսզի հասուն տարիքում արդեն պատրաստ լինեն ոչ միայն ամուսնության, մայրության, այլև ըստ հարկի կրեն ընտանիքի հոգսը: 301-ին Հայաստանում կրոնական հեղաշրջում կատարվեց և քրիստոնեությունը ճանաչվեց որպես հայոց պետական կրոն:

Հայությունն ընդդիմացավ: Երկրում պատերազմ սկսվեց, բայց ուժերն անհավասար էին: Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն քարուքանդ արեց հայոց տաճարները, ավերեց ամենը, այլև մահվան սպառնալիքով մարդկանց արգելում էր պաշտել հին աստվածներին: Եվ հայոց դիցերի պաշտամունքը հայությունը խորհրդանիշների, անգամ կենցաղային իրերի ձևով պահպանեց երկար դարեր:

Անահիտի պաշտամունքը մնաց կուժերի, կարասների, աղամանների խորհրդանշաններով: Անահիտի խորհրդանշանն է նաև նուռը:

Անահիտի պաշտամունքին վերագրվող ծիսական, պաշտամունքային շատ տարրեր 301 թ. հետո վերագրվեցին Հիսուս Նազովրեցու մորը՝ Մարիամին: Մոր պաշտամունքը, մոր նկատմամբ սերն ու հարգանքը հայերը պահպանեցին և պահում են մինչ այժմ:

Աշխարհում բնակվող ազգերի մեջ հենց հայերն են, որ մորն ու մայրությունն ընկալում են որպես սրբություն սրբոց, և դա Անահիտ աստվածուհու պաշտամունքից է գալիս: Բոլորովին անտեղի է այն գիտնականների և կրոնավորների պնդումը, թե Անահիտի պաշտամունքը հայերը վերցրել են Իրանից: Դրա հերքումը տարրական է. պարսիկների մեջ այսօր շատ անձնանուններ կան, որոնք կապված են իրենց նախաիսլամական հավատալիքների հետ, բայց ոչ մի պարսիկ Անահիտ անունը չի կրում: Հետևաբար, հենց հայերից է Անահիտի պաշտամունքը տարածվել պարսիկների մեջ:

Զավեշտալի է նաև Անահիտ աստվածուհու կերպարի նույնացման փորձերը հունահռոմեական Աֆրոդիտեի, Աթենասի կամ Արտեմիսի հետ: Հունահռոմեական դիցարանի աստվածներն աչքի չեն ընկնում բարեպաշտությամբ և առաքինությամբ: Նրանք փոքրոգի են, ստոր, անառակ, արյունարբու: Այլ է Անահիտի և, առհասարակ, հայոց դիցերի պարագան: Անահիտը, որպես Մեծ մայր, առաքինի ու բարեպաշտ տիրուհի է:

Եթե հունահռոմեական աստվածուհիները թե՛ ավանդապատումներում, թե՛ նյութական մշակույթի շատ տարրերում հանդես են գալիս Էրոսի կամ արական այլ կերպարի հետ, ապա Անահիտ աստվածուհին թե՛ դրամների վրա, թե՛ կախազարդերում և արձաններում հանդես է գալիս բացառապես միայնակ կամ երեխայի հետ: Եվ հայերի ու եվրոպացիների վերաբերմունքը դեպի ծնողը հենց մայր դիցուհիների պաշտամունքից է գալիս: Սուրբ ու պարկեշտ է հայոց Մայր դիցուհին, բնականաբար, մայրը սրբություն սրբոց է ամեն հայի համար:

Կարծում եմ՝ տեղին չէ նաև Անահիտին վաղ շրջանում ռազմի աստվածությունը վերագրելը: Հայոց արժեհամակարգում կինը չէր կարող ռազմի աստվածուհի լինել, մանավանդ, որ մենք Վահագնի պաշտամունք ենք ունեցել: Թյուրիմացությունն այն է, որ Անահիտը որոշ դեպքերում պատկերված է նիզակով: Բայց նիզակը միշտ չէ, որ կարող է ռազմի նշան համարվել: Հայոց տաճարների գլխին նիզակ է եղել՝ դեպի վեր ուղղված: Այն նաև հոգևոր նշանակություն ունի, երբեմն՝ իշխանության: Գրիգոր Տաթևացին իր երկերում գրում է, որ հայոց արքաները զորություն էին խնդրում Անահիտից ռազմադաշտ գնալուց առաջ:

Սակայն դա էլ հիմք չէ պնդելու համար, թե Անահիտը ռազմաստված է: Ամեն ոք կարող է մոր բարեմաղթանքն աղերսել պատերազմից առաջ: Անհեթեթություն է նաև Անահիտին նույնացնել հայոց ընտանեկան օջախի պահապան Նանեին: Ագաթանգեղոսն իր պատմության մեջ հստակ զանազանում է նրանց՝ նշելով թե՛ Անահիտի, թե՛ Նանեի անունները: Ոմանք Անահիտին նույնացնում են հունական հաղթանակի դիցուհի Նիկեի հետ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ պարսկական հին պատկերաքանդակներում պարսից արքաներին իշխանության դափնեպսակները հանձնում է Անահիտ աստվածուհին: Բայց կարծում եմ՝ դա ևս հիմք չէ Անահիտին ու Նիկեին նույնացնելու համար: Նախ՝ Անահիտի պաշտամունքը հազարամյակների խորքից է գալիս, իսկ հունական Նիկեն բավական երիտասարդ է Անահիտի համեմատ: Բացի այդ, դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա. մայրն իրավասու է իր որդուն դափնեպսակ և իշխանություն հանձնելու:

Շատերն այսօր կեղծ տեղեկություններ են տարածում Հայքի անահիտական տաճարներում հետերիզմի՝ ծիսական պոռնկության մասին: Սակայն դա էլ հիմնավորված և փաստված չէ: Հետերիզմը տարածված էր Ասորիքում, Փյունիկիայում, բայց ոչ արի երկրներում՝ Հայքում և Իրանում: Եթե Հայաստանում լիներ հետերիզմ, ապա վաղ քրիստոնեական շրջանի պատմիչները դա անպայման կարձանագրեին՝ նշելով, թե քրիստոնեությունը բարոյականացրեց հայերին:

Ավելին, Ագաթանգեղոսը, որ քրիստոնեության առաջին մունետիկն է հայ պատմագրության մեջ, նշում է, որ Անահիտը մայրն էր բոլոր առաքինությունների:

Վահե Լորենց

Ապրիլի 7 Մայրության և գեղեցկության տոն Անահիտ աստվածուհի խմբագրի ընտրանի անցյալից Հայոց պատմություն Վահե Լորենց

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին