Հայաստանում իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձերի՝ 100 տոկոսով բարձրացումն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոստիկանությանը կաշառելու փորձ է: Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Դա, նրա կարծիքով, նախընտրական քայլ է: «Իշխանություններին ընտրական գործընթացում ոստիկանության հավատարմությունն անհրաժեշտ կլինի: Ավտորիտար ռեժիմներին հավատարիմ ոստիկաններ են անհրաժեշտ: Սակայն պետք է նշել, որ որոշ զինծառայողների արդեն մի ամիս աշխատավարձ չեն վճարում: Այս համեմատությունը շատ բան է ասում»,- ասաց պատգամավորը: