Շատ միջազգային կառույցներում Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բացասական կարծիք է ձեւավորվել եւ շարունակում է ձեւավորվել: Այս մասին մարտի 25-ին «Հայելի»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:
«Կարելի է սխալվել, բայց ընդունել ու ուղղել սխալները: Արտասահմանում այն տպավորությունն է խորանում, որ այս կառավարությունը իրավական պետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր մի քանի ընկերներին արդեն կանչել են իրավապահ մարմիններ միայն «Ֆեյսբուքում» անզգույշ արտահայտությունների համար: «Հոգեկան խանգարումները սահմաններ չունեն: Անհնար է իմանալ, թե ինչ գործողություններ կլինեն՝ հատկապես, եթե մարդու ձեռքին իշխանություն կա»,- նշեց Թորոսյանը: Նա որպես չկշռադատված գործողությունների վառ պատկեր նշեց Ինտերպոլի պատասխանը Հայաստանի իշխանությունների՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձին:
Փաստաբանի գնահատմամբ՝ Հայաստանում շատ խախտումներ կան: «Երկու տարի շարունակ հեռատես քաղաքականություն չի վարվել եւ հատկապես իրավունքի ոլորտում: Իշխանություններն ուղղակի չեն մտածում վաղվա օրվա մասին»,- արձանագրեց իրավաբանը՝ հիշեցնելով հեղափոխության համակիրների եւ Փաշինյանի ագրեսիվ ռեակցիան չնչին քննադատությանն ու անհամաձայնությանը: